Ամռանը բնության գիրկ մեկնելու իսկական ժամանակն է, սակայն գաղտնիք չէ, որ շոգ եղանակին հանգստյան գոտիներում եւ ոչ միայն ակտիվանում են զանազան միջատներ: Դրանց խայթոցներից ապահովագրված չէ ոչ ոք, և հատկապես երեխաները շատ զգայուն են մոծակների կամ մեղուների խայթոցների նկտամամբ:
Եվ այսպես, ի՞նչ անել միջատների խայթոցների դեպքում:
Մեղուներ
Վտանգավոր է ոչ միայն մեղվի խայթոցը, այլև՝ խայթը, որը մեղուն թողնում է մարդու մաշկի տակ և բորբոքում այն: Կարմրությունը, ուռածությունը ցավը արագ մեծանում են և կարող են անհանգստացնել մարդուն շաբաթներ շարունակ: Հատկապես ծանր է ալերգիկ մարդկանց համար, քանի որ նրանց մոտ մեղվի խայթոցից հետո կարող է առաջանալ անաֆիլակտիկ շոկ. մի վիճակ, որը խիստ վտանգավոր է կյանքի համար: Այդ պատճառով մեղվի խայթոցից անմիջապես հետո պետք է՝
- հեռացնել խայթը (պետք է հեռացնել երկու մատները սեղմելով. չի կարելի խայթը հանել եղունգներով կամ գործիքներով, քանի որ այն կարող է մասնատվել, և դրա մասերը կմնան մաշկի տակ):
- լվանալ խայթոցի հատվածը ջրով և սառույց դնել
- խմել հակահիստամինային պրեպարատ
Մոծակներ
Թեև մոծակի խայթոցն ինքնին վտանգավոր չէ, սակայն դրա արդյունքում առաջացած վերքը քորելը կարող է նպաստել վարակի տարածմանը: Մոծակի խայթոցը հաճախ նպաստում է նաև ալերգիկ դերմատիտի սրացմանը:
Մոծակի խայթոցի դեպքում՝
- լվացեք խայթոցի շրջանը ջրով և օճառով
- խայթոցի շրջանում դրեք սառը թրջոց կամ սառցապարկ
- եթե խայթոցը տեղակայված է պարանոցի կամ բերանի շրջանում, ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր` վերին շնչուղիների այտուցը կանխելու նպատակով
- եթե խայթոցն առաջացրել է ալերգիկ ռեակցիաներ, որոնք արտահայտվում են քորով, ցանով, կոպերի այտուցով, շնչառության դժվարացումով և գիտակցության խանգարումներով, կանչեք շտապօգնություն: