Պիստակը բարձր կալորիականություն ունի, պարունակում է շատ ճարպեր։ Սակայն, չնայած դրան, այն պետք է ներառել սննդակարգում՝ նյութափոխանակությունն արագացնելու համար։ Նման խորհուրդ է տվել սննդաբան Տատյանա Ռազումովսկայան (Ռուսաստան)։
ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ պիստակի օգտագործումը բարելավում է սրտանոթային համակարգի աշխատանքը եւ արագացնում նյութափոխանակությունը։ Դիետոլոգի խոսքով՝ պիստակի հիմնական սննդանյութերից մեկը B7-ն է կամ բիոտինը, որն օգնում է յուրացնել սպիտակուցը եւ այրել ճարպերը։
«Եթե բիոտինը բավարար չէ, ապա տուժում են մազերն ու մաշկը, տրամադրությունը դառնում է դեպրեսիվ, եւ արյան մեջ կարող է բարձրանալ «վատ» խոլեստերինը», – ասել է Ռազումովսկայան:
Նրա խոսքով՝ պիստակի մեջ պարունակվող կալիումի եւ մագնեզիումի մեծ քանակությունն օգնում է ամրացնել անոթները եւ կարգավորել սրտախփոցը։ Դիետոլոգը մեծահասակներին խորհուրդ է տալիս օրական օգտագործել մինչեւ 15 պիստակ, իսկ երեխաներին՝ 7-ից ոչ ավել։
Այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ պիստակը կարող է ալերգիա առաջացնել։ Բացի այդ, արտադրանքի կալորիականությունը բարձր է՝ 100 գրամ պիստակը պարունակում է մոտ 550-560 կիլոկալարիա։