Այդ ճանապարհներով չեն անցնի հայ տղամարդիկ, որովհետև Ադրբեջանը նրանց համար ունի գոնե մեկ հոդված՝ Արցախում կռվելու հոդվածը, որով կարող են ձերբակալել և տանել Բաքու. փորձագետ. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Այդ ճանապարհներով չեն անցնի հայ տղամարդիկ, որովհետև Ադրբեջանը նրանց համար ունի գոնե մեկ հոդված՝ Արցախում կռվելու հոդվածը, որով կարող են ձերբակալել և տանել Բաքու. փորձագետ. pastinfo.am

Հակառակորդի բոլոր սադրանքներն ունեն մեկ հստակ նպատակ, դա Զանգեզուրով միջանցք ստանալն է: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհներին Ադրբեջանը սահմանային անցակետեր է դրել, ինչի հետևանքով Սյունիքի շուրջ 6 գյուղ՝ մոտ 700 բնակչությամբ, հայտնվել են շրջափակման մեջ: Այս գյուղերում ոչ միայն անվտանգային, այլ նաև սննդի և պարենային խնդիրներ են առաջացել:

Մեզ հետ զրույցում Կարեն Հովհաննիսյանը նշեց, սա շանտաժ է Ադրբեջանի կողմից՝ իր հեռահար նպատակներին հասնելու համար՝ խոսքը Սյունիքով միջանցքի մասին է եւ նկատեց, եթե իրավիճակը հաշվի առնելով նախապես այլընտրանքային ճանապարհներ կառուցվեին, այսօր նման խնդիր չէր առաջանա։

«Այս իրավիճակը կանխատեսելի էր դեռևս մարտ ամսից սկսած՝ ինքս եմ բարձրաձայնել, որ հնարավոր է նման զարգացումներ լինեն: Սյունիքում գյուղերը շրջափակման մեջ են հայտնվել, բայց այնպես չէ, որ շրջանցող ճանապարհներ չկան, պարզապես այդ ճանապարհները բանուկ կարող էին լինել և գյուղերը չհայտնվեին շրջափակման մեջ: Եթե մայիս ամսից այնտեղ ճանապարհներ կառուցվեին՝ նկատի ունենալով ադրբեջանցիների վարքը, նման իրավիճակ չէր ստեղծվի:Իրենք «գուգլի» քարտեզով ասում են՝ սա իմն է, իսկ «գուգլով» հստակ երևում է, որ ճանապարհները մեկ մտնում են «ադրբեջանական» տարածք, մեկ դուրս են գալիս ադրբեջանական տարածքից»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Փորձագետը շեշտեց, որ այդ տարածքներն, իհարկե, ՀՀ սուվերեն տարածք են, բայց Հայաստանի բարձրագույն իշխանության շուրթերից հնչել են, թե դրանք հայկական չեն՝ ադրբեջանական են, և անցնում են ադրբեջանական գյուղի միջով.

«Նույնիսկ գյուղի անվանումն է հնչել, այս դեպքում մենք այլևս միջազգային հարթությունում չենք կարող համարել, որ դրանք հայկական տարածքներ են: Որքան էլ մենք ասենք, որ դրանք հայկական են, բայց ամեն դեպքում, միջազգային և իրավական առումով՝ ՀՀ-ն, ըստ էության, ճանաչել է, որ դրանք Հայաստանի տարածքի մեջ չեն:

Եթե մենք որևէ ձայն բարձրացնենք, ադրբեջանցիներն ասելու են՝ դուք եք ասել, որ սա մերն է , մենք ճանապարհ չենք էլ փակել: Ադրբեջանցիները հետաքրքիր քայլ են արել, նրանք ճանապարհ չեն փակել, պարզապես մաքսակետ են դրել և միջազգային հանրության մոտ նույնպես դա են ասելու, որ ճանապարհ չենք փակել, այլ մաքսակետ են դրել , թող գան անցնեն»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ այդ ճանապարհով չեն անցնի հայ տղամարդիկ, որովհետև Ադրբեջանը նրանց համար ունի գոնե մեկ հոդված՝ Արցախում կռվելու հոդվածը, որով կարող են ձերբակալել և տանել Բաքու.

«Այս մի հոդվածը իրենց համար հերիք է, որ կասկածներ ունեն, թե օրինակ հայ վարորդը Արցախում մասնակցել է ռազմական գործողությունների և արհեստածին Խոջալուի ցեղասպանություն են իրականացրել»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Երեկ թեև ՊՆ-ն հերքել էր, սակայն այսօր Անվտանգության խորհուրդը հաստատեց, որ երեկ հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, ինչի հետևանքով հայկական չորս մարտական դիրքեր հայտնվել են շրջափակման մեջ:

Մեզ հետ զրույցում Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ Սյունիքից դեպի հյուսիս ընկած հատվածի մասին է խոսքը,բայց չցանկացավ հստակեցնել կոնկրետ տարածքը:

Փորձագետը միևնույն ժամանակ նշեց, որ ՊՆ-ն և, առհասարակ, մեր պետական տեղեկատվական դաշտը ոչ ճիշտ է աշխատում և իսկ ՊՆ հայտարարություններն այլևս դարձել են ոչ հավաստի.

«Երբ ՊՆ-ն հայտարարություն է տարածում, մենք մտնում ենք ադրբեջանական կայքեր՝ տեսնելու՝ արդյո՞ք ՊՆ-ն ճիշտ է ասում, թե խաբում է։ Ադրբեջանի տված տեղեկությունը մեր հասարակությունն ավելի հավաստի է համարում, քան, օրինակ, ՊՆ-ի տված տեղեկությունը»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Ստեղծված իրավիճակում Պաշտպանության նախարար է նշանակվում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Ըստ Կարեն Հովհաննիսյանի՝«իշխանությունն իր մերձավոր շրջապատից բերեց մեկին, որպեսզի հետագայում ավելի հարմար թեկնածու գտնի»:

Իսկ թե որքանո՞վ է նպատակահարմար այդ կարևոր պաշտոնին նշանակել ռազմական փորձ չունեցող մեկին, Կարեն Հովհաննիսյանն ասաց.

«ՊՆ նախարարը քաղաքական պաշտոն է, կարևոր է, որ ԳՇ պետն ունենա ռազմական փորձառություն և հմտություն: Եթե նույն հարթության մեջ նայենք, Վիգեն Սարգսյանն էլ չուներ ռազմական փորձառություն, բայց դա չխանգարեց, որ նա լավ բարեփոխումներ իրականացնի բանակում»:

Ինչ վերաբերում է ՊՆ արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքից ազատմանը՝ փորձագետը նշեց, որ դա կապում է սահմանին տեղի ունեցած երեկվա դեպքերի հետ.

«Ադրբեջանցիների հրապարակած տեղեկությունը՝ ինչ է տեղի ուենում և ՊՆ-ի տված տեղեկությունը չէին համապատասխանում իրար, վստահ եմ, որ վարչապետին ճիշտ չէին զեկուցել իրավիճակը, արդյունքում ունեցանք այս իրավիճակը»,-ասաց նա:

pastinfo.am