Դալմայի ջրանցքի թունելներ
Դալմայի ջրանցքը սկիզբ է առնում Հրազդանի աջ ափից։ Ջրանցքի երկարությունը կազմում է մոտ 6․5 կմ։ Երկու տեղում ջրանցքի հոսքը ապահովելու համար կառուցվել են թունելներ։ Առաջին թունելը, որն ունի 45 մ երկարություն, սկիզբ է առնում չորրորդ կիլոմետրից։ Երկրորդ թունելը սկիզբ է առնում Թումանյանի անվան զբոսայգու տարածքից և ավարտվում է Ծիծեռնակաբերդի խճուղու վերնամասում։ Այդ հատվածի երկարությունը կազմում է 450 մ և ունի կորագիծ հատակագիծ։
Ջրանցքը Երևանի տարածում գտնվող ուրարտական նմանատիպ կառույցներից մեկն է։ Բացի այս ջրանցքից, գործել են ևս երեքը՝ Ումեշինի, Աբուհայաթի և Մամրիի։ Ներկայումս բացի Դալմայից, գործում է նաև Ումեշինի ջրանցքը (որը նույնպես թունելային հատված ունի), իսկ մյուս երկուսը գտնվում են ավեր վիճակում։
Թունելները փորվել են բազալտների շերտում։ Ընդ որում ընտրվել են խոշորաբեկոր առանձնություններ ունեցող հատվածներ, որտեղից այդ բեկորները հեռացվել են առանց ժայռափոր գործիքների օգտագործման։ Սկզբում հեռացրել են վերևում գտնվող բեկորը, որից հետո դրա հարևան քարաբեկորները և այդպես շարունակ։ Քարահեռացման այս տեխնոլոգիան կիրառվել է նաև ուրարտական մյուս կառույցներում։
Դալմայի ջրանցքը երկարատև անգործությունից հետո 19-րդ դարի սկզբում վերականգնվել է վերջին սարդար Հյուսեին Ղուլի խանի օրոք, ով վարպետներ է հրավիրել Պարսկաստանից, որոնք էլ գտել և մաքրել են թունելները (պարսկերեն դոլմիե բառը նշանակում է թունել․ այստեղից էլ ջրանցքի անվանումը)։ Ընդ որում իրանցի վարպետները թունելների խցանված հատվածները մաքրել են վերևից փորված հորերի օգնությամբ։ Սրանք զգալիորեն տարբերվում են ուրարտացիների թունելաշինության տեխնոլոգիաներից, ովքեր օգտագործել են միայն հորիզոնական «հորատանցման» մեթոդները։
20-րդ դարում ևս թունելները վերակառուցվել են ՝ 1930 և 1950-ական թթ․։ Ընդ որում 1950-ական թթ․ վերջերին կատարված վերակառուցումը վերացրել է «ուրարտական հետքը», քանի որ թունելը /խոսքը 450 մ-անոց հատվածին է վերաբերում/ ամբողջությամբ բետոնապատվել է։