Բալը կարեւոր առավելություն ունի կեռասի նկատմամբ։ Երկու հատապտուղներն էլ պարունակում են մեծ քանակությամբ արժեքավոր նուտրիենտներ, բայց բալն ավելի հարուստ է վիտամինա-հանքային կազմով, իսկ շաքարը դրանում երկու անգամ ավելի քիչ է, քան կեռասի մեջ։ Այս մասին Instagram-ի իր էջում տեղեկացրել է սննդաբան Սվետլանա Ֆուսը։
Նրա խոսքով՝ բալի գլիկեմիկ ինդեքսը ցածր է, ամենացածրերից մեկը բոլոր մրգերի մեջ։ Իսկ բալի տտիպ տեսակները պարունակում են մելատոնին՝ հորմոն, որը կարգավորում է էնդոկրին համակարգի աշխատանքը։
Ֆուսը նաեւ նշել է, որ թե՛ բալը, թե՛ կեռասը թարմ վիճակում մոտավորապես նույն կալորիականությունն ունեն՝ մոտ 50-62 կալորիա 100 գրամում։ Ընդ որում, թե՛ բալը, թե՛ կեռասը դրականորեն են ազդում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի վրա, նվազեցնում զարկերակային ճնշումը եւ թրոմբոզի առաջացաման վտանգը։
Բացի այդ, մասնագետի խոսքով՝ կերակրացանկում թարմ հատապտուղների առկայությունը կարգավորում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, բարելավում աղեստամոքսային տրակտի աշխատանքը եւ օգտակար է մազերի ու եղունգների համար։