Փաշինյանը մեծ կեղծի՞ք է պատրաստում. politik.am
Advertisement 1000 x 90

Փաշինյանը մեծ կեղծի՞ք է պատրաստում. politik.am

Դասական առումով ընտրությունները որեւէ պետության կյանքում համարվում են ամենից կարեւոր գործընթացներից մեկը։ Ընտրությունների որակից է կախված թե տվյալ պետությունը որքանով է կայացած, որքանով քաղաքականապես հասուն հասարակություն ունի, կամ կայացած ինստիտուտներ։ Իսկ ընտրությունները որպես այդպիսին այլ բան չեն, քան հասարակության հավաքական կամարտահայտման ձեւ, երբ քաղաքացիները ընտրում են թե տեսանելի ապագայի որոշակի ժամանակահատվածի համար ինչպիսի ապագա են ուզում կերտել կամ ինչպիսի ներկա են ուզում ունենալ։ Այն ըստ էության մրցապայքար է քաղաքական ուժերի եւ գաղափարների միջեւ։ Սակայն Հայաստանում, որը այդպես էլ քաղաքական համակարգի կայացման չհասավ, ինչպես բոլոր բաները, այնպես էլ ընտրությունները աղճատված են լինում սովորաբար։

Այստեղ ոչ թե գաղափարների, այլ անձերի պայքար է, ու եթե օրինակ Միացյալ Նահանգներում կա որոշակի կոնսենսուս իշխանության եւ ընդդիմության միջեւ, եւ փոխնեփոխ հանրապետականներն ու դեմոկրատները գալով իշխանության երկիրն առաջ են տանում, ապա Հայաստանում ընդդիմության եւ իշխանության միջեւ կա անհաշտ թշնամանքի հասնող ատելություն եւ մեկմեկու բացառելու տրամադրվածություն, որտեղ կոնսենսուսի մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է, եւ որտեղ իշխանությունը ձգտում է ամեն գնով վերարտադրվել, իսկ ընդդիմությունը հասնել իշխանության։ Ու հենց այսօրինակ նեգատիվ մթնոլորտում է, որ ընտրությունները սկսում են արժեզրկվել, պետության դեմոկրատական զարգացումը կանգ է առնում, ինստիտուտները մնում են չկայացած իսկ քաղաքական համակարգը կիսատ պռատ, հասարակությունն էլ քաղաքականապես թերհասուն։ Սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները բացառություն չեն լինելու։ Ու պատահական չէ, որ արդեն մամուլում եւ տարբեր ռեսուրսներում սկսել են խոսել հնարավոր կեղծիքների մասին։

Նիկոլ Փաշինյանն իհարկե, չի վարանի անել ամեն բան, որպեսզի վերարտադրվի. դա նրա համար այժմ թիվ մեկ կենսական անհրաժեշտության հարցն է։ Ու դրա համար նա կգործադրի իր «զինանոցում» ունեցած բոլոր միջոցները։ Եթե հնարավոր ընտրակեղծիքներին անդրադառնանք, ապա բնականաբար նա չի անի օրինակ կոպիտ լցոնումներ․ նման բան նույնիսկ միջինասիական բռնակալություններում եւ Բելառուսում այլեւս չեն անում, սակայն կարող է բավականին «մանեւրել» ժողովրդագրական պատկերի առումով, կամ որ նույնն է՝ ընտրողների թվի հետ կապված։ Այսպես, արդեն որոշակի հարցերի տեղիք է տալիս այն, որ ըստ ԿԸՀ-ի հրապարակման, որի հիմք է հանդիսացել ՀՀ Ոստիկանության տվյալները, Հայաստանում կա 2 միլիոն 583 հազար 823 ընտրող։

2018 թվականի համեմատ, այս տարի ընտրությունների քվեարկելու իրավունք ունի 10 հազար ավել քաղաքացի։ Սակայն սա այն դեպքում, երբ 2020 թվականին գրանցվել է ամենաբարձր մահացության ցուցանիշը սկսած 1988 թվականից, երբ 35 հազար մարդ այն ժամանակ զոհվել էր Սպիտակի երկրաշարժի հետեւանքով։ Իսկ 2020-ին, հաշվի առնելով 44-օրյա պատերազմը եւ կորոնամահերը, գրանցվել է ընդհանուր առմամբ 35,371 դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 35 տոկոսով կամ 9185 դեպքով։

Սա արդեն հետաքրքիր է, որովհետեւ պատերազմում զոհվածները ընտրելու իրավունք ունեցողներն են, կորոնավիրուսից մահացածների մեծ մասն էլ չափահասներ են, ու ինչպես է ստացվել, որ դրան գումարած նաեւ բնական սերնդափոխությամբ պայմանավորված մահացությունները, ընտրողների թիվը ավելանում է 10 հազարով։ Սա պետք է ոլորտի մասնագետները ուսումնասիրեն թերեւս եւ վերցնեն հսկողության տակ, որպեսզի Փաշինյանը չկարողանա ենթադրյալ ժողովրդագրական թվանկարչությամբ իր վերարտադրությունն ապահովել։ Ի դեպ հետաքրքիր է, որ 2018-ին էլ 2017 համեմատ էր 10 հազար ավել քաղաքացի քվեարկելու իրավունք ունեցել:

politik.am