Երբ ընկում է հեմոգլոբինի ցուցանիշը, առաջանում են որոշակի համակարգերի ու օրգանների գործառույթների խանգարումներ, խանգարվում է նյութափոխանակությունը, առաջանում է թթվածնային քաղց: Արյան մեջ հեմոգլոբինի ցածր ցուցանիշը անեմիայի (սակավարյունության) նշանն է:
Անեմիան շատ հազվադեպ է հանդես գալիս որպես առանձին հիվանդություն: Ավելի հաճախ այն ուղեկցող խնդիր է, որը հուշում է օրգանիզմում մեկ այլ հիվանդության առկայության մասին: Որոշ դեպքերում շատ դժվար է լինում հասկանալ ցածր հեմոգլոբինի պատճառը, քանի որ, ցավոք, կան անեմիայի այնպիսի տեսակներ, որոնք դժվար են ախտորոշվում:
Անեմիայի ախտանիշները
Եթե գրանցվել է հեմոգլոբինի չնչին իջեցում, անեմիան կարելի է ախտորոշել միայն լաբորատոր պայմաններում՝ արյան անալիզի միջոցով: Բուժման արդյունավետ մեթոդներից է վիտամինների համալիրով ու միկրոէլեմենտներով հարուստ հավասարակշված սննդակարգը: Օրվա սննդակարգի մեջ պետք է մտնի ավելի քան 20 մլգ երկաթ, որը կարգավորում է արյան մեջ հեմոգլոբինի ցուցանիշները:
Միջին և ծանր բարդության անեմիայի ախտանիշներն են՝
– Վատ ինքնազգացողությունը,
– Գլխապտույտն ու թուլությունը,
– Բերանի անկուններում ճաքերը,
– Մաշկի չորությունը,
– Աչքի սպիտակ հատվածների կապտությունը,
– Մաշկի դեղնությունը,
– Եղունգների շերտավորումը,
– Չոր և փխրուն մազերը, մազաթափությունը:
Անեմիայի կանխարգելման մի քանի մեթոդ
Անեմիայի կանխարգելման համար սննդակարգի մեջ պետք է ընդգրկել չորացրած մրգեր, եղինջ, թարմ կանաչեղեն, խնձոր, բնական հյութեր, սև հաց, հնդկացորեն, վարսակ, այսինքն՝ այն բոլոր մթերքները, որոնք երկաթ են պարունակում:
Երկաթ պարունակող մթերքնրի հետ մեկտեղ խորհուրդ է տրվում օգտագործել նաև C վիտամին պարունակող մթերքներ, քանի որ այդ վիտամինն օգնում է, որ օրգանիզմն ավելի լավ մարսի երկաթը: Այդ պատճառով խորհուրդ է տրվում ճաշն ավարտել թարմ մրգերով կամ բանջարեղեններով, կամ էլ թարմ քամած հյութերով:
Իսկ ահա սուրճը, շոկոլադը, խտացրած կաթը, պանիրը և ցորենի ալյուրն արգելակում են արյան մեջ երկաթի ներծծման գործընթացը: Ուստի հեմոգլոբինի ցածր ցուցանիշներ ունեցող մարդիկ պետք է խուսափեն այս մթերքներից:
Անեմիայի դեմ պայքարելու համար միայն երկաթ պարունակող մթերքներ ուտելը բավական չէ, այդ պատճառով բժիշկները բուժումը լրացնում են զանազան դեղամիջոցներով: Անպայմանորեն նշանակվում է В12 վիտամինը, որը մարդու օրգանիզմում արտադրվում է մսի, ձկան, ձվի ու կաթնամթերքների միջոցով:
Գոյություն ունեն հեմոգլոբինը բարձրացնող մի շարք ժողովրդական միջոցներ, որոնցից շատերն իրոք արդյունավետ են: Շատ օգտակար միջոց է, օրինակ, քերած գազարի ու ձիթապտղի յուղի կամ թթվասերի համադրությունը: Բնական հյութերը (գազարի, խնձորի, ճակնդեղի) նույնպես հիանալի օգնում են անեմիայի դեպքում:
Ժողովրդական ամենահամեղ ու օգտակար միջոցներից մեկը ծիրանաչրի, չամիչի, հունական ընկույզների ու մեղրի համադրությունն է, որը ոչ միայն լավացնում է արյան ցուցանիշները, այլ նաև օրգանիզմը հարստացնում է մի շարք այլ անհրաժեշտ վիտամիններով ու միկրոէլեմենտներով:
Իհարկե, հեմոգլոբինի դեմ պայքարելու համար նախապատվությունը պետք է տալ դեղամիջոցներին, այլ ոչ թե ժողովրդական միջոցներին, սակայն շատ հավանական է, որ Ձեր բժիշկն արդարացնի Ձեր որոշումը, այն է՝ լրացնելու բուժումը նաև ժողովրդական բուժման մեթոդներով:
Եթե բուժման կուրսից հետո հեմոգլոբինը դարձյալ ցածր ցուցանիշներ է ցույց տալիս, անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն անցնել: Չէ՞ որ ախտորոշումը բուժման արդյունավետության հիմքն է: