ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով դատավորին ճնշման ենթարկելու, դատավորին ուղղորդելու համար բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության, որովհետև այլ կերպ լինել չի կարող: Թող որևէ մեկը չմտածի, որ կարող է խուսափել պատասխանատվությունից: Խնդիրը նրանում է, որ բացի իրենցից պատասխանատվության են ենթարկվելու նաև նրանք, որոնք փորձում են կոծկել դա: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2018թ սեպտեմբերի 11-ին մամուլում տվյալներ էին հրապարակվել ԱԱԾ այն ժամանակ դեռևս տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման մասին, հրապարակվել էր նաև ձայնագրությունը։ Զրույցի ընթացքում վերջիններս քննարկում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը, որից հետեւում էր, որ Քոչարյանի գործով քննարկվել, որոշ դատավարական գործողություններ համաձայնեցվել են Փաշինյանի հետ։ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր երկու քրեական գործ, որոնցից մեկը ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը)։ Այսօր հայտնի դարձավ, որ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով հարուցված քրեական գործը կարճվել է մոտ մեկ տարի առաջ՝ 2020թ. փետրվարի 4-ին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հանցակազմի բացակայություն։
Փաստաբան Հայկ Ալումյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ բոլորը, որոնք գործով ճնշման են ենթարկել դատավորին, կապ են ունեցել դատավորի հետ, մասնակցել այդ ընթացքին, ենթարկվելու են քրեական պատասխանատվության:
«Անգամ կարող եմ ստորագրել: Խոստանում եմ՝ նրանք ենթարկվելու են պատասխանատվության ոչ թե նրա համար, որ ես եմ դրան հասնելու, այլ՝ այդպես չի կարող լինել »,- նշեց Ալումյանը՝ ընդգծելով, որ տարբերությունը միայն նրանում է, թե պատասխանատվության կենթարկվեն իրենք իրենցով, թե նաև նրանք, որոն հետագայում կոծկել են:
Ինչ վերաբերում է քրեական գործին, Ալումյանը նշեց, որ ոչ մի անգամ հստակ չի ասվել, թե ինչի վերաբերյալ է գործը քննվում, ինչ գործողություններ են արվում, միայն մեկնաբանություններ են եղել այն բնույթի, որ իրենք փնտրում են այն անձանց, որոնք գաղտնալսել են խոսակցությունը, սակայն իրենք չպետք է փնտրեն գաղտնալսող անձանց, այլ՝ պատասխանատվության ենթարկեն այն անձանց, որոնք հեռախոսազրույցի ընթացքում խոստովանել են, որ դատավորի նկատմամբ ճնշումներ են գործադրել և այն անձանց, որոնց հանձնարարությամբ է ճնշում գործադրվել:
«Հիշու՞մ եք ՝ գաղտնի նկարահանում կար, թե ինչպես էին ոստիկանությունում մի անձի խոշտանգում: Պատկերացրեք, եթե քրեական գործը հարուցվեր ոչ թե խոշտանգման փաստի առթիվ, այլ այն հանգամանքի առթիվ, թե ով է գաղտնի ձևով ոստիկանությունում նկարահանել խոշտանգման գործընթացը: Երևանի կմտածեիք, որ այդ գործ հարուցողն ապուշ է և Դուք ճիշտ կլինեիք, եթե այդպես մտածեիք»,- նշեց Ալումյանը՝ հավելելով, որ հիմա նույն բանն է արվում, թողել են դատավորի նկատմամբ ճնշման փաստը, գործ էին քննում, թե ով է եղել գաղտնալսողը և ինչ իրավունքով է գաղտնալսել: Ալումյանի խոսքով՝ եթե դատավորի նկատմամբ ճնշման վերաբերյալ թեման փորձեցին փակել, իրենք ոչ թե կհասնեն նրան, որ անձինք կազատվեն քրեական պատասխանատվությունից, այլ՝ հետագայում քրեական պատասխանատվությանը ենթարկվելիք անձանց քանակը կշատացնեն՝ իրենք իրենց անձով, կհարստացնեն այդ ցուցակը:
Դիտարկմանը, որ վերջին շրջանում տարբեր տեսանյութեր են տարածվում Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի կողմից տարբեր գործերով ապօրինի միջամտության դեպքերով, այսինքն՝ երևույթը համակարգային բնույթ ունի և հարցին՝ կարող ենք արձանագրել, որ գործ ունենք քաղաքական կոռուպցիայի հետ, Ալումյանը դրական արձագանքեց՝ նշելով, որ եթե որոշ մարդիկ մնում են իրենց պաշտոններում կամ նշանակվում են պաշտոնների պայմանով, որ պետք է ծառայեն իրենց պաշտոի նշանակողների նեղ անձնական շահերին կամ իրենց լիազորությունների իրականացումից զատ կատարեն իրենց պաշտոնում նշանակող անձի քմահաճույքները, ապա դա իհարկե կոռուպցիայի դրսևորում է:
«Պարտադիր չէ, որ մեկը մյուսից փող վերցնեն: Այն, որ մեկն իր ծառայություններն է առաջարկում՝ օրենքով չնախատեսված գործողություններ կատարել պայմանով, որ իրեն ինչ-որ մի տեղ կնաշանակեն աշխատանքի կամ կպահեն այդ աշխատանքում, դա ինքն իրենով կոռուպցիա է, իհարկե»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է քրեական գործերով միջամտությունների համակարգային բնույթին, փաստաբանն նկատեց, որ դա այն բանը չէ, որ որևէ մեկը կասկածի տակ է դնում, սակայն խնդիրը նրանում է, որ երբևիցե դա այդ աստիճանի դրսևորված չի եղել, այս աստիճանի անթաքույց և այս մասշտաբների չի եղել:
«Միշտ բողոքել ենք այդ երևույթի դեմ: 2018թ մարդկանց զգալի մասը հենց այդ երևույթից զզված է դուրս եկել փողոց՝ հույս ունենալով, որ այս նորերը դա կբացառեն, այնինչ՝ ստացանք այդ երևույթի շատ անգամներ ավելի ծանր դրսևորումներ»,- եզրափակեց Ալումյանը: