Կապանի հինգ գյուղերի բնակիչները երթուղայինով 1,5 ժամում հասնում են Ճակատեն, ապա նստում «Ուազ» ու գնում Կապան՝ սնունդ գնելու, բանկ այցելելու կամ բժշկի դիմելու համար. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Կապանի հինգ գյուղերի բնակիչները երթուղայինով 1,5 ժամում հասնում են Ճակատեն, ապա նստում «Ուազ» ու գնում Կապան՝ սնունդ գնելու, բանկ այցելելու կամ բժշկի դիմելու համար. pastinfo.am

Կապան խոշորացված համայնքի հինգ գյուղերի բնակիչները գլխավոր մայրուղու փակվելուց հետո մարզկենտրոն հասնելու համար ստիպված են երկու տրանսպորտային միջոց փոխել։

Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ օգտվում են չհիմնանորոգված հին ճանապարհից։

«Ճանապարհները մի քիչ դժվարանցանելի է, բայց գնում, գալիս ենք։ Մարշուտկաները դրել են, դրանք անցնում են դժվարանցանելի ճանապարհով։ Ուազների թիվը 1- ով ավելացել է։ Այսօրվանից մեր քաղաքապետը ֆորդ է տրամադրել՝ Ճակատենից՝ Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ գնալու համար։ Ուազները բնակիչներին տեղափոխում են ճակատեն, այնտեղից բերում բնակավայրեր։ Ստացվում է՝ երկու Ուազ աշխատում է արդեն՝ Ֆորդն էլ Ճակատեն-Ծավ-Հանդ-Սրաշենով է անցնում»։

Վարչական ղեկավարը պատմել է, որ Ներքին Հանդի բնակիչները օգտվում են Գեղանուշի այլընտրանքային ճանապարհից, թեեւ նոր կառուցվող ճանապարհին աշխատանքներ են տարվում։

«Երևի գրունտայինը 1-1․5 ամսից պատրաստ կլինի, չգիտեմ, իսկ այս պահին օգտվում ենք Գեղանուշի և Մերիի ճանապարհից, Մեղրիինը ավելի երկար է։ Գեղանուշով դուրս ենք գալիս Կապան։ Այդ ճանապարհը գրունտային է, ամենագնացների համար նորմալ ճանապարհ է։ Խճապատված է»։

Բաղդասարյանը պատմել է, որ նոր տրամադրված Ֆորդը առավոտյան ժամը 7-ից դուրս է գալիս Ծավից գյուղից, անցնում մյուս գյուղերով և 8-8․30 հասնում Ճակատեն, այնտեղից մարդկանց Ուազով են տեղափոխում Կապան ու ժամը 15։00-ին հետ վերադառնում գյուղեր։ Բնակիչները այդ կերպ կարողանում են լուծել խնդիրները նախկինի նման, կապ պահպանում մարզկենտրոնի հետ։

«Ամեն մարդ իր հարցով է գնում՝ մեկը բժշկի, մեկը՝ սննդի, մեկը՝ բանկի հետ կապված հարցերով, ոնց որ նախկինում աշխատում էր մարշուտկեն, մինչև ճանապարհը փակելը, հիմա նույն կերպ է։ Բայց Ճակատենում փոխվում է՝ մարդիկ իջնում են, նստում Ուազը՝ գնում Կապան, գործերը վերջացնում, նորից Ուազով հետ գալիս Ճակատեն։ Ֆորդն էլ գյուղերով մարդկանց բերում է տուն»։

Ներքին Հանդ գյուղում մանկապարտեզ չի գործում։ Դպրոցում դասապրոցեսը չի կանգնել, մանկավարժները գյուղից են։ Միայն տնօրենն է Կապանից ամեն օր իր մեքենայով գալիս գյուղ։ Բաղդասարյանը նշեց, որ չնայած կենտրոնի հետ կապը պահպանվում է, սակայն սա հարցի վերջնական լուծում չէ։

«Սա վերջնական լուծում չէ, հիմա չոր է, ճանապարհները բաց են, բայց որ անձրև ու ձյուն գա, անանցանելի է լինելու, խնդիրներ կլինեն։ Գեղանուշի ճանապարհին, եթե ձյուն գա, չենք կարողանա օգտվել ։ Սպասում ենք նոր կառուցվող ճանապարհին, եթե կառուցվի, լավ կլինի։ Իհարկե, հիմա աշխատում են, քարոտ տեղեր կան, աշխատում են մեծ ծավալով, բայց չգիտեմ երբ պատրաստ կլինի»։

Բժիշկները Ներքին Հանդ հաճախ են այցելում, նույնիսկ պատվաստում են իրականացնում։ Այստեղ նաև բուժքույր է աշխատում, ԱԻՆ-ն էլ մեկ ամենագնաց է տրամադրել՝ արտակարգ դեպքերի համար։

Բաղդասարյանը նշեց՝ հացի խնդիր չունեն՝ Ծավ գյուղից են շաբաթը երկու անգամ մատակարարում բնակիչներին։ Այստեղ մթերային խանութ էլ չի գործում։ Ասում է՝ եթե ֆինանսավորող գտնվի, հենց այսօր էլ պատրաստ են խանութ բացել։

«Խանութ չունենք, մթերքն էլ Ծավից ենք բերում, իհարկե, որ մեքենայով գնում են, կենտրոնից ամեն մեկն իր հարցը լուծում է, կամ ասում ենք՝ բերում են։ Եթե ֆինանսավորող լինի, ես հիմա էլ մթերային խանութ կբացեմ»,- ասաց վարչական ղեկավարը։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում նոյեմբերի 15-ին՝ ժամը 00։00-ից սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը անցակետ էր տեղադրել, Կապանի 6 գյուղ հայտնվել կիսաշրջափակման մեջ։

pastinfo.am