Մայաների քաղաքակրթության և աշխարհի կործանման մասին
Advertisement 1000 x 90

Մայաների քաղաքակրթության և աշխարհի կործանման մասին

Պատմաբան Վահե Անթանեսյանը Facebook-յան իր էջում ներկայացրել է մայաների քաղաքակրթության մասին պատմությունը:

«Վերջերս շատ է խոսվում, աշխարհի կործանման մասին: Բերվում են տվյալներ, վիճակագրություն, անգամ հայտնվեցին մերօրյա պայծառատեսներ, ովքեր շտապեցին հայտարարել աշխարհի կործանման «ավետիսը»: Սակայն երկիրն այնուամենայնիվ, չի կործանվել…

Գաղափարի ջատագովները հաճախ մատնացույց են անում մայաների օրացույցը, որն ավարտվում է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին: Դա մեր ժամանակների «պայծառատեսներին» հուշում է, թե հենց այդ օրն է ի վերուստ, աստվածների կողմից սահմանված աշխարհի կործանման տարեթիվը:

Նախ, ովքեր են մայաները: Մինչև աշխարհի կործանման մասին վերջերս տարածված հեքիաթը, քչերը գիտեին մայաների մասին: Եղածների պատկերացումներն էլ սահմանափակվում էին գեղարվեստական ֆիլմերից ստացած թյուր պատկերացումներով: Ամեն դեպքում, մայաները «քաղաքակիրթ» Եվրոպային հայտնի էին որպես արյունարբու և վայրենի մարդասպաններ, ովքեր միջնադարում անգամ մարդկային զոհաբերություններ էին կատարում, և ովքեր վերջապես «լուսավորվեցին» շնորհիվ Քրիստոսի խաչի կամ շնորհիվ եվրոպական ներխուժման: Մայաները հանրությանը հայտնի էին նաև շոկոլադի գյուտով: Նրանք են առաջինը հայտնագործել շոկոլադն ու փոխանցել ացտեկներին: Մայաներին է պատկանում նաև ծխախոտի հայտնաբերման պատիվը: Նրանք ծամում և ծխում էին ծխախոտի տերևները, վիրավորներին և հիվանդներին բուժելու համար օգտագործում էին ծխախոտի տերևներից և դեղաբույսերից պատրաստված քսուկներ: Իսպանացի Ռոդրիգո դե Չերեզը առաջինն էր եվրոպացիներից, ով մայաներից ընդօրինակեց ծխելը: Երբ կաթոլիկ հոգևորականները տեսան, թե ինչպես է Չերեզի բերանից և քթից ծուխ դուրս գալիս, որոշեցին, որ նա հաղորդակցվում է չար ոգիների հետ և ինկվիզիցիան Չերեզին բանտ նետեց:

Իսկ մարդկային զոհաբերությունների մասին պատումը լիովին իրականություն է, սակայն աշխարհի հնագույն քաղաքակրթություն ունեցող բոլոր ժողովուրդներն անցել են ծիսական այդ արարողակարգի միջով: Չնայած, մայաները մարդկային զոհաբերություններ կատարել են լոկ առանձնահատուկ դեպքերում, և դա ամենօրյա, անգամ մասսայական բնույթ չի կրել: Իսկ մայաների մասին շրջանառվող արյունարբու սովորույթները պատկանել են նրանց թշնամի տոլտեկների ցեղին, որոնք սովորություն ունեին ոչ միայն մասսայական մարդկային զոհաբերություններ կատարել, այլև նախքան զոհելը տանջում էին զոհին, մորթելուց հետո հանում նրա դեռևս բաբախող սիրտը: Մայաների մայրաքաղաք չեչեն-Իցայում գտնվող Ցոմպանտիլում` «Գանգերի պալատում» հնագետները գտան տասնյակ հազարավոր գանգեր: Սակայն պալատի քանդակների և արձանագրությունների վերլուծությունը ցույց տվեց, որ դրանք տոլտեկների դաժան սովորույթյունների նկարագրություններն են: Նրանք գերիներին գլխատում էին, գանգերը որոշ ժամանակ ցցի վրա պահում, ապա նետում այդ պալատը: Մայաները հիմնականում անարյուն զոհաբերություններ էին կատարում. մասնավորապես, կույս աղջիկներ էին զոհաբերում Յում-Կաշին` ջրի հովանավոր աստծոն` աղջիկներին և անհամար գանձեր նետելով հատուկ ջրհորի մեջ: Այլ էին տոլտեկների ծեսերը. նրանք նախապես զոհին կապում էին խոշտանգասյունին, մոտենում էր քուրմը, դանակով պատռում էր զոհի որովայնը, արյան շիթով ցողում տոտեմի արձանը: Ապա զոհի մարմինը ներկում էր կապույտով, սպիտակ գույնով թողնելով միայն սրտի շրջանը: Դրանից հետո զինվորները ծիսական պարերով նետահարում էին զոհին:

Առգահասարակ, մայաների ծագման մասին բազում վարկածներ կան: Ուսումնասիրողներից շատերը մայաներին Ամերիկայում տեղաբնակ չեն համարում և ոմանց կարծիքով` նրանք Ամերիկյան մայրցամաքում եկվորներ են:

Մայաների, ոչ ամերիկյան ծագման տեսության համար հիմք է ծառայում նրանց աստվածների պանթեոնը, մեհենագրերը, չափազանց զարգացած աստղագիտությունը, մաթեմատիկան, և ամենից առավել` փառահեղ, հին Ամերիկայում ամեն ինչ գերազանցող ճարտարապետությունը: Գոյություն ունեն անգամ գրավոր աղբյուրներ: «Պոպոլ-Վուխ» գրքում, որ կիչե ցեղի մայաների յուրօրինակ աստվածաշունչն է և 16-րդ դարում անգամ հրատարակվել է լատիներենով, պատմում է երեք դյուցազունների մասին, ովքեր ճանապարհորդում են դեպի արևելք, որպեսզի հպատակվեն և հավատարմության երդում տան զորեղ տիրակալին: Ով էր այդ զորեղ տիրակալը, ինչ երկրից էին ճանապարհորդում այդ դյուցազունները: Միգուցե մենք գործ ունենք Ատլանտիդայի մասին մի պատումի հետ:

Իսկ չեխ գիտնական, պետական խորհրդական, մասնագիտությամբ ճարտարապետ Ալբերտ Էյհորնը իր գրքերից մեկում («Նաուալ, կամ մայական ժողովուրդների,նրանց հետնորդների և աշակերտների ճարտարապետական ու գեղարվեստական հորինվածքի մեծ գիտությունը») համարձակ կարծիք հայտնեց, թե մայաների ճարտարապետությունը ուղղակիորեն կապված է Հին Հունաստանի ճարտարապետության հետ, և որ տրամաբանության բոլոր օրենքներով, երկրագնդի այդ երկու շրջանների միջև դեռևս հնուց պետք է կապ լիներ: Այլ կերպ ասած` Էյհորնը մայաների ծագումն ու ակունքները բխեցնում էր Բալկանյան թերակղզուց:
Առհասարակ մայաների և ենթադրյալ Ատլանտիդայի մասին կա գրավոր վկայություն. «Չիլամ-Բալամի» գրքերից մեկում` ՙՅագուար մարգարեի գրքում՚ գրված է «Հանկարծակի հորդաց վիթխարի հեղեղը, հորդ անձրևը, երբ տասներեք աստվածները զրկվեցին իրենց գայիսոններից, փլվեց երկինքը, ընկավ ցած, երբ չորս աստվածները, չորս բակաբաները կործանեցին նրան…»: Արդյոք գրվածքը չի վերաբերվում Ատլանտիդայի կործանմանը:

Այս առումով շատ հեռուն գնաց ֆրանսիացի գիտնական Լե-Պլոնժոնը: նա հրատարակեց «Մայաների և կիչեների 11 500 տարի առաջ գոյություն ունեցած սրբազան միստերիաները և դրանց հարաբերակցությունը Եգիպտոսի, Հունաստանի, Քաղդեայի և Հնդկաստանի միստերիաներին» ուսումնասիրությունը, ուր պնդում էր, թե մայաների և հին Հունաստանի միջև մշտական կապ է եղել: Մայաների ճարտարապետությունը նա դիտարկում էր որպես փառաբանում հունական աստվածներին: Անգամ պնդում էր, թե մայաների բառերի երեք քառորդն ունեն հունական արմատներ և ծագում: Անգամ չափի մետրական համակարգի գյուտը վերագրում է մայաներին, չբացատրելով սակայն, թե երբ և որտեղ են նրանցից ընդօրինակել եվրոպացիները: Լե-Պլոնժոնի հավաստմամբ անգամ մասոնությունը մայական ծագում ունի և եվրոպական մասոնությունը մայաների գաղտնի միությունների ընդօրինակումն է: Իսկ դոկտոր Պոլ Շլիմանը` հանրահայտ հնագետ, Տրոյայի հայտնագործող Հենրիխ Շլիմանի թոռը, անցավ բոլոր սահմանները: 1919 թվականին նա հոդված հրատարակեց «Ինչպես ես հայտնագործեցի Ատլանտիդան, համայն քաղաքակրթության ակունքը»:

Հոդվածում նա գրեց, թե իբր, պապի արխիվում գտել է տարբեր գրավոր վկայություններ Ատլանտիդայի գոյության վերաբերյալ և մայաներին համարում է ատլանտների հետնորդները: Իր «հայտնագործությունը» հիմնավորելու համար դոկտոր Շլիման Կրտսերը մեջբերումներ է կատարում մայաների Տրո-կորտեզյան կոդեքսից, որ, իբր, կարդացել է Բրիտանական թանգարանում: Սակայն Շլիմանի սուտը բացահայտվեց: պարզվում է, կոդեքսը գտնվում է Մադրիդի թանգարանում և երբևէ չի լքել այն:

Մայաները Կենտրոնական Ամերիկայի հնագույն բնիկներից են, որ հարուստ քաղաքակրթություն են ստեղծել: Դեռ հազարամյակներ առաջ մայաներն ուներին գրային մշակույթ: Նրանց մոտ կիրառական արվեստներից զարգացած էր հատկապես ճարտարապետությունը: Մայաների տաճարները այսօր էլ իրենց վեհ տեսքով հիացմունք են պատճառում: Մայաների մոտ զարգացած էին գիտության տարբեր ճյուղեր` մաթեմատիկան, երկրաչափությունը, աստղագիտությունը, տոմարագիտությունը… Հատկապես մաթեմատիկան մայաների մոտ մեծ զարգացում ուներ: Մաթեմատիկական զրոն նրանք կիրառել են շատ դարեր առաջ քան հին Հնդկաստանում: Մայաների քաղաքակրթությունը զարգացման գագաթնակետին հասավ 9-10 րդ դարերում, սակայն շուտով նրանց հասարակարգը կործանվեց` հյուսիսից ներխուժած տոլտեկների ցեղախմբերի հարձակման արդյունքում: Այս վայրենի ցեղերը կարողացան ոչնչացնել մայաների հարուստ մշակույթն ու հասարակարգը: Սակայն տոլտեկներն իրենք ի զորու չեղան ստեղծել սեփական հասարակարգը և նրանք ամբողջովին ձուլվեցին բնիկ մայաներին: 12-րդ դարից սկսած կայացավ մայաների երկրորդ վերածնունդը, որն էլ, ավարտվեց իսպանացիների` ամերիկյան մայրցամաք ներխուժումով:

Հատկանշական է, որ իսպանացիների կողմից Ամերիկայի նվաճումը հեշտացավ մայաների հավատալիքների պատճառով: Բանն այն է, որ արևապաշտ մայաների մոտ արևը պատկերված էր շիկահեր, սպիտակամաշտ մարդու դեմքով և ամերիկյան մայրցամաք ոտք դրած իսպանացիներին մայաներն ընկալեցին որպես աստվածորդիներ:

Սակայն մայաների պատմության մեջ բազում են նաև առեղծվածները. մինչ օրս Կենտրոնական Ամերիկայի ջունգլիներում պահպանվել են մայաների կառուցած ամբողջական քաղաքներ, տաճարներ. ինչու են նրանք լքվել, ինչ պատճառով և երբ սրանք հարցեր են, որոնց պատասխանները մինչ օրս հայտնի չեն գիտությանը: Եվ, մեկ բան էլ. մայաները չնայած գիտության որոշ ճյուղերի զարգացմանը, երբևէ մետաղ չեն կիրառել: Նրանց անհայտ էր անգամ անիվի գյուտը: Սրանք հարցեր են, որ բազում տարակարծությունների և հարցապնդումների տեղիք են տալիս:

Ամեն դեպքում, այսօր մայաների օրացույցը բազում հարցապնդումների տեղիք է տալիս, անգամ տասնյակ հազարավոր մարդկանց շրջանում խուճապ է առաջացնում: Խնդիրը կայանում է նրանում, որ մայաների օրացույցը սկսվում է մ.թ.ա. 3114 թվականի օգոստոսի 21-ին և ավարտվում է 2012 թվականի դեկտեմբերի 12-ին, չնայած` նրանում ակնարկ անգամ չկա աշխարհի կործանման մասին:

Ուսումնասիրողներին, կամ ավելի ճիշտ այս խուճապի հեղինակներին վախեցրել է Կոմալկալկո տաճարի պատին զետեղված աղյուսե մի քարտեզ, ուր պատկերված են երկնային լուսատուները իրենց պտույտներով: Սակայն մերօրյա ուսումնասիրողները հերքեցին առհասարակ դրա կապը մայաների հետ: Մասնավորապես, Մոսկվայի պետական հումանիտար համալսարանի պրոֆեսոր Գալինա Երշովան, որը միաժամանակ Յուրի Կնորոզովի անվան Մեզոամերիկյան կենտրոնի տնօրենն է և ռուս-մեքսիկական մշակութային կենտրոնի տնօրենը, մայաների լեզվի բացահայտող և հայտնագործող Յուրի Կնորոզովի ուսանողը, իր ուսումնասիրությունների արդյունքում հայտարարեց, որ բոլորին վախեցնող այդ քարտեզը որևէ աղերս չունի մայաների քաղաքակրթության հետ և դա պատկանում է ացտեկներին:

Մայաների բուն օրացույցը հայտնաբերվել է 1950 ական թվականներին և վերծանվել քսան տարի անց: Այն բաղկացած է 13 ցիկլից և սկսվելով մ.թ.ա. 3114 թվականով, ավարտվում է 2012 թվականի դեկտեմբերի 21-ով: Այստեղ զարմանալի ոչինչ չկա և մասնագետների բնորոշմամբ, օրացույցում պատկերված է մեր համակարգի անցումը Ձկի համաստեղությունից դեպի Ջրհոսի համաստեղություն: Այլ կերպ ասած` այդ օրը արեգակը կհայտնվի Ծիր Կաթինի հատվածում: Չնայած, ոչ բոլորն են մայաների օրացույցից վատ հետևություններ անում: Ոմանք հավատացնում են, թե այդ օրը երկրին սպասվում է հոգևոր վերածննդի, լուսավորության դարաշրջանի սկիզբը:
Առհասարակ, մայաների աստղագիտական նվաճումների մասին լուրերը խիստ չափազանցեցված են: Այսպես կոչված, մայաների օրացույցը ձևավորվել է նրանց քաղաքակրթությունից էլ շատ առաջ` Կենտրոնական Ամերիկայում բնակվող օլմեկների կողմից: Իսկ նման օրացույցներ և աստղագիտական հաշվարկներ ունեցել են բոլոր հնագույն ժողովուրդները, ուղղակի շատ քիչ բան է մեզ հասել: Իսկ այն, որ մայաների օրացույցը սկսվում է մ.թ.ա. 3114 թվականից, դա չի նշանակում, թե նրանք հենց այդ ժամանակ են աստղագիտական հաշվարկներ կատարել կամ մ.թ.ա. չորրորդ հազարամյակում նրանք ունեցել են զարգացած աստղագիտություն: Օրացույցը կարող է և ավելի ուշ շրջանի ստեղծագործություն լինել` սկիզբ ընդունելով վերը նշված տարեթիվը: Դրա օգտին է խոսում հանգամանքը, որ մայաների քաղաքները թվագրվում են սոսկ մ.թ. 2-3 րդ դարերով. այսինքն` միայն նշված ժամանակահատվածում է տեղի ունեցել մայաների սոցիալ-տնտեսական, գիտական և մշակութային առաջընթացը:

Շատ ավելի զարգացած աստղագիտություն են ունեցել հին եգիպտացիները, հույները, որոնք աստղագիտական գիտելիքները կիրառել են անգամ կենցաղում, գյուղատնտեսության մեջ, սակայն եգիպտացի, հույն և այլազգի քրմերի աշխատություններում նույնպես բացակայում է երկրի կործանման մասին որևէ գուշակություն»:



Նման նյութեր