ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցնում է` «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխության հետևանքով դպրոցներում 2 տնօրեններ չեն լինի։ Անդրեասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց այդ մասին` անդրադառնալով օրենքում փոփոխության հետ կապված հնչող մտահոգություններին։
Հայտնել էինք, որ նոյեմբերի 25-ին կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է տարանջատել դպրոցների վարչատնտեսական ու կրթական կառավարումները։ Դպրոցների տնօրենները, ինչպես նաև կրթության փորձագետները միակարծիք չեն այս փոփոխության առնչությամբ, քանի որ մտածում են, որ երկիշխանություն կստեղծվի։
«Նոր օրենքով նախատեսվում է, որ դպրոցներում կլինի տնօրեն, որը պատասխանատու կլինի բովանդակային հարցերի` կրթության որակի համար, և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող։ Դպրոցում պահանջատերը մանկավարժներն ու ուսումնական գծով տնօրենն են, որոնք ներկայացնելու են պահանջը, թե ինչի կարիք կա, իսկ վարչատնտեսական համակարգողը հոգալու է այդ կարիքները»,–ասաց Անդրեասյանը։
Հարցին, թե ունե՞նք այդքան մասնագետներ հանրակրթական 1400 դպրոցներում նոր հաստիքներ ավելացնելու համար` Անդրեասյանը պատասխանեց, որ նախ կարիք կա դպրոց որակյալ աշխատակազմ բերելու, սակայն օրենքի այս դրույթը պետք է ուժի մեջ մտնի միայն 2023-ի հունվարից։ Իսկ սա, ըստ փոխնախարարի, նշանակում է, որ բավարար ժամանակ կա անհրաժեշտ աշխատանքները անելու` ինչպես ենթաօրենսդրական ակտերը մշակելու, այնպես էլ վերապատրաստումներ իրականացնելու համար։
Մեր նկատառմանը, թե մտահոգություներ են հնչում, որ փոփոխության հետևանքով փոխտնօրենների հաստիքները կկրճատվեն` Անդրեասյանն արձագանքեց, որ փոխտնօրենների գործառույթը պետք է վերաիմաստավորել, բայց այդ հաստիքները հանելու մասին խոսք չկա։
«Երբ մենք նոր պայմաններ ենք թելադրում դպրոցի տնօրենի համար, սա ենթադրում է շղթայական փոփոխություն մյուսների աշխատանքում։ Առհասարակ, դպրոցում աշխատողների պաշտոնի նկարագրերը պետք է վերանայվեն, սակայն չեմ կարծում, որ կարող է լինել մի հաստատություն, որի ղեկավարը չպետք է ունենա տեղակալ։ Փոխտնօրենի հաստիքի կրճատման կամ վերացման մասին խոսք չկա, սակայն պաշտոնի նկարագրերը պետք է վերանայվեն»,-ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` դպրոցի տնօրեններն ընտրվում են զարգացման ծրագրերի հիման վրա, և դրանք այս պահին հիմնականում կապ չունեն կրթության որակի հետ։ Այդ ծրագրերում բարձրացվում են գույքի պահպանման, վերանորոգման հարցեր։ Իսկ օրենքի փոփոխությամբ, ըստ փոխնախարարի, հստակ չափանիշներ են սահմանվելու զարգացման ծրագրերում կատարողական ցուցիչների մասով։
Օրինակ, նվազագույնն ինչպիսի՞ առաջադիմություն պետք է ցուցաբերեն սովորողները. պետք է լինի նշված շրջանավարտների որոշակի տոկոս, որոնք իրենց կրթությունը կշարունակեն բուհերում կամ միջին մասնագիտական կենտրոններում։ Բացի այդ, զարգացման ծրագրերում պետք է ներառված լինեն օլիմպիադային մասնակից երեխաների թիվը, առաջադիմության այլ ցուցանիշներ։ Անդրեասյանը նշում է` սա պետք է մղի, որ դպրոցի տնօրենը հավաքի որակյալ աշխատակազմ, որպեսզի իր առջև դրած խնդիրները լուծի։