Հիրսուտիզմը կանանց մարմնի հավելյալ մազակալումն է: Ի՞նչ պատճառներով կանանց մարմնի վրա կարող են հավելյալ մազեր աճել եւ ի՞նչ խնդիրների մասին կարող են վկայել այդ մազերը: Ըստ մասնագետների՝ բոլոր կանանց մոտ 5-10 տոկոսը բախվում է այս խանգարմանը, սակայն պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի առկայության դեպքում մարմնի մազածածկույթի ավելացման հավանականությունը մի քանի անգամ մեծանում է։
Հիրսուտիզմի ամենատարածված պատճառը հորմոնալ խանգարումն է, որը ներառում է նաեւ վերը նշված պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը։ Երբեմն այս խնդիրն առաջանում է որոշակի դեղամիջոցների ընդունման, մակերիկամների ակտիվության բարձրացման եւ ձվարանների հետ կապված խնդիրների պատճառով: Եթե կինը մարմնի վրա շատ մազեր ունի, դա հաճախ վկայում է օրգանիզմում անդրոգենների մակարդակի բարձրացման մասին:
Հիրսուտիզմով կանանց կարող են տարբեր բուժումներ առաջարկվել: Նախեւառաջ նրանց խորհուրդ է տրվում նվազեցնել քաշը, եթե գիրություն կա, ցածր քանակությամբ ճարպային մթերքներով առողջ սննդակարգի անցնել: Ակտիվորեն կիրառվում են նաեւ մազահեռացման կոսմետոլոգիական մեթոդները, որոնց թվում է ոչ միայն տարբեր եղանակներով էպիլյացիան եւ սափրումը, այլ նաեւ՝ լազերի օգտագործումը։ Կան նաեւ տեստոստերոնի մակարդակն իջեցնող դեղամիջոցներ, բայց ինքնուրույն՝ առանց բժշկի նշանակման դրանք ընդունել չի կարելի:
Մասնագետները խորհուրդ են տալիս չանտեսել հիրսուտիզմի խնդիրը. պետք է պարզել այդ վիճակի պատճառը, քանի որ այն կարող է քողարկել ձվարանների եւ մակերիկամների ուռուցքները։