Մի շարք բուհեր իրենց պաշտոնական կայքերում հրապարակել են լրացուցիչ մրցույթով ընդունելության արդյունքները: Փոխել հայտը կամ դիմել՝ մինչև 6 մասնագիտություն նշելով, կարող էին միասնական քննություններին դրական միավորներ ստացած, բայց մրցույթի հիմնական փուլում իրենց նշած մեկ մասնագիտությամբ չընդունված դիմորդները:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանի փոխանցմամբ՝ թափուր տեղերի մրցույթին հայտագրվել էր 940 դիմորդ, որոնցից 16-ը չի հաղթահարել մրցութային շեմը: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հուլիսի 16-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ թափուր մնացած տեղերի թիվը մեծ է: Պետական և ոչ պետական բուհերի թափուր տեղերը միասին կազմում են 15.000: Բուհերին հատկացված անվճար տեղերի թիվը 1800 է, իսկ վճարովի տեղերի թիվը՝ 21․820:
Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ այս իրավիճակը պայմանավորված է և՛ կորոնավիրուսի համաճարակով, և՛ կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ:
«Ավանդույթի համաձայն, մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան մեզ մոտ միշտ ավելի բարձր մակարդակի վրա են եղել, սակայն ընդունելության այս վերջին քննությունները ցույց տվեցին, որ կարող են լինել վատ արդյունքներ: Միասնական քննությունների ընթացքում տոկոսը շատ բարձր էր, իսկ երկրորդ փուլի դեպքում արդեն ունեինք մոտ 50 տոկոս բացասական գնահատական, այսինքն՝ անբավարար գնահատական՝ մաթեմատիկայից: Դա նշանակում է, որ կորոնավիրուսի համաճարակը՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ կրթության նկատմամբ վերաբերմունքն այդքան լավ չէ, ու մարդիկ աշխատանքի հնարավորություն ունենալու պարագայում գերադասում են դա անել, քան գնալ բուհ՝ կրթվել:
Արդիական չէ նաև մեր համալսարանների առաջարկած կրթությունը՝ տասնամյակներ շարունակ նույն բանն են դասավանդում, մինչդեռ կյանքի և մարդկանց պահանջներն էապես փոխվել են և գրեթե հաշվի չեն առնվում, իսկ բուհերի շատ շրջանավարտներ 4 կամ 6 տարին համարում են կորցրած, որովհետև կարող են ինչ-որ մասնագիտությամբ սովորել, հետո գնալ աշխատելու և, իրականության հետ առերեսվելով, տեսնել, որ իրենք գրեթե ոչ մի բան չգիտեն ու աշխատավայրում ամեն ինչ պետք է «այբուբեն»-ից սկսեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ատոմ Մխիթարյանը:
Նրա խոսքով՝ պետք է փոխվի բուհերի ընդունելության մոտեցումն ու հայեցակարգը:
«Վաղուց արևմտյան զարգացած երկրներն անցել են նոր համակարգի, որը ենթադրում է հետևյալը. հանրակրթական համակարգը տալիս է գիտելիքներ, որոշակի հմտություններ, որ յուրաքանչյուր շրջանավարտ կարող է արձանագրել ցանկացած պահի: Նրանք ամեն պահի կարող են ստուգել իրենց գիտելիքները, թեստ հանձնել, իսկ բուհը հայտարարում է այս կամ այն ֆակուլտետ ընդունվելու նվազագույն շեմը, ու էլ քննություն չկա: Դիմորդի հավաքած բալերը, եթե համապատասխանում են, նա կարող է միանգամից դառնալ ուսանող, ու հետագա ընթացքը ցույց կտա՝ կշարունակի՞ այդ ուղղությամբ, թե՞ մեկ տարի, օրինակ, պրակտիկա ձեռք կբերի, որպեսզի հասկանա, թե իրեն ինչ է պետք, ու առարկայացանկը կկազմի այնպես, որ պատրաստ լինի ավարտելուց հետո մուտք գործել աշխատաշուկա: Իսկ մեզ մոտ հնացած ստանդարտներ են: Չգիտես՝ եթե որևէ բուհ ու մասնագիտություն ես այսօր ընտրել, 4 տարի հետո դա արդիական կլինի՞, թե՞ ոչ, որովհետև կյանքն արագ է փոխվում, ուստի բուհերը պետք է կենտրոնանան ավելի շատ հմտությունների, կարողությունների վրա, պրակտիկան շատ լինի, գործատուների հետ կապը շատ լինի: Իսկ մեզ մոտ այդպես չէ, կրթական համակարգի և աշխատաշուկայի միջև անդունդ է»,- նշեց կրթության փորձագետը:
Անի Կարապետյան