330 թվականին մահանում է հայոց թագավոր Տրդատ Գ Արշակունին (287-330) և հայոց գահն անցնում է նրա որդուն՝ Խոսրով Գ Կոտակին (330-338): Նրա գահակալությանն աջակցեցին Հռոմի Կոստանդինոս կայսրը և Վրթանես Ա Պարթև կաթողիկոսը:
Կոտակ՝ նշանակում է կարճահասակ, փոքրամարմին: Բայց, փոքրամարմին ու թուլակամ այս գահակալը իր կարճատև թագավորության շրջանում հասցրեց երկու մեծագործություն էլ կատարել…
Գահ բարձրանալով՝ Խոսրովը ձեռնամուխ եղավ նոր՝ Դվին մայրաքաղաքի կառուցմանը: Քանի, որ Արաքսը փոխել էր հունը և նախկին հունի մեջ՝ Արտաշատ մայրաքաղաքի մատույցներում ճահիճներ էին առաջացել, արքան Արտաշատից ոչ հեռու նոր մայրաքաղաք կառուցեց, որ հետագայում բարգավաճեց ու դարձավ հայոց միջնադարյան ամենամեծ քաղաքներից մեկը:
Նա նաև տնկեց Տաճար մայրի և Խոսրովի անտառները՝ որպես արքունի որսատեղիներ: Խոսրովի արգելոցը մեզ հասած հնագույն արգելոցն է աշխարհում…
Խոսրովի հոր՝ Տրդատ Գ թագավորության օրոք, 301 թվականին, Մեծ Հայքում Հռոմի անմիջական ու գործուն միջամտությամբ քրիստոնեությունը հռչակվել էր պետական կրոն: Սա իհարկե, սոսկ հոգևոր փոփոխություն չէր: Քրիստոնեության ընդունումն առաջին հերթին՝ քաղաքական կողմնորոշում էր: Մեծ Հայքը երես էր թեքել իր ցեղակից ու բարեկամ պարսիկներից՝ ընդունել հռոմեական կողմնորոշում: Նոր ձևավորված Հայ առաքելական եկեղեցին ամուր արմատներ գցեց հայոց հողում և փաստացի դառնալով հռոմեական շահերի ներկայացուցիչը Հայաստանում՝ շատ դեպքերում արդեն միջամտում էր պետության գործերին, երբեմն՝ ուղղակի պատանդի դերում պահելով հայոց արքաներին ու պետական համակարգը: Հայոց կաթողիկոսը հոգևոր պետ լինելուց զատ, նաև երկրի գլխավոր դատավորն էր:
Դեռևս Տրդատ Գ թագավորության օրոք, դժգոհ արքայի վարած քաղաքականությունից, նրանից ապստամբել և անկախացել էր Աղնձիքի Բակուր բդեշխը: Խոսրովը գահ բարձրանալով, իրեն հենարան ունենալով հայ եկեղեցին և Մամիկոնյաններին, ձեռնամուխ եղավ իր թագավորության ամրապնդմանը. Նա գրավեց Աղնձիքը, բնաջինջ արեց Բակուր բդեշխի տոհմը:
Առհասարակ, թուլակամ այս թագավորն աչքի էր ընկնում առանձնակի դաժանությամբ: Նրա հրամանով բնաջինջ արվեցին հայոց բնիկ նախարարական տոհմեր՝ Որդունիները և Մանազվաղյանները՝ միմյանց նկատմամբ ունեցած թշնամանքի պատճառով: Նրանցից բռնագրաված հողերը Խոսրովը հանձնեց իր գահի հենարաններին՝ եկեղեցուն և Մամիկոնյաններին…
Չնայած եկեղեցու օրեցօր աճող հզորությանը՝ Խոսրով Գ գահակալման առաջին տարիները բարենպաստ չէին Վրթանես կաթողիկոսի համար: Նախ, երկրում դեռ ամուր հիմքեր ուներ հին՝ ազգային դավանանքը, որի դեմ պայքարի էր լծվել կաթողիկոսը, ապաև՝ Աշտիշատում նրա դեմ հեթանոսները դավ կազմակերպեցին, ինչը սակայն, հաջողություն չունեցավ: Շատ չանցած՝ Վրթանեսի որդին՝ Մանուկ Գրիգորիսը, ում հայրը Վրաց և Աղվանից կաթողիկոս էր կարգել, զոհվեց մազքութաց երկրում:
Սա առիթ տվեց մեծ պատերազմի:
Հյուսիսային Կովկաս՝ մազքութաց Արշակունիների թագավորություն, քրիստոնեություն քարոզելու էր գնացել Գրիգոր Պարթևի թոռը՝ Մանուկ Գրիգորիսը: Մազքութները ոչ միայն սպանեցին Մանուկ Գրիգորիսին, այլև՝ իրենց երկրի ներքին գործերին միջամտելու համար, պատերազմ սկսեցին Մեծ Հայքի թագավորության դեմ: Մազքութաց Սանեսան Արշակունի թագավորն անձամ մեծաքանակ զորքն առաջնորդեց հայոց երկրի վրա:
Ի դեպ, կան պատմաբաններ, ովքեր պնդում են,, որ Սանեսանը նաև Աղվանքի թագավորն էր:
Փավստոս Բուզանդը այս դեպքերի մասին գրում է. ..Այն ժամանակ Մազքութների Սանեսան թագավորը… ժողովեց, գումարեց բոլոր զորքերը՝ հոներ, փոխեր, թավասպարներ, հաճմատակներ, իժմախներ, գաթեր, գղվարներ, ճղբեր, բաղասիճներ, եգերսվաններ և այլ խառնիճաղանջ թափառական վաչկատուն ցեղեղերի անթիվ բազմություն, որոնց առհասարակ ինքն էր իշխում: Եկավ անցավ իր սահմանը, մեծ Կուր գետը, ու սփռվեց ու լցրեց Հայոց աշխարհը,,:
Հայոց պետությունը պատրաստ չէր այդ ներխուժմանը: Սպարապետ Վաչէ Մամիկոնյանը բացակայում էր երկրից. իսկ հայոց բանակի հիմնական ուժերը գտնվում էին Հյուսիսային Միջագետքում: Մազքութների հարվածն ի պաշտոնե, առաջինն իր վրա է վերցնում Գուգարաց Միհրան բդեշխը:
Մարտի ժամանակ բդեշխը զոհվում է: Մազքութները կոտրելով հայոց բանակի դիմադրությունը՝ ներխուժում են երկրի խորքերը:
Հայոց Խոսրով Կոտակ արքան վախենալով նոր ճակատ կազմել թշնամու դեմ՝ փախչում և ամրանում է Այրարատ աշխարհի Կոգովիտ գավառի Դարոյնք ամուր բերդում՝ Հայաստանը փաստորեն թողնելով թշնամու ողորմածությանը: Դարոյնքը հայոց արքունի ամենաապահով ամրություններից էր ու հայոց Արշակունի պայազատների բնակատեղին:
Մազքութները պաշարում են մայրաքաղաք Վաղարշապատը: Քաղաքը համառորեն դիմադրում է: Սակայն Վաղարշապատի կայազորը սակավ էր և արքայի կողմից լքված հայոց մայրաքաղաքն ի վերջո գրավում է թշնամին:
Մայրաքաղաքի գրավման համար Սանեսան Արշակունին մեծ ուժեր է վատնում, այդ պատճառով էլ նա չի արշավում դեպի արևմուտք և որոշում է ձմեռել Վաղարշապատում՝ երկրի վերջնական գրավման գործը հետաձգելով մինչ գարուն:
Քանի, որ հայկական բանակի առանձին ստորաբաժանումները, որ տեղակայված էին երկրի տարբեր հատվածներում, աստիճանաբար կենտրոնանում են Այրարատի շուրջ և հանկարծակի հարձակումներով մաշում են Սանեսանի բանակը, վերջինս իր ձմեռային ապաստանի պաշտպանությունը լավ կազմակերպելու համար ամրացնում է մայրաքաղաք Վաղարշապատի մատույցները՝ ռազմակայաններ ստեղծելով և ստորաբաժանումներ տեղակայելով նաև Օշականում և Ցլու գլուխ կոչված վայրում:
Վրա հասած ձմեռը հնարավորություն տվեց Հռոմից վերադարձած Վաչէ Մամիկոնյան սպարապետին՝ համախմբել հայկական բանակն ու այն կենտրոնացնել Այրարատում՝ ակցանի մեջ առնելով Սանեսանի բանակը:
Սպարապետը որոշում է դիմել անակնկալ մարտավարության և հարձակման անցնել անսպասելի տեղից: Ցլու գլուխ կոչված վայրում տեղակայված էր մազքութների ամենամեծաքանակ զորաբանակը: Բացի այդ՝ Ցլու գլուխը լավ ամրացրել էր թշնամին և բնականաբար՝ այնտեղ չէին սպասում հայոց զորքի հարձակմանը:
Հայոց սպարապետը զորքին հարձակման հրաման է տալիս լուսադեմին՝ երբ մազքութները նոր արթնացած՝ ծիսական արարողություններն էին կատարում և լրիվ անպատրաստ էին հայերի հարձակմանը: Մարտը կարճ է տևում. Անակնկալի եկած թշնամին ուղղակի սրակոտոր է լինում:
Թույլ չտալով ուշքի գալ թշնամուն՝ Վաչէ Մամիկոնյանը հայոց զորքին առաջնորդում է դեպի մայրաքաղաք Վաղարշապատ: Խուճապահար թշնամին լքելով դիրքերը և մայրաքաղաքը՝ փախչում է դեպի Օշական՝ միավորվելու այնտեղ տեղակայված զորախմբին:
Հայոց բանակը կրնկակոխ հետապնդելով թշնամուն՝ ստիպում է ընդունել մարտն անբարենպաստ պայմաններում: Բացի այդ՝ հայոց զորքը թևերից շրջանցում է թշնամուն, ակցանի մեջ առնում նրան՝ զրկելով նաև նահանջելու հնարավորությունից:
Խորենացին Օշականի ճակատամարտի մասին գրում է.
-Նրանց վրա հանկարծակի հարձակվեցին մեր արևելյան և արևմտյան զորքերը և հետ վանեցին դեպի Օշականի առապարը և թույլ չտվեցին, որ նրանք ցրիվ գալով նետաձգություն կատարեին ըստ իրենց սովորության, այլ քաջաձի հեծյալները նրանց շտապ շտապ ու արագատես հետամուտ լինելով՝ մղեցին քարքարոտ դժվար վայրերը, այնպես, որ թշնամին ակամայից ստիպված եղավ ճակատամարտ կազմելու:
Փաստորեն, Վաչէ սպարապետը հնարքով չեզոքացնելով թշնամու առավելությունը՝ նրանց մղել է հայոց թեթևազեն հեծելազորի համար հարմար մի վայր և ստիպել ընդունել մարտը: Վաչէ Մամիկոնյանն իր զորախմբով դիմել է ճակատային հարձակման, միաժամանակ, իշխան Բագարատ Բագրատունին և հազարապետ Վահան Ամատունին իրենց գնդերով թևերից շրջանցել են մազքութներին և ակցանի մեջ առել նրանց զորքը:
Իրենց քաջությամբ աչքի ընկան նաև Գարեգին և Մեհունդակ, Զորա Ռշտունիները, Գարջյուլ Խոռխոռունին, Վարագ Կամսարականը:
Թշնամին կատարելապես ջախջախվեց: Սանեսան Արշակունին սպանվեց մարտում: Նրա զորքի մնացորդները ճողոպրեցին հայոց աշխարհից, իսկ հայոց հեծելազորը նրանց հալածական արեց մինչև Հյուսիսային Կովկաս:
Իսկ հայոց թուլամորթ արքան… ինչպես պատմում են ժամանակակից պատմիչները, մարտադաշտում գտնելով Սանեսան Արշակունու դիակը՝ որպես ազգականի նրան գրկեց ու հոնգուր-հոնգուր լալիս էր… ահա այսպիսի արժեհամակարգ…
Սանեսանի արշավանքը վերջին փորձությունը չէր Խոսրովի թագավորության համար:
Նա խզեց բոլոր հարաբերությունները Պարսկաստանի հետ և մերձացավ Հռոմին՝ փաստորեն դառնալով հռոմեական կայսեր կամակատարը:
Այդ իսկ պատճառով՝ 337 թվականին՝ Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագիրը չլրացած՝ պարսից Շապուհ Բ արքայից արքան, մեծ բանակով ներխուժեց հայոց երկիր: Նա շրջապատեց Հյուսիսային Միջագետքի հայոց խոշորագույն Մծբին քաղաքը: Մեկ այլ պարսկական զորամաս ներխուժեց Հեր և Զարեվանդ գավառները: Պարսից բանակին աջակցեց հայոց իշխան Դատաբեն Բզնունին:
Վանա լճի ափին՝ Առեստ ավանում, վճռական ճակատամարտում, Վաչէ Մամիկոնյանն ու Վահան Ամատունին ջախջախեցին Շապուհի զորաբանակը, իսկ Բզնունիների հայոց նախարարական տոհմը նույնպես բնաջինջ եղավ ոչ տոհմիկ Մամիկոնյանների ու Ամատունիների ձեռքով…
Վախենալով հայոց նախարարների ըմբոստությունից՝ Խոսրով Կոտակը նոր օրենք սահմանեց, համաձայն որի, Զորանամակով 1000 և ավելի զորք ունեցող իշխանները պարտավոր էին բնակվել արքունիքում՝ արքայի հսկողության ներքո:
Սակայն Շապուհը նոր հարձակում ձեռնարկեց հայոց պետության դեմ: Վճռական ճակատամարտում հայոց բանակը հաղթանակ տարավ, սակայն ծանր կորուստներ ունեցավ: Զոհվեցին Վաչէ Մամիկոնյան սպարապետն ու շատ այլ երևելիներ:
338 թվականին Խոսրով Գ Կոտակը մահացավ նոր կառուցած մայրաքաղաք Դվինում: Նրա մահվան պատճառների մասին որևէ արժանահավատ վկայություն չկա: Գահն անցավ ավագ որդուն՝ Տիրան Արշակունուն: