Ժամանակակից սեր. պատերազմը մեզ կապեց
Advertisement 1000 x 90

Ժամանակակից սեր. պատերազմը մեզ կապեց

168.am-ի նոր՝ «Ժամանակակից սեր» շարքը շարունակում է ներկայացնել սիրո պատմություններ իր ընթերցողին: Այս անգամ իրենց սիրո պատմությամբ կիսվել են Լիաննան և Գևորգը: Իրենց հարաբերություններում պարզ և շփման մեջ անմիջական երիտասարդներին կապել է պատերազմը. Գևորգի համարձակությունն ու հոգատարությունը գրավել են Լիաննային, իսկ վերջինիս պարզության ու մաքրության կողքով անտարբեր չէր կարող անցնել պատերազմի թոհուբոհը տեսած Գևորգը: Իրենց նման մաքուր է նաև իրենց սերը, ինչի մասին, ի տարբերություն մեր այլ հրապարակումների, որոնցում պատմողը զույգից մեկն էր, Լիաննան ու Գևորգը միասին են խոսում իրենց հարաբերությունների մասին՝ լրացնելով մեկը մյուսին, հաստատելով մեկը մյուսի ասածը:

Ծանոթություն

Գևորգ. Ծանոթացել ենք ընկերոջս ծննդյան տարեդարձին, երբ ես արձակուրդ էի եկել:

Լիաննա. 2020 թվականի հունվարի 18-ին, բայց այդ ժամանակ մենք իրար հետ չենք շփվել: Սկսել ենք շփվել պատերազմի ժամանակ: Դե, ես շատ հոգատար աղջիկ եմ (ծիծաղում է,- Ա.Գ.): Գևորգս բանակում էր, անտարբեր չմնացի, ու սկսեցինք շփվել: Ընկերություն սկսել ենք անել ապրիլի 26-ից:

Գևորգ. Բայց ես սեր եմ խոստովանել մարտի 8-ին:

Առաջին տպավորություն

Գևորգ. Իմացել եմ, որ իմ ընկերոջ հարևանուհին է, ումից հարցրել եմ Լիաննայի մասին, բոլորը ասում էին՝ «ապե, հորս արև, վիզ դիր, հասի»: Իր նկատմամբ հարգանքը բոլորի մոտ շատ է տպավորվել ի սկզբանե: Դրանից հետո ամենաշատը տպավորել է այն, որ Լիաննան չգիտի՝ ինչ է մարդուն մենակ թողնելը: Լիանը շատ մաքուր է եղել միշտ: Իր հետ շատ հեշտ է: Իր հետ հեշտ է շփվելը, բայց ամեն ինչ չի, որ իր մեջ կարողանում ես հեշտ տեսնել:

Լիաննա. Ինձ Գևի մեջ տպավորել է իր համարձակությունը ու ոգևորելու շնորհքը. այդ ժամանակաշրջանում, պատերազմ, քննություններին ընդհանրապես չէի ուզում պատրաստվել, բայց էս Գևորգս պատերազմի ժամանակ, պարզ էր, որ տրամադրություն չունի, բայց այնքան դրական էներգիա ու մոտիվացիա էր ինձ տալիս, որ ես կարողացա պարապել քննություններիս համար, ու այսօր արդեն անվճար եմ սովորում: Շատ ուշադիր էր, հոգատար, իր համար «չէ» բառը չկար: Միշտ հարցնում էր՝ ի՞նչ ես ուզում, ի՞նչ ես մտածում: Նույնիսկ գիտեր, որ գիրք եմ կարդում, ինձ գիրք էր նվիրել: Իր հոգատարությունը, ուշադրությունն այդ պահին շատ կարևոր էր, ու առհասարակ, միշտ էլ կարևոր է, ու ես իր մեջ դա շատ գնահատեցի: Ու ամենակարևորը, ինքը՝ որպես մարդ, ներքին առումով, կայացած մարդ է, ու գիտի՝ ինչ է ուզում, ինչ չի ուզում:

Պատերազմ

Գևորգ. Պատերազմը մեզ կապեց. լրիվ կինոյի միջի սեր է:

Լիաննա. Պատերազմի ժամանակ իմ եղբայրն էլ էր ծառայում, դե Գևն էլ: Ես շատ էի անհանգստանում, ու Գևը զանգել էր, ճշտել էր, թե եղբայրս ոնց է, ուր է գնում: Ու գրեց ինձ, հանգստացրեց, թե՝ եղբորդ հետ խոսել եմ: Բայց ինքն ու եղբայրս իրար հետ կապ չունեին ընդհանրապես, ասում եմ՝ դո՞ւ ինչու ես խոսել: Պարզվեց՝ ինձ հանգստացնելու համար: Այդ օրն էլ ես շատ ոգևորվեցի նրանից, որ կա մարդ, որ պատերազմի ժամանակ, այդ ամենը մի կողմ դրած, իմ մասին է մտածում:

Ընտանիք

Գևորգ. Մեր մեջ ամենակարևորը ինչն եմ համարել, որ մենք ընկերություն ենք արել քիչ ժամանակ, բայց ես ամեն ձև աշխատել եմ, որ մենք մեր քիչ ժամանակահատվածում ստեղծենք ավելին, քան մարդիկ ստեղծում են երկար տարիների ամուսնության ժամանակ: Մենք այդ պարզությունը մեր մեջ կարողացել ենք ստեղծել, մենք ընտանիք ասվածը մեր մեջ կարողացել ենք մտցնել, դիմացինին հասկանալը, ընդունելը ու անկախ ամեն ինչից՝ իրար կողքի մնալը կարողացել ենք ստեղծել. լավ է, էլի, մեր համար ապրում ենք:

Լիաննա. Շատ հոգատար անձնավորություն է իմ Գևորգը, ես էլ, ի դեպ:

Ապագա

Գևորգ. Լիանի հետ: Ուզում եմ այս աշխարհում եղած մարդկանցից անկախ փոքր բան ստեղծենք, ու այդ ստեղծածի վրա առաջ գնանք: Ու դա երկու հոգով անենք, որ ոչ ոք մեր ստեղծածի մեջ իր ներդրումը չունենա: Ես իմ ապագան իր հետ եմ պատկերացնում: Աշխարհը՝ մեր ոտքերի տակ: Կապ չունի՝ ինչ դիրքում ու ինչ ձև, իրար հետ ու աշխարհը՝ մեր ոտքերի տակ:

Լիաննա. Ես շատ լուսավոր, պայծառ, ուրախ եմ պատկերացնում: Մեր հարաբերությունները շատ լավ են ընթանում: Մենք կռվել չգիտենք, իրար ամեն պահի հասկանում ենք: Նույնիսկ եթե ինչ-որ բան ինձ դուր չի գալիս, ինչ-որ բան իրեն դուր չի գալիս, մենք մերը առաջ չենք տանում, փորձում ենք միմյանց հասկանալ: Պարզ է, հարաբերություններում խոչընդոտներ լինում են, բայց ամեն ինչ շատ հեշտ է մեզ մոտ անցնում. երևի իրար շատ ենք սիրում, դրանից է:

Անի Գաբուզյան



Նման նյութեր