«Այստեղ երեխաներն «ապրում և աշխատում» են միայն իրենց համար ստեղծված քաղաքում»
Advertisement 1000 x 90

«Այստեղ երեխաներն «ապրում և աշխատում» են միայն իրենց համար ստեղծված քաղաքում»

Համաշխարհային նորագույն թրենդը եկել է փոխարինելու երեխաների զվարճանքի կենտրոններին՝ վերածելով դրանք առավելապես ուսուցողական կենտրոնների և երեխաների համար նախատեսված ինտերակտիվ զարգացնող նախագծերի: Ժամանակին արդիական և մեծ պահանջ վայելող մանկական ատրակցիոններն իրենց դասական ձևի մեջ արդեն մահանում են: Համակարգչային խաղեր խաղալու համար երեխաներն այլևս ստիպված չեն այցելելու համապատասխան զվարճանքի վայրեր, դրանք արդեն իրենց կողքին են՝ ներբեռնված հեռախոսներում, պլանշետներում և անձնական համակարգիչներում:

Հետևաբար՝ գլոբալ նոր թրենդ է դառնում երեխաների զվարճանքի վայրերի վերածումը ինտերակտիվ զարգացնող կենտրոնների, որից տարածաշրջանում առաջինն առաջիկա ամիսների ընթացքում կբացվի մեր երկրում՝ Հայաստանում, և որի մասին 168.am-ին մանրամասներ է պատմում CityZen մասնագիտությունների քաղաք նախագծի ղեկավար Արեն Ապիկյանը:

– Ի՞նչ է իրենից ներկայացնելու «ՍիթիԶեն» մասնագիտությունների քաղաքը:

– «ՍիթիԶենը» երեխաների ինտերակտիվ զարգացնող նախագիծ է, իրական քաղաք, որտեղ երեխաները խաղային միջավայրում բացահայտում են տարբեր մասնագիտություններ, ձեռք են բերում աշխատանքային և կյանքի հմտություններ, ուսումնասիրում են ժամանակակից հասարակության կառուցվածքը, ոգեշնչվում են նոր գիտելիքների ստացմամբ։ Այս նախագիծը նորարարություն է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար: «Փլեյ Սիթի» զվարճանքի կենտրոնը և վարպետների մանկական քաղաք «Մաստերսլավլը» (Ռուսաստան) կնքել են համագործակցության լիցենզիոն պայմանագիր, համաձայն որի՝ Երևանում՝ «Փլեյ Սիթիի» ներկայիս տարածքում, կգործարկվի «ՍիթիԶենը»։

– Ինչպե՞ս ծագեց նախագիծը Հայաստանում կյանքի կոչելու գաղափարը:

– Մեր մանկության ժամանակ երեխաներին դժվար էր համոզել փողոցից տուն գալ, իսկ հիմա երեխաներին չես կարողանում համոզել տնից փողոց դուրս գալ։ Ցավոք, մեր երեխաները նաև հաճախ զրկված են բակերում խաղալու հնարավորությունից և սկսում են քիչ շփվել միմյանց հետ։ Այսինքն՝ երեխաները մեկուսացվում են, ամեն մեկը՝ իր համար, իր տանը, իր հեռախոսի մեջ, և դա շատ լուրջ մարտահրավեր է ժամանակակից ծնողների համար։ Հետևաբար՝ երեխաների համար պետք է ստեղծել միջավայր, որը կփոխարինի բակին, մի վայր, որտեղ երեխաները կկարողանան խաղալ, շփվել և համագործակցել միմյանց հետ: Միաժամանակ խաղի միջոցով երեխաները ստանում են նոր գիտելիքներ և հմտություններ։ Այս կոնցեպտը կոչվում է edutainment՝ ներառելով իր մեջ կրթության և զվարճանքի տարրեր:

Հիմա համաշխարհային մասշտաբներով շատ լուրջ խնդիր կա աշխարհում՝ ԱՄՆ-ում, օրինակ, մակապարտեզի երեխաների մոտ հարցում են անցկացրել, հարցրել են՝ ինչի՞ց է պատրաստվում կարտոֆիլի ֆրին, որ դուք ամեն օր ուտում եք: Պարզվում է՝ երեխաների ճնշող մեծամասնությունը չի կարողացել պատասխանել հարցին: Նրանց մեծամասնությունը հավանաբար չի տեսել իսկական կարտոֆիլ, որովհետև արդեն տարիներ շարունակ այդ կարտոֆիլը կտրատած և սառեցված վիճակում վաճառվում է խանութներում: Նույն սկզբունքով երեխաները չեն իմացել, թե ինչից է պատրաստվում կետչուպը: Սա իրականում դժբախտություն է:

Իհարկե, մեզ մոտ դեռ այդ աստիճան վատ չէ վիճակը, բայց դա գլոբալ թրենդ է և չի կարող չանհանգստացնել։ Հետևաբար՝ նմանատիպ նախագծերը երեխաներին տալիս են այն գիտելիքները, որ մենք մանկուց ստացել ենք: Այն, ինչ մենք կառուցում ենք, իրենից ներկայացնում է մանկական քաղաք, որտեղ երեխաները զվարճանում են, խաղում, զուգահեռ՝ նաև սովորում: Ի դեպ, երեխաներն այստեղ իրենց կատարած աշխատանքի դիմաց վարձատրվում են, սա պարզապես իմիտացիա է իրական կյանքի, չէ՞ որ երեխաներն ուզում են շուտ մեծանալ, մեծերի կյանքով ապրել:

Ինչի՞ համար են տղաներն, ասենք, կռիվ-կռիվ խաղում, կամ աղջիկները՝ տուն-տունիկ: Իրականում սա էլ մեծ չափերի տուն-տունիկ է. այստեղ երեխան մեծերի կյանքով ապրելու հնարավորություն է ստանում: Սա մի միջավայր է, որտեղ մտնող երեխան հայտնվում է իրական քաղաքի մեջ, որտեղ կան իրական շենքեր, կան իրական հաստատություններ՝ հիվանդանոց, քաղաքապետարան, բանկ, ոստիկանություն և այլն: Այստեղ երեխաներն «ապրում և աշխատում» են միայն իրենց համար ստեղծված քաղաքում և կարող են ու պետք է տնօրինեն իրենց վաստակած գումարն այնպես, ինչպես իրենք կցանկանան՝ օրինակ, կաորող են ծախսել այն, խնայել բանկում ներդրած ավանդի տեսքով, կամ բարեգործություն անել, և այլն։

– Ո՞րն է նմանատիպ քաղաք ստեղծելու նպատակը:

– Նպատակը, ինչպես և ասացի, նախևառաջ երեխաներին գաջեթներից կտրել և վերադարձնել նրանց կենդանի շփման ուրախությունը: Երկրորդ գլխավոր նպատակը՝ սովորեցնել երեխաներին լինել քաղաքակիրթ, ինքնուրույն որոշումներ կայացնել, սիրել իրենց քաղաքը և երկիրը, հոգատար լինել քաղաքի և երկրի նկատմամբ, հարգել մեծերին, փոքրերին և միմյանց։ Երրորդ նպատակն է՝ երեխաներին խաղի միջոցով գիտելիքներ փոխանցել այս կամ այն մասնագիտության մասին, որը միտված չէ համարվելու պրոֆեսիոնալ կրթահամալիր, պարզապես երեխաների մեջ արթնացնելու է հետաքրքրություն տարբեր մասնագիտությունների նկատմամբ:

Օրինակ, այս քաղաք հաճախող երեխան առաջին անգամ կարող է սեփական մաշկի վրա զգալ, թե ինչ է իրենից ներկայացնում հրշեջ փրկարարի կամ ոստիկանի աշխատանքը, կամ հագնելով սպիտակ խալաթը՝ իրեն պատկերացնել իրական բժշկի առօրյայում, հասկանալ՝ ի՞նչ աշխատանք է կատարում բժիշկը: Շատ անգամ առաջին իրական փորձերը երեխաները ստանում են հենց այս քաղաքում, հասկանալով՝ կարո՞ղ են կամ ուզո՞ւմ են արդյոք իրենք հետագայում մասնագիտանալ այս կամ այն ոլորտում, ձեռք բերել այս կամ այն մասնագիտությունը:

Քաղաքի «բնակիչներն» ունենալու են անձնագրեր, բանկային քարտեր, ապահովագրություն և վարորդական իրավունք, եթե, իհարկե, կարողանան անցնել նախատեսվող բոլոր համապատասխան քննությունները: Մի խոսքով, այս քաղաքում կյանքը մաքսիմալ մոտ է իրականին։ Այստեղ մենք ներդրել ենք նաև որոշակի փիլիսոփայություն՝ բոլոր երեխաները քաղաքի ներսում ունեն հավասար հնարավորություններ և իրավունքներ:

Մտնելով քաղաք՝ բոլոր երեխաները հայտնվում են հավասար պայմաններում, որովհետև ստանում են հավասար չափով գումար, նրանցից յուրաքանչյուրը պետք է աշխատի, եթե ուզում է ընդլայնել իր ֆինանսական վիճակը, ճիշտ այնպես, ինչպես քաղաք հաճախող մնացած բոլոր երեխաները: Եթե գումարը վերջանում է, ուրեմն, ինչպես ռեալ կյանքում՝ գումարը վերջանում է, և վերջ: Այստեղ ծնողի կարողություններն իրեն չեն օգնի։ Վաստակելու համար պետք է աշխատել:

Կան թափուր աշխատատեղեր՝ պահանջվում են բանվորներ, ոստիկաններ կամ բուժքույրեր՝ համապատասխան աշխատավարձով: Այսինքն, հասկանում եք՝ այստեղ՝ քաղաքի ներսում, չկան մայրիկը կամ հայրիկը, որոնցից կարելի է գնալ ու գումար խնդրել՝ ինչ-որ բան անելու համար: Քաղաքը նաև ամբողջովին հարմարեցված և հասանելի է լինելու սահմանափակ հնարավորություններով երեխաների համար։ Ամենուրեք կլինեն թեքահարթակներ, վերելակ, հատուկ հարմարեցված զուգարան։

– Այս քաղաքում կառուցված բոլոր հաստատություններն իսկապե՞ս իրական են:

– Այո, բոլոր հաստատությունները լինելու են իրական: Եթե մենք խոսում ենք բանկի մասին, ապա դա ունենալու է իրական բանկի տեսք և իրական Հայաստանում գործող բանկերից մեկի անվանում, եթե լինելու է տեխնոլոգիական կենտրոն, ապա անպայման ներկայացված է լինելու իրական բրենդով: Որոշ հաստատությունների համար մենք նաև համագործակցելու ենք պետական կառույցների հետ։ Օրինակ, քաղաքում երեխաների համար կառուցված գեղարվեստի ակադեմիայի պարագայում մենք համագործակցելու ենք Ազգային պատկերասրահի հետ:

Այսինքն՝ Ազգային պատկերասրահը կրթելու է մեր քաղաք հաճախող երեխային՝ փոխանցելով նրան արվեստի մասին համապատասխան գիտելիքներ: Մեր քաղաքի սրտում՝ կենտրոնական հրապարակում, լինելու է գրքի տուն, որտեղ երեխաները կծանոթանան տարբեր գրականության և գրքերի, հրատարակչության աշխատանքի հետ։: Սա շատ կարևոր է՝ երեխաների մոտ գրքի նկատմամբ սեր արթնացնելու համար: Այս պարագայում ևս մենք իրական հրատարակչության հետ ենք համագործակցելու:

– Երեխաների մասնակցության պարագայում տարիքային սահմանափակումներ լինելո՞ւ են:

– Այո, այս քաղաքի բնակիչներ կարող են դառնալ 4-14 տարեկան երեխաները: Միաժամանակ ավելի փոքր երեխաների համար կգործի մանկական սենյակ։

– Անդամագրման կամ մուտքավճարի համար սահմանված գումարներ լինելո՞ւ են:

– Մուտքը սահմանված է տոմսերով, որոնց գները տատանվելու են՝ կախված սեզոնից, շաբաթվա օրերից ու ժամերից, և այլն: Այսինքն, շաբաթ և կիրակի օրերին մուտքի տոմսն ավելի թանկ է լինելու, քան աշխատանքային օրերին, արձակուրդների ընթացքում այլ գին կսահմանվի, և այլն: Այս պահին դեռևս գինը, գնային քաղաքականությունը մշակման փուլում է: Մի բան, սակայն, հստակ է՝ այս քաղաքը լինելու է ավելի մատչելի, քան սովորական զվարճանքի կենտրոններն են, քանի որ ծնողները հստակ կիմանան, որ վճարված տոմսի գումարի դիմաց երեխաները մի քանի ժամ աննկարագրելի ժամանակ կանցկացնեն, և հավելյալ գումար իրենցից չի պահանջվելու:

– Իսկ ովքե՞ր են համակարգելու երեխաների կյանքն այս քաղաքում՝ համապատասխան մասնագետնե՞ր, թե՞ մանկավարժներ:

– Լինելու են «ավագներ», այդպես են կոչվում այն երիտասարդները, ովքեր կհամակարգեն փոքրիկների կյանքը քաղաքի ներսում: Քանի որ սա կրթական հիմնարկ չէ, այստեղ աշխատելու համար խորը մասնագիտական գիտելիքներ ունենալը պարտադիր պայման չէ։ Աշխատակիցներից պահանջվում է լինել ուրախ, երջանիկ, երեխաներին շատ սիրող և առանց կոմպլեքսների: Պարտադիր պայմանը երեխաներին երջանիկ դարձնելն է, իսկ երեխաներին երջանիկ դարձնել կարող է միայն նա, ով ինքը երջանիկ է:

– Ե՞րբ է նախատեսվում «ՍիթիԶենի» բացումը:

– Այս պահին ակտիվ շինարարական և կազմակերպչական աշխատանքներ են ընթանում։ Նախատեսում ենք, որ բացումը կլինի այս տարվա գարնանը։ Ավելի հստակ ժամկետների մասին կտեղեկացնենք առաջիկայում։

ՆՎԱՐԴ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Լուսանկարները՝ Мастерславль. Город мастеров для детей