Ճիշտ պատրաստելու դեպքում կարտոֆիլը կարող է առողջ սննդակարգի անբաժան մասը դառնալ: Med2.ru-ի հաղորդմամբ՝ կարտոֆիլը հարուստ է վիտամին C-ով. մեկ հում կարտոֆիլը 80-100 մգ վիտամին C է պարունակում:
Այս բանջարեղենը հարուստ է նաև B6, B2, B3, E վիտամիններով, ինչպես նաև միկրոտարրերով, այդ թվում՝ կալիումով, կալցիումով, յոդով, ֆոսֆորով, երկաթով, մագնիումով, ցինկով, ինչպես նաև անփոխարինելի ամինաթթուներով: Կարտոֆիլը օսլա է պարունակում, որը մշակման արդյունքում վերածվում է գլյուկոզայի, էներգիա հաղորդում օրգանիզմին:
Հում կարտոֆիլը 16.3 գրամ ածխաջրեր, 2 գրամ սպիտակուց, 0.4 գրամ ճարպեր է պարունակում: Դրա կալորիականությունը փոխվում է՝ կախված պատրաստման եղանակից: 100 գրամ խաշած կարտոֆիլը՝ 82, տապակածը՝ 192, ֆրին՝ 445, չիպսը՝ 520 կիլոկալորիա են պարունակում:
Ինչու է կարտոֆիլն օգտակար: Կարտոֆիլը հարուստ է կալիումով՝ հանքանյութ, որի շնորհիվ օրգանիզմից դուրս են բերվում ավելորդ աղերը և հեղուկը, կարգավորվում է նյութափոխանակությունը: Կալիումը կարևոր է նաև սիրտ-անոթային համակարգի առողջության համար:
Հում կարտոֆիլի հյութն օգտակար է մարդկանց, ովքեր տառապում են գաստրիտով, խոցային հիվանդությամբ: Կարտոֆիլը նպաստում է նյութափոխանակության համակարգի աշխատանքին, կարող է օգնել կանխարգելել փորկապության զարգացումը: Բացի այդ՝ կարտոֆիլը միզամուղ ազդեցություն ունի և կարող է օգտագործվել երիկամային անբավարարության դեպքում: Այս բանջարեղենն օգտագործվում է հոդատապի, միզաքարային հիվանդության դեպքում. կարտոֆիլն օգնում է օրգանիզմից դուրս բերել միզաթթվի ավելորդ մակարդակը:
Մարդիկ, ովքեր փորձում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, հաճախ սննդակարգից բացառում են կարտոֆիլը: Սակայն չգիրանալու համար պարզապես հարկավոր է կարտոֆիլն օգտագործել խաշած կամ խորոված վիճակում և քիչ քանակով: Չիպսերը, ֆրին իսկապես կարող են հանգեցել ճարպակալման: Դրանք վտանգավոր ճարպեր են պարունակում և շատ բարձր կալորիականություն ունեն:
Կարտոֆիլը նպաստում է նաև նյարդային համակարգի աշխատանքին, քանի որ պարունակում է անհրաժեշտ հանքանյութեր և վիտամիններ: Մագնիումն ու B6 վիտամինն օգնում են կարգավորել նյարդային համակարգի աշխատանքը:
Այս բանջարեղենն օգտագործվում է նաև կոսմետոլոգիայում. դրանից պատրաստված դիմակներն օգնում են ազատվել փոքր կնճիռներից, բորբոքումից, նպաստում հյուսվածքների վերականգնմանը: Հում կարտոֆիլն օգնում է ազատվել նաև այտուցներից:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը