
Արյան ճնշումը արդյունավետորեն վերահսկելու համար անհրաժեշտ է ոչ միայն բժշկի նշանակած դեղամիջոցներն ընդունել, այլեւ հետեւել սննդին։ Մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս սննդակարգում կարկադեի (հիբիսկուսի) թեյ ներառել։
Հետազոտությունները ցույց են տվել, որ հիբիսկուսի չոր տերեւներից պատրաստված թեյի օգտագործումը իջեցնում է զարկերակային ճնշումը:
Նոր հետազոտությանը մասնակցել են նախահիպերտոնիայով եւ թեթեւ հիպերտոնիայով տառապող 30-70 տարեկան մարդիկ: Նրանց սիստոլիկ զարկերակային ճնշումը չի գերազանցել 150 մմ սնդիկի սյունը։ Խմբի մասնակիցների մոտավորապես կեսը 6 շաբաթվա ընթացքում ամեն օր երեքական բաժակ հիբիսկուսի թեյ է օգտագործել: Մնացածներին հիբիսկուսի համով ու գույնով պլացեբո ըմպելիք են տվել։ Բոլոր մասնակիցները հետեւել են նորմալ սննդակարգի եւ մարզումների:
Կամավորների ճնշումը չափվել է երկու անգամ մինչեւ փորձի մեկնարկը եւ մեկ շաբաթ ընդմիջումներով: Հետազոտությունը ցույց է տվել, որ հիբիսկուսի թեյ օգտագործող կամավորներն իրենց սիստոլիկ արյան ճնշումը նվազեցրել են միջինը 7,2 կետով, մինչդեռ վերահսկիչ խմբինը՝ ընդամենը 1,3 կետով: