Շենքը, որը միշտ կապի մեջ է. Երևանյան հայտնի «Կապի շենքը» 50 տարեկան է. urbanista.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Շենքը, որը միշտ կապի մեջ է. Երևանյան հայտնի «Կապի շենքը» 50 տարեկան է. urbanista.am

Մինչև հեռախոսակապի թվայնացումը՝ 1990-ականների սկիզբը, Երևանից Գյումրի կամ Մոսկվա զանգելու համար անհրաժեշտ էր պատվեր կատարել՝ հավաքելով 05 կամ 07։ Զանգն ընդունելու և հաճախորդներին միացնելու համար ԽՍՀՄ յուրաքանչյուր քաղաքում գործում էր Միջքաղաքային հեռախոսային կայան։

Երևանում նման կայան կառուցվեց 1970-ականներին:

Ազատության պողոտայի վերջնամասում խոյացող Միջքաղաքային հեռախոսային կայանի 10 հարկանի շենքը 1971 թվականին նախագծեցին ճարտարապետներ Արմեն Աղալյանը և Գրիգորի Գրիգորյանը։

Արմեն Աղալյանը գլխավորում էր Երևաննախագիծ ինստիտուտի արվեստանոցը։ Նրա հայրը ծնունդով շուշեցի Ֆրեյդուն Աղալյանն էր, որը Շուշիի ռեալական ուսումնարանն ավարտելուց հետո ճարտարապետական կրթություն էր ստացել Սանկտ Պետերբուրգում, այնուհետև` Բաքվում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում հեղինակել բազմապիսի շենքեր։

Գրիգորի Գրիգորյանը 1975-1985 թվականներին Երևանի գլխավոր ճարտարապետի տեղակալն էր: Աղալյանի հետ համահեղինակել են մի շարք նախագծային ինստիտուտների շենքեր, նաև՝ Կոմիտասի պողոտայի վրա գտնվող Գեոդեզիայի ինստիտուտի շենքը, Հյուսիսային ավտոկայանը և այլ շենքեր։

Կապի շենքի ճակատային ստորին հատվածի բրոնզե քանդակի և վերին հարկերի մակարդակում սյուրռեալիստական գլոբուս-զարդաքանդակի հեղինակն է Վահե Հարությունյանը։ Քանդակագործը սերտորեն համագործակցում էր Աղալյանի և Գրիգորյանի հետ՝ ստեղծելով զարդեր ճարտարապետների համատեղ նախագծած շենքերի վրա: Վահե Հարությունյանի աշխատանքներից Վահագն Վիշապաքաղը տեղադրված է Արաբկիր համայնքի Վաղարշյան փողոցում։

Միջքաղաքային հեռախոսային կայանի շենքը շահագործման հանձնվեց նախագծման և կառուցման մեկնարկից 7 տարի անց: Այն համապատասխանում էր սեյսմիկ ամենաբարձր պահանջներին. 8 բալանոց սեյսմակայունություն ուներ։

Նորակառույց շենքում տեղակայվեցին միջքաղաքային հեռախոսային կայանը և մոտ 10 հազար բաժանորդի կապ ապահովող 28 թվակայանը։

Առաջին հարկում տեղակայված էին սրճարանն ու ճաշարանը: Երկրորդ հարկում վարչական գրասենյակներ էին։ Երրորդում միջքաղաքային օպերատորական կայաններն էին, որտեղ սարքերի առջև նստած աշխատակիցները զանգի պատվիրատուին միացնում էին հասցեատիրոջ հետ։ Ի դեպ, բաժանորդը ներքաղաքային զանգը միջքաղաքայինից կարող էր տարբերել զանգի տևողությամբ։ Ներքաղաքային զանգը կարճ էր, միջքաղաքայինը՝ ավելի երկար ազդանշան ուներ։

Այսօր շենքի առաջին հարկում գործում է յուրահատուկ Կապի թանգարանը, որտեղ կարելի է մանրամասն ծանոթանալ Հայաստանում հեռախոսակապի զարգացման պատմությանը։

urbanista.am