Սեպտեմբերի 16-ին հայտնի դարձավ CodeSignal-ի կողմից 50 մլն ԱՄՆ դոլար ներդրում ներգրավելու ու այդպիսով ընկերության արժեքը 500 մլն ԱՄՆ դոլարի հասցնելու մասին:
CodeSignal-ը տեխնիկական ոլորտում աշխատանքի ընդունման առավել արդար մեխանիզմ է առաջարկում՝ երկրորդական դարձնելով թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականն ու նրան տալով հմտությունները դրսեւորելու հնարավորություն:
CodeSignal-ի հիմնադիրները հայ երիտասարդներ են՝ Տիգրան Սլոյանն ու Արամ Շատախցյանը: Itel.am-ը զրուցել է CodeSignal-ի գործադիր տնօրեն Տիգրան Սլոյանի հետ:
Տիգրան Սլոյանը հիմնադրել է նաեւ #GoBeyondResumes շարժումը: Լինելով Forbes-ի Տեխնոլոգիական խորհրդի ակտիվ անդամ՝ նա, որպես տեխնիկական արդյունաբերության մտքի առաջատար, մեկնաբանում է ծրագրային զարգացման եւ նորարարության միտումները։
Մինչեւ CodeSignal-ը, Տիգրան Սլոյանն աշխատել է Google-ում՝ տեխնոլոգիական կառավարման ոլորտում, որտեղ ղեկավարել է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Google Hangouts-ը` կրթական ոլորտում, Google Login for Travel and Publishing ինդուստրիան։
Նա ստացել է Համակարգչային տեխնոլոգիաների եւ Մաթեմատիկայի բակալավրի, ինչպես նաեւ կրտսեր տնտեսագետի կոչում Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտում (MIT)։
Իմ ճանաչած լավագույն ծրագրավորողը կարողանում էր միայն ֆրիլանս աշխատանք գտնել
CodeSignal-ն առաջին կազմակերպությունն է, որ ստեղծեց գիտելիքների գնահատման ավտոմատացված հարթակ եւ այժմ օգտագործվում է որպես ստանդարտ չափանիշ տեխնիկական աշխատանքի ընդունելության համար։ Ստեղծման պատմությունը Հայաստանում եւ հատկապես Երեւանում շատ խորը արմատներ ունի:
Տիգրան Սլոյանը Լուսանկարը՝ CodeSignal
Երկու համահիմնադիրներս՝ ես եւ Արամ Շատախցյանը, մեծացել ենք 90-ականների դժվար ժամանակաշրջանում, երբ ընդամենը մեկ ժամով էինք էլեկտրականություն ունենում եւ գրեթե ամեն օր ստիպված էինք հերթ կանգնել` վերցնելու մեզ հատկացված հացի բաժինը:
Այդ ժամանակից ի վեր մեր հայրերը, ինչպես շատերը, գնահատում էին կրթությունը: Հայրս դեռ վաղ տարիքից ինձ տանում էր մաթեմատիկայի դասընթացների եւ օլիմպիադաների: Արամը եւս, հայրիկի հորդորով հաճախում էր ծրագրավորման դասընթացների ու օլիմպիադաների:
Արդյունքում ես 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ էի նվաճել Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադաներում (IMO)՝ դառնալով ամենատիտղոսակիր մասնակիցը Հայաստանի պատմության մեջ, իսկ Արամը նվաճել էր Հայաստանի պատմության մեջ առաջին արծաթե մեդալը Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում (IOI):
Իմ եւ Արամի ճանապարհները բաժանվեցին 2006 թվականին:
Այդ տարի Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայի ժամանակ բուլղարացի մասնակիցներից մեկն ինձ ասաց, որ սովորում է Միացյալ Նահանգների լավագույն ուսումնական հաստատություններից մեկում՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), եւ ինձ առաջարկեց դիմել այդտեղ։ Պետք էր շատ արագ անգլերեն սովորել եւ հանձնել որոշ քննություններ։
2007 թ.-ի սկզբում արդեն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում էի:
Ինստիտուտն ինձ տրամադրում էր տարեկան 55 հազ. ԱՄՆ դոլար կրթաթոշակ՝ Բոստոն մեկնելու եւ բակալավրիատում սովորելու համար։ Արամը նման ծրագրերի չդիմեց եւ ընդունվեց Երեւանի պետական համալսարան։
Համալսարանն ավարտից հետո շատ հայտնի կազմակերպություններ՝ Facebook, Google, Oracle, փորձում էին գրավել իմ եւ համակուրսեցիներիս ուշադրությունը: Նրանք ամեն կերպ ցանկանում էին համալսարանը նոր ավարտած ուսանողներին ներգրավել իրենց աշխատանքներում։ Այսպես սկսեցի աշխատել Google-ում:
Ամբողջությամբ՝ itel.am