Ընթերցանությունը, գլուխկոտրուկները եւ սեղանի խաղերը կարող են 5 տարով հետաձգել Ալցհեյմերի հիվանդությունը․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Ընթերցանությունը, գլուխկոտրուկները եւ սեղանի խաղերը կարող են 5 տարով հետաձգել Ալցհեյմերի հիվանդությունը․ հետազոտություն

Բժշկությանը դեռ անհայտ են Ալցհեյմերի հիվանդության եւ նյարդային համակարգի տարիքային այլ հիվանդությունների արդյունավետ բուժման մեթոդները, սակայն համարվում է, որ կենսակերպի փոփոխությունը կարող առնվազն նվազեցնել դրա զարգացման ռիսկը կամ հետաձգել այն: Նոր հետազոտության հեղինակները 80 տարեկանից բարձր մարդկանց խորհուրդ են տալիս շարունակել կանոնավոր կերպով «մարզել» ուղեղները եւ լավ վիճակում պահել իրենց մտավոր ակտիվությունը:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ այն հարցը, թե կարող է արդյոք ակտիվ մտավոր աշխատանքը ազդել դեմենցիայի վրա, վաղուց է ուսումնասիրվում: Այսօրվա դրությամբ հայտնի է, որ այն մարդկանց մոտ, ովքեր իրենց կյանքի ընթացքում առավել ակտիվորեն են զբաղվում մտավոր գործունեությամբ, տարեց հասակում ճանաչողական գործառույթների անկումը 32%-ով ավելի դանդաղ է ընթանում: Բայց նրանց մոտ, ովքեր քիչ են կարդում, գրում, ոչ բավարար տեղեկատվություն են ստանում եւ մշակում, դեմենցիան ավելի արագ է զարգանում:

Ռաշի համալսարանի գիտնականները կարծում են, որ պարզ մտավոր ակտիվությունը, ինչպիսին է կարդալը, թղթախաղը եւ գլուխկոտրուկները, կարող են երկարացնել ուղեղի առողջությունը նույնիսկ 80-ից բարձր տարիքի մարդկանց մոտ: Իրենց նոր հետազոտության մեջ նրանք հավաքել եւ վերլուծել են 1900 մարդու տվյալներ, որոնց միջին տարիքը 80 տարեկան է եղել: Նրանցից ոչ մեկի մոտ դեմենցիա չի ախտորոշվել:

Ավելի քան 6,8 տարվա դիտարկումների ընթացքում 457 մասնակիցների մոտ ախտորոշվել է Ալցհեյմերի հիվանդություն: Գիտնականները նկատել են, որ առավել բարձր մտավոր ակտիվություն ունեցող մարդկանց մոտ դեմենցիան զարգանում է միջինը 94 տարեկանում, մինչդեռ նրանք, ովքեր ավելի քիչ են «մարզում» իրենց ուղեղը կամ ընդհանրապես դա չեն անում, այս հիվանդությունը հայտնվում է 5 տարի շուտ՝ 89 տարեկանում:

Սակայն պետք է հաշվի առնել, որ մտավոր ակտիվությունը տոնուսի մեջ պահելը հիվանդության դեմ «կախարդական հաբ» չէ, այլ միայն այն հետաձգելու միջոց:

news.am