Կանաչ խնձորը կարող է հակացուցված լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքում եւ լեղուղիների դիսկինեզիա ունեցող մարդկանց, հատկապես սրացման փուլում։ Այսպիսի կարծիք է արտահայտել էնդոկրինոլոգ եւ սննդաբան Տատյանա Բոչարովան։
Նրա խոսքով՝ նշված ախտորոշումներն ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ընտրել այդ մրգի ավելի քաղցր տեսակները, քերել դրանք կամ էլ եփել ջեռոցում։
Գաստրիտի կամ խոցային հիվանդության դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս սահմանափակվել օրական մեկ կանաչ խնձորով։
«Ավելի լավ է, եթե ուտեք այն հիմնական սնունդն ընդունելուց մեկ ժամ հետո, այլ ոչ թե դատարկ ստամոքսին»,- նշել է սննդաբանը։
Չարժե նաեւ մոռանալ, որ խնձորի թթու տեսակները վնասում են ատամների էմալին։ Ուստի այդ մրգի օգտագործումից հետո խորհուրդ է տրվում բերանը ողողել ջրով։
«Առողջ մարդն ավելի լավ է ուտի օրական երկու կանաչ խնձորից ոչ ավելի, հակառակ դեպքում թթուն կարող է բորբոքել լորձաթաղանթը, իսկ որպես կողմնակի էֆեկտ՝ բացել ախորժակը»,- ասել է Բոչարովան, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
news.am