Սեպտեմբերի 1-ից դպրոցներում իրականացվելու է առկա ուսուցում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ անգամ 20-ից ավելի աշակերտ ունեցող դասարանները կկարողանան ամենօրյա ռեժիմով դասի հաճախել, եթե հավուր պատշաճի պահպանեն հակահամաճարակային կանոնները, և դպրոցը դիմի ԿԳՄՍՆ-ին այդ առաջարկով: Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը, մեղմ ասած, հուսադրող չէ: Վարակվածների թիվը գնալով աճում է: 168.am-ը բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանից հարցրեց, թե ինչպիսի՞ ազդեցություն կունենա հանրակրթական հաստատությունների բացումը Հայաստանում կորոնաիրավիճակի վրա:
«Անկախ նրանից՝ դասապրոցեսը կլինի օնլա՞յն, թե՞ օֆլայն, միևնույն է, կովիդի թվերն աճելու են: Դա պայմանավորված չի լինելու երեխաների դպրոց գնալով, թվերն աճելու են, որովհետև, այսպես թե այնպես, 4-րդ ալիքը պետք է ունենանք: Ես կողմ եմ, որ դասապրոցեսը լինի առկա, երեխաները, որոշ հիգիենիկ պայմաններ և հակահամաճարակային կանոններ պահելով, պետք է սովորեն, միևնույն է, երբ անցան հեռավար ուսուցման, կամ սկսեցին օրումեջ գնալ, դրանից ոչինչ չփոխվեց, կորոնավիրուսը հասավ իր պիկին և իջավ: Շատ ճիշտ որոշում է, որ, եթե 10 տոկոս վարակվածություն լինի, դպրոցը կանգնի հեռավար ուսուցման»,- ասաց Մանուկյանը:
Օրեր առաջ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Covid-19-ը երիտասարդացել է, «վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում COVID-19-ի հետևանքով 50-ից ցածր տարիքի անձանց, այդ թվում` երեխաների շրջանում, հիվանդության ծանր ընթացքի և հոսպիտալացման ցուցանիշը կտրուկ աճել է»: Բժշկից նաև հարցրինք, թե աշխարհում երեխաների շրջանում պատվաստման ինչպիսի՞ պրակտիկա կա:
«Դեռահասների շրջանում փորձարկումները, հետազոտություններն ավարտվել են, և ոչ մի բացասական հետևանք չկա, հարթ անցել է, իսկ մինչև դեռահասության տարիքը՝ մինչև 12 տարեկանը, դեռ չկա նման հետազոտություն, փորձարկումներ չեն արվել: Վիճակագրությունն այնպիսին է, որ մինչև 12 տարեկան թեթև են տանում, շատ հազվագյուտ դեպքեր կան, երբ կովիդն արտահայտվում է համակարգային բորբոքային համախտանիշով, շատ հազվագյուտ դեպքեր են, հիմնականում մինչև 12 տարեկան էլի թեթև են տանում երեխաները: Մենք ավելի լուրջ խնդիրների առաջ կկանգնենք երեխաների շփման և ուսուցման առումով, եթե գնանք հեռավար ուսուցման, որովհետև երեխաները պետք է շփվեն իրար հետ՝ հատկապես դպրոցական տարիքում: Ինքս էլ պատրաստվում եմ գիտաժողովի և ամեն կերպ ուզում եմ, որ այն լինի օֆլայն, մարդիկ շփվեն իրար հետ»,- ասաց Մանուկյանը:
Մեր հարցին, թե պատվաստումների արդյունքում հնարավո՞ր է ձևավորել կոլեկտիվ իմունիտետ, բժիշկն արձագանքեց.
«Անհնար է, համաճարակի ժամանակ հասնել կոլեկտիվ իմունիտետի անհնար է, որովհետև այստեղ պատվաստվում են, այնտեղ վարակվում են, պատվաստվելուց հետո պետք է մոտ 3 շաբաթ և ավելի խիստ պահենք հակահամաճարակային կանոնները, որ չվարակվենք: Պանդեմիայի ժամանակ վակցինացիան բարձր արդյունավետություն չունի, որովհետև մարդիկ վարակվում են մինչև հակամարմինների արտադրվելը, իսկ հակամարմիններ սկսում են արտադրվել 21 օր հետո»:
Անահիտ Հովհաննիսյան