Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ մի շարք պետությունների հետաքրքրվածությանը: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Անդրկովկասում հայտնվել է նոր փոքր տարածաշրջան, որը միանգամից գրավում է մի քանի երկրի ուշադրությունը: Խոսքը Հայաստանի Սյունիքի մարզի մասին է: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` այդ տարածքով պետք է անցնի Բաքուն Նախիջևանի անկլավի հետ կապող ճանապարհը: Ինչպես օրերս հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այս նախագիծը կյանքի կկոչվի «ուզի դա Հայաստանը, թե ոչ»: Բացի այդ, նա նշել է, որ այդ ժամանակ «ադրբեջանցի ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր»: Մինչդեռ այս հողի վրա ապրում են Հայաստանի ներկայիս իշխանություններին թերևս ամենաանհավատարիմ մարդիկ: Փորձելով շտկել իրավիճակը, չորեքշաբթի Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սյունիք: Ընդունելությունն անբարյացակամ էր:
Ռադդ քաշի՛ր, դավաճան
Ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը նոր փորձ է կատարել վերադարձնելու Սյունիքի բնակիչների համակրանքը. այս տարածաշրջանը համարվում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմից առավել շատ տուժածներից մեկը, ուստի` ամենաընդդիմադիր շրջանը: Վերջին անգամ Նիկոլ Փաշինյանը փորձել էր այնտեղ հասնել 2020-ի դեկտեմբերին՝ պարտությունից անմիջապես հետո: Բայց բողոքողները, որոնց բացահայտորեն աջակցում էին տեղական իշխանությունները, պարզապես փակել էին ճանապարհը, և Փաշինյանը ստիպված է եղել սահմանափակվել միայն շրջանի ամենահյուսիսում գտնվող Սիսիան քաղաք այցելությամբ:
Մինչև 2020 թվականի պատերազմը սյունեցիների վիճակը համեմատաբար հանգիստ էր. արևելքից նրանք շատ ֆորմալ սահման ունեին չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, հարավից`Իրանն է, և միայն արևմուտքից` Ադրբեջանի անկլավ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը: Բայց նույնիսկ սա մեծ անհանգստություն չէր առաջացնում, քանի որ պատերազմող երկրները բաժանված էին դժվարհաղթահարելի լեռնաշղթայով: Այժմ ադրբեջանական դիրքերը տեղակայված են նաև արևելքից՝ ուղիղ Հայաստանի Գորիս և Կապան քաղաքները կապող ճանապարհի երկայնքով: Այս երթուղու վրա գտնվող որոշ գյուղեր նույնիսկ կիսվել են, քանի որ, ըստ խորհրդային քարտեզների, դրանք կանգնած են հենց Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների սահմանին:
Նիկոլ Փաշինյանի ներկայիս մարզային այցը նախորդից ավելի հաջող էր. այս անգամ նրան գոնե հաջողվեց անցնել Սյունիքի քաղաքներով:
Սակայն հաջողություններն այսքանով ավարտվել են: Չնայած Փաշինյանն ակնկալում էր անսպասելի ժամանել, որպեսզի ցուցարարներին թույլ չտա կողմնորոշվել, դա հնարավոր չեղավ. ԶԼՄ-ներն ու տելեգրամյան ալիքները պատմել էին նրա ծրագրերի մասին դեռևս չորեքշաբթի գիշերը:
Նախ Փաշինյանի ավտոշարասյունը կանգ է առել Շուռնուխ գյուղում: Այդտեղ 10-ից ավելի ընտանիք ստիպված էր լքել իրենց տները, քանի որ նրանք հայտնվել էին Ադրբեջանի տարածքում, և այժմ այդ մարդիկ սպասում են նոր բնակավայրերի կառուցմանը: Փաշինյանը, զրուցելով մի քանի բնակիչների հետ, թիկնապահների ուղեկցությամբ շտապ մեկնել է Հայաստանի ամենահարավային քաղաքներ՝ Ագարակ և Մեղրի, որտեղ էլ տեղի են ունեցել հիմնական իրադարձությունները:
Զայրացած քաղաքացիները սուլոցներով ու վիրավորանքներով են դիմավորել ավտոշարասյունը: Երբ Նիկոլ Փաշինյանը փորձել է քայլել փողոցներով, մարդիկ բղավել են, որ նա «թուրք» է ու «դավաճան»: Հնչել է նաև թուրքերեն «սիկտիր» բառը (ռադդ քաշիր), որը հայերն օգտագործում են, երբ ցանկանում են հատկապես ծանր վիրավորել ինչ-որ մեկին: Եվ երբ ավտոշարասյունը փորձել է շարժվել դեպի տեղի գերեզմանատուն, բնակիչները պարզապես ընկել են առջևում ընթացող մեքենայի վրա. «Արի այստեղ, որպեսզի ծնողները (զոհված զինվորների) թքեն երեսիդ»:
Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ Փաշինյանը շտապ Սյունիք է կանչել ոստիկանապետ Վահե Ղազարյանին և Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանին: Իսկ Ազգային անվտանգության ծառայության պետական հսկողության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի բաճկոնի թևը, դատելով կադրերից, պատռել էին:
Ուժայիններին հավաքելով Կապան քաղաքի վարչակազմի շենքում` Փաշինյանը պահանջել է հարձակվողներին պատասխանատվության ենթարկել:
Ինչպես հաղորդել են հանրապետության քննչական կոմիտեում, քրեական գործ է հարուցվել «խուլիգանություն, որն ուղեկցվում է անձի նկատմամբ բռնության գործադրմամբ կամ դրա օգտագործման սպառնալիքով և կատարվել է բացառիկ ցինիզմով» հոդվածով: «Պատիժը պետք է լինի խիստ և ծայրաստիճան երևացող հասարակության համար»,-հանդիպման ժամանակ ասել է Փաշինյանը:
Կապանի վարչակազմի շենքի մոտ Նիկոլ Փաշինյանը սելֆի էր արել մի աղջկա հետ: Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն այս պահը անվանել է ջերմ ընդունելություն և հավելել, որ «այն, ինչ տեղի է ունեցել Ագարակում և Մեղրիում, հայտնի շրջանակների գործն է և ոչ մի կապ չունի Ագարակի և Մեղրիի բնակիչների հետ»: Ճիշտ է, տհաճ միջադեպերն այսքանով էլ չեն ավարտվել. երբ ավտոշարասյունը վերադառնում էր Շուռնուխով անցնող ճանապարհով, դրա վրա ձվեր էին նետում` չնայած ռուս խաղաղապահների ուղեկցությանը:
Գժտության միջանցք
Սյունիքի մասին, նույն ժամանակ խոսվում էր նաև Բաքվում: Ապրիլի 20-ի երեկոյան նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել պետական հեռուստատեսությամբ, որտեղ խոստացել է ամեն գնով բացել Զանգեզուրի միջանցքը, այսինքն՝ Խորհրդային Միության ժամանակաշրջանի Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան տանող երկաթուղին: Այժմ երկաթուղու այս հատվածի գծերը ապամոնտաժված են, բայց դրանց վերականգնումը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ համաձայնագրի պահանջն է: «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը»,-ասվում է փաստաթղթի կետերից մեկում:
Ճիշտ է, այս համաձայնագրերի իրագործումը դանդաղ է ընթանում:
Այս հարցի շուրջ Հայաստանի գլխավոր բանակցողը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, վերջերս բացառել է, որ հնարավոր է Մեղրիով բացել առանձին միջանցք՝ առանց ապաշրջափակելու մնացած բոլոր տրանսպորտային ուղիները, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության ժամանակներում: Նման քայլն իր հերթին ձեռնտու է Հայաստանին, քանի որ այն թույլ կտա երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ:
«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագա շահերին,-իր հերթին ասել է Իլհամ Ալիևը:- Զանգեզուրի միջանցքը մենք կյանքի ենք կոչելու, ուզենա Հայաստանը, թե ոչ: Եթե նա ուզենա, ուրեմն մենք ավելի հեշտ կլուծենք հարցը, եթե չուզենա, կլուծենք ուժով: Ճիշտ այնպես, ինչպես պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում, ես ասացի, որ նրանք պետք է իրենց կամքով ազատեն մեր հողերը, հակառակ դեպքում մենք նրանց բռնի ուժով կվտարենք: Եվ այդպես էլ եղավ: Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը նույնն է լինելու»: Դրանից հետո Ալիևը ավելի հեռուն է գնացել և ասել է, որ «այսպիսով ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր, որը 101 տարի առաջ խլել էին նրանից»:
Նա նկատի ուներ քաղաքացիական պատերազմի իրադարձությունները, երբ Հայաստանն ու Ադրբեջանը անկախության շատ կարճ ժամանակահատվածում պայքարում էին այս տարածաշրջանի համար: Հայաստանի համար դա կարևոր նշանակություն ուներ Իրանի հետ սահմանի, իսկ Ադրբեջանի համար՝ Նախիջևան և Թուրքիա ցամաքային միջանցքի տեսանկյունից: Բայց այդ ժամանակ Գարեգին Նժդեհի գլխավորությամբ հայկական զորքերը հաղթանակ տարան, իսկ բոլշևիկների գալուց հետո այս տարածքը մնաց Խորհրդային Հայաստանին: Ճիշտ է, դրանից հետո բավականին շատ ադրբեջանցիներ ապրում էին Սյունիքի մարզում, մինչև 1987 թվականը, երբ միջէթնիկական հակամարտությունը բռնկվեց նոր թափով:
Երևանում «ադրբեջանցիների Զանգեզուր վերադարձի» մասին բառերը, ինչպես և սպասվում էր, ընկալվել է որպես տարածքային պահանջ: Դրանք դատապարտվել են ինչպես Հայաստանի արտգործնախարարության, այնպես էլ Փաշինյանի կողմից:
«Այս հայտարարությունները սադրանք են: Դրանք պետք է պատշաճ ուշադրություն, արձագանք և հակազդեցություն ստանան, այդ թվում միջազգային հարթակներում, մեր դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից: Եթե Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, ապա նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել «Նախիջևանի միջանցքի», «Հարավային Ադրբեջանի միջանցքի» մասին»,-ասել է Փաշինյանը:
Համաձայն այս պայմանագրի և հրապարակված փաստաթղթերի ՝ Ադրբեջանը կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպիսին Հայաստանը կարող է ստանալ Ադրբեջանի և Նախիջևանի տարածքով»:
Բայց Բաքվում պատասխանել են, որ դա ամենևին այդպես չէ: «Մենք կցանկանայինք հրավիրել նրանց ուշադրությունը, որոնք ցանկանում են մեկնաբանել մեր պետության ղեկավարի տեսակետները, որ ապրիլի 20-ին կայացած հարցազրույցում Ադրբեջանի նախագահը խոսել է Հայաստանում Ադրբեջանի դեմ հնարավոր ռևանշիզմի և մեր տարածքային ամբողջականության հնարավոր սպառնալիքների մասին», – «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան: Նա ավելացրել է. «սա ազգային պաշտպանության հարց է, ազգային անվտանգության հարց»: