Կոֆեինը բարելավում է զգոնությունը եւ շարժվող թիրախները հայտնաբերելու ճշգրտությունը եւ բարելավում է ռեակցիան: Նման եզրակացության են հանգել Կանադայի Վաթերլուի համալսարանի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքների մասին հաղորդվում է Psychopharmacology ամսագրում հրապարակված հոդվածում:
Տեսողության սրությունը մանր դետալները հայտնաբերելու եւ ճանաչելու մարդու կարողության մեջ է եւ կարող է չափվել ստատիկ (ստացիոնար) կամ դինամիկ (շարժվող) պայմաններում: Դինամիկ տեսողական սրությունը հատկապես կարեւոր է շատ առօրյա գործողությունների մեջ: Նոր գիտական ուսումնասիրության ընթացքում հետազոտողները ստուգել են, թե ինչպես է կոֆեինը բարելավում տեսողական տեղեկատվության մշակումը:
Հետազոտությանը մասնակցել է 21 կամավոր: Մի օր հետազոտության մասնակիցները կոֆեինի դեղապատիճ (չորս միլիգրամ մասնակցի մեկ կիլոգրամ քաշին) են ընդունել, իսկ մյուս օրը՝ պլացեբո դեղապատիճ։ Վաթերլոյի համալսարանում մշակված եւ հաստատված համակարգչային թեստի օգնությամբ չափել են յուրաքանչյուր մասնակցի տեսողության դինամիկ սրության հմտությունները կոֆեինի ընդունումից մեկ ժամ առաջ եւ մեկ ժամ անց:
Կոֆեինի դեղապատիճն ընդունած մասնակիցները զգալիորեն ավելի մեծ ճշգրտություն եւ ավելի մեծ արագություն են ցույց են տվել փոքր շարժվող թիրախները հայտնաբերելիս։ Աչքերի շարժման արագությունը եւ կոնտրաստային զգայունությունը, որոնք ազդում են տեսողության դինամիկ սրության վրա, զգայուն էին նաեւ կոֆեինի ընդունման նկատմամբ:
Գիտնականների կարծիքով` կոֆեինի օգտագործումը կարող է օգտակար լինել մարդու տեսողական ֆունկցիայի համար՝ բարձրացնելով զգոնությունը եւ արթնության զգացումը: Դա կարեւոր է ավտոմեքենա վարելու, հեծանիվ վարելու կամ սպորտով զբաղվելու համար: