Սննդակարգի երկու ոճ, որոնք բարձրացնում են սրտի վտանգավոր հիվանդությունների ռիսկը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Սննդակարգի երկու ոճ, որոնք բարձրացնում են սրտի վտանգավոր հիվանդությունների ռիսկը. հետազոտություն

Օքսֆորդի համալսարանի մասնագետները կազմել են մթերքի ցանկ, որոնց կանոնավոր օգտագործումը կապված է սրտանոթային հիվանդությունների եւ վաղաժամ մահվան հետ:

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ՝ «սեւ ցուցակում» են հայտնվել շոկոլադն ու այլ քաղցրավենիքները, կարագն ու սպիտակ հացը, ինչպես նաեւ քաղցր ըմպելիքներն ու ջեմերը: Այդ եզրակացությունը նրանք արել են 37-73 տարեկան 116 806 բրիտանացու առողջական վիճակի ուսումնասիրման արդյունքում:

Սննդակարգի համալիր հետազոտությունը թույլ է տվել որոշել սնվելու երկու ոճ, որոնք բարձրացնում են սրտանոթային հիվանդությունների զարգացման եւ վաղաժամ մահվան ռիսկը: Առաջինի համար բնորոշ է շոկոլադի եւ այլ հրուշակեղենի մեծ քանակությունը, կարագն ու սպիտակ հացը թարմ մրգերի եւ բանջարեղենի փոքր քանակությամբ: Երկրորդի դեպքում բարձր ռիսկ է ենթադրում քաղցր առանց ալկոհոլային խմիչքները, մրգային հյութն ու ջեմերը, շոկոլադը, կոնֆետները, շաքարն ու պանիրը:

Սննդակարգի առաջին ոճն ավելի հաճախ դիտարկվում է 60 տարեկանից երիտասարդ տղամարդկանց շրջանում, որոնք ծխում են եւ չեն զբաղվում սպորտով: Նրանք նաեւ հաճախակի տառապել են ավելորդ քաշով կամ հիպերտոնիայով: Այդ խմբի մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը եղել է բարձր՝ ի տարբերություն 60 տարեկանից բարձր անձանց, որոնք չեն ունեցել ավելորդ քաշ կամ ճարպակալում եւ պահպանել են առավել առողջ կենսապերպ:

Սննդակարգի երկրորդ ոճը բնորոշ է կանանց: Չնայած հետազոտության մասնակից կանանց մեծամասնությունը չի ծխել եւ ունեցել է համեմատաբար ավելի բարձր ֆիզիկական ակտիվություն՝ նրանք ունեցել են խոլեստերինի համեմատաբար բարձր մակարդակ, ավելորդ քաշ, դիաբետ եւ հիպերտոնիա:

news.am