Լիանա, վիտիլիգոն դարձել է քո արտաքին յուրահատկություններից մեկը, բայց գաղտնիք չէ, որ սկզբում ինքդ էլ շոկ ես ապրել, երբ առաջին անգամ բախվել ես դրան: Ինքնուրո՞ւյն ես կարողացել հաղթահարել այդ փուլը, թե՞ եղել են մարդիկ, պատմություններ, որոնք քեզ ոգեշնչել են եւ օգնել նայել հարցին այլ տեսանկյունից:
Կարելի է ասել՝ ինքս իմ մեջ դա հաղթահարել եմ՝ մասնակցելով գեղեցկության մրցույթին. դա եղավ 2017 թ-ին, երբ դեռ շատ էի բարդութավորվում եւ ամեն կերպ փորձում էի ծածկել դա: Հատուկ արհեստական արեւայրուք էի ընդունել, որպեսզի մաշկիս գունային տարբերությունը չերեւար: 2017 թ-ի մրցույթին հենց այդպես եմ մասնակցել, բայց 2019-ին այդպես չարեցի… Իսկ երբ հաղթեցի «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթում, ցանկացա դրա մասին խոսել, բարձրաձայնել այդ թեման, քանի որ ինքս շատ լավ գիտակցում էի խնդիրները, անցել էի դրա միջով: Վիտիլիգոն չունի պատճառ, գենետիկ չի փոխանցվում ու ցանկացած պահի ցանկացածի հետ կարող է պատահել:
Փոքր տարիքում մարդիկ շատ ավելի դժվար կարող են դա հաղթահարել, եւ դա գիտակցելով՝ ուզում էի լինել օրինակ, ցույց տալ, որ ես գեղեցկուհի եմ, բայց ես էլ ունեմ վիտիլիգո, եւ որ տարբերվելը բնավ չի նշանակում, որ դու գեղեցիկ չես: Ուզում էի, որ իմ օրինակը ոգեշնչում լիներ մարդկանց համար: Կարծում եմ՝ ինձ մոտ դա ստացվեց, որովհետեւ շատ նամակներ էի ստանում թե´ երիտասարդ աղջիկներից, թե´ մայրիկներից, որոնց երեխաները մանկապարտեզում արդեն բախվել են այդ «խնդրին»… Ուրախացա, որ նպատակիս հասել եմ եւ, նույնիսկ, միջազգային բեմից եմ բարձրաձայնել այդ մասին: Մինչ այդ՝ ես համարձակություն չունեի, անգամ, հարազատներիս հետ այդ մասին կիսվելու, եւ երբ բարեկամներս, ընկերներս այդ թեմայով հարցնում էին, փորձում էի շրջանցել դա՝ ասելով, թե արեւահարվել եմ, շուտով կանցնի, որովհետեւ վախենում էի, որ արձագանքը դրական չի լինի:
«Գեղեցկությունը կփրկի աշխարհը» կարգախոսն, ըստ երեւույթին, վերաբերում է նաեւ գեղեցկուհիների ծավալած գործունեությանը. դու քո վիտիլիգոյի պատմությամբ արդեն ոգեշնչել ես շատերին, փոխել նրանց մտածելակերպն ու կյանքի որակը: Էլ ո՞րն ես համարում քո առաքելությունը` որպես «Միսս Աշխարհ Արմենիա» տիտղոսակիր գեղեցկուհի:
Գեղեցկությունը, միանշանակ, կփրկի աշխարհը, միայն, թե պետք է ճիշտ հասկանալ այդ առաքելությունը: Բացի վիտիլիգոյի մասին խոսելուց՝ ես ունեմ եւս մեկ շատ մեծ առաքելություն, որը որոշել եմ անպայման իրագործել: Խոսքը լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար մասնագիտական կրթություն աահովելն է՝ նրանց համար քոլեջ բացելը: Այս պահին իմ գերնպատակն այդ միտքն է, ու ամեն ինչ կապված է դրա հետ, ինչը փորձում եմ փոքր-փոքր քայլերով իրագործել ու վստահ եմ, որ կստացվի:
Ամբողջությամբ՝ news.am