Մատի ու մատանու արանքում. ինչո՞ւ են ՔՊ-ում դժգոհ Հայկ Մարությանից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Մատի ու մատանու արանքում. ինչո՞ւ են ՔՊ-ում դժգոհ Հայկ Մարությանից. armeniasputnik.am

Երևանի ավագանու ներկայացուցիչները տարբեր կերպ են մեկնաբանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, թե Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախընտրական փուլում պասիվություն է ցուցաբերել և չի աջակցել այն թիմին, որի շնորհիվ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով` Հարությունյանի ասածներին պետք է ըմբռնումով մոտենալ։

«Այն, որ իրենց դժգոհությունը տվյալ պարագայում պայմանավորված է Մարությանի` ընտրություններին ՔՊ-ին չաջակցելով, հասկանալի է, որովհետև 2018 թվականին որևէ այլ քաղաքական ուժի կողմից առաջադրվելով Մարությանը չէր կարող դառնալ քաղաքապետ»,- Sputnik Արմենիային ասաց նա։

Պաշտոնավարման ամբողջ ընթացքում Խաժակյանը չի դադարել Երևանի քաղաքապետին անգործության մեջ մեղադրել ու նրա կատարած աշխատանքների վերաբերյալ կոշտ քննադատությամբ հանդես գալ։ Նրա խոսքով`պատկերը բոլորովին այլ կլիներ, եթե Մարությանը լավ կառավարիչ և քաղաքապետ լիներ։

«Չեմ գտնում, թե Մարությանը, շարունակելով պաշտոնավարել, կարող է օգուտ բերել քաղաքին։ Ընտրությունները եղել են համամասնական, քաղաքապետը`որպես անձ, առաջնային մանդատ չի ունեցել, հետևաբար քաղաքապետի փոփոխությունը քաղաքական որոշման հարց է, որը գտնվում է իշխող ուժի տիրույթում»,- նշեց Խաժակյանը։

Նրա տեսակետի հետ համաձայն չէ Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու նախկին անդամ Իզաբելլա Աբգարյանը։ Ասում է` Մարությանը ընտրական գործընթացներում ոչ թե ընդդիմադիր, այլ ապաքաղաքական մոտեցում է ցուցաբերել, և անընդունելի է ասել, թե նա քաղաքապետ դարձավ միայն Նիկոլ Փաշինյանի թիմակիցը լինելով։

«Հայկ Մարությանն այն դեպքը չէ, ինչպես պատգամավորները, որոնք իրենց ուսապարկ էին ինքնահռչակում` համարելով, որ Փաշինյանի շնորհիվ են հայտնվել խորհրդարանում։ Մարությանն ուներ իր ռեյտինգը, և պատահական չէր, որ ավագանու ընտրություններում շատ ավելի բարձր տոկոս գրանցվեց, քան ԱԺ ընտրություններում»,- ընդգծեց Աբգարյանը։

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը դրական է գնահատում ընտրական գործընթացներում Մարությանի ցուցաբերած չեզոքությունը և զարմանում իշխանականների քննադատությունից։ Նրա խոսքով`տարօրինակ կլիներ, եթե Մարությանը քաղաքապետարանի աշխատակիցներին ուղղորդեր քվեարկել հօգուտ իշխող թիմի։

«Պարոն Հարությունյանն ակնկալում էր, որ ՔՊ-ի համար Հայկ Մարությանը վարչական լծակներ կիրառեր, որ բարձր տոկոսնե՞ր ապահովեին։ Կարծում եմ` Մարությանը պահել է չեզոքությունը։ Տեղին կլիներ, որ նույն սկզբունքով առաջնորդվեին ՏԻՄ մարմինների բոլոր ղեկավարները»,-շեշտեց Մանրիկյանը։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը որևէ կերպ չցանկացավ մեկնաբանել վարչապետի գլխավոր խորհրդականի տեսակետը։ Հավաստիացրեց, որ Մարությանը գերազանց է աշխատում, իր առջև դրված բոլոր պարտականություններն էլ լիարժեք է կատարում։

Հետաքրքրվեցինք` կմիանա՞ թիմակիցներին, եթե Մարությանին անվստահություն հայտնելու անհրաժեշտություն առաջանա։ Զաքարյանն ասաց` չնայած որոշ շրջանակների ցանկություններին, այս պահին նման դիրքորոշում չկա։

«Որոշ շրջանակներ հույս ունեն, որ քաղաքապետը պետք է հեռանա, բայց իրենց հույսերը չեն արդարանալու, խմբակցությունում էլ բացարձակ բացասական դիրքորոշում չկա»,- եզրափակեց նա։

Նշենք, որ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են Հայկ Մարությանի պաշտոնանկության մասին լուրերը. երեկ`հունիսի 27-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը քննադատել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին` նշելով, որ նա, լինելով « Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ, նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չի հայտնել ՔՊ-ին, որովհետև այն քվեն, որով Մարությանը դարձել է Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը երկրորդ անգամ է ձևավորելու կառավարություն։ Հարությունյանը նաև նշել էր, որ կուսակցականների շրջանում Մարությանի նկատմամբ ձևավորվել է հստակ վերաբերմունք, և իրենք պետք է հասկանան ու որոշում կայացնեն` ինչ անեն այս իրավիճակում, որ քաղաքը և քաղաքային իշխանությունը չտուժեն։

armeniasputnik.am



Նման նյութեր