Gogetnews.info-ն գրում է, որ չիչխանը ոչ միայն համեղ է, այլև հակաբորբոքային ու հակաբակտերիալ հատկություններ ունի։
Չիչխանը, հատկապես՝ դրա պտուղների յուղը, օգտագործվում է բուժիչ նպատակներով։ Այն ներառված է ստամոքսի խոցի ու գաստրիտի բուժման համար նախատեսված դեղամիջոցների բաղադրության մեջ։ Այն օգտագործվում է նաև վնասվածքների ու այրվածքների բուժման համար նախատեսված միջոցների պատրաստման ընթացքում, քանի որ չիչխանի յուղն օգնում է մաշկի ապաքինմանը։ Դրանից պատրաստվում են կոսմետիկ միջոցներ զգայուն և բորբոքված մաշկի խնամքի համար։
Չիչխանի պտուղները պարունակում են A, K, B խմբի վիտամիններ, օգտակար են սրտի ու անոթների առողջության համար։ Այն ակտիվ նյութեր է պարունակում, որոնք ազդում են՝ որպես բնական հակաբիոտիկներ։ Դրանք օգտակար են բորբոքային հիվանդությունների և մրսածության դեպքում։
Սակայն մասնագետները խորհուրդ չեն տալիս չիչխան օգտագործել այն անձանց, ովքեր լյարդի, լեղապարկի սուր հիվանդություններ ունեն։
Չիչխանից կարելի է համեղ մուրաբա պատրաստել։ 1 կգ չիչխանին հարկավոր է ավելացնել 1.3-1.5 կգ շաքարավազ։ Լվացեք չիչխանն ու չորացրեք։ Որպեսզի պտուղներն ավելի արագ չորանան, կարող եք փռել անձեռոցիկի վրա։ Չորանալուց հետո չիչխանը լցրեք մեծ տարայի մեջ, ավելացրեք շաքարը, լավ խառնեք, թողեք 4-5 ժամ։ Եթե հյութը շատ քիչ է, կարող եք եփելուց առաջ կես բաժակ ջուր ավելացնել։
Դրեք կրակին, եռացրեք, այդ ընթացքում խառնեք։ Անջատեք կրակը, թողեք 12 ժամ։ Կրկին եռացրեք։ Ստացվածը լցրեք ստերիլ տարաների մեջ, հերմետիկ փակեք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը