ԻՆԳԱ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ (Հենրիետտե Լուսինդե Քոլին), ծնվել է 1879 թվականին դանիական Սոլերոդ քաղաքում` ազնվատոհմ Յոնաս Սիգիզմունդ Քոլինի ընտանիքում։ Ծննդավայրում կրթությունը ստանալուց հետո, մեկնել է Շվեյցարիա` ֆրանսերենի դասեր առնելու։ Այնտեղ հանդիպել է ապագա ամուսնուն` Պաուլ Նալբանդյանին։ 1904 թվականին նրանք ամուսնացել են։ 1909 թվականին ամուսնու հետ ճամփորդել է Կոստանդնուպոլիս։ Ամուսինը ստանձնել է հայկական գիմնազիայի տնօրինությունը, իսկ Ինգան աշխատանքի է անցել տեղի հայկական հիվանդանոցում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերը սանձազերծում են Հայոց ցեղասպանությունը։ Ինգայի ամուսինը ծանր հիվանդանում է և շուտով մահանում։ Ինգա Նալբանդյանին ոչինչ չի մնում անելու, քան փրկել երեխաներին։ Նա վերադառնում է Դանիա և հաստատվում Կոպենհագենում, որտեղ էլ 1929 թվականին հեռանում է կյանքից։
Ինգա Նալբանդյանն ունի հարուստ հրատարակչական կենսագրություն, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է։ 1916 թվականին մազապուրծ հասնելով Դանիա, նա ձեռնամուխ է լինում թղթին հանձնելու իր տեսածն ու լսածը։ Երեք տարում գրում է պատմվածքների մի ամբողջ շարք և եռագրությունը, որը եվրոպական հասարակության համար հանդիսացավ Հայոց ցեղասպանության մասին գրելու առաջին փորձը։ Ինգայի գրքերը թարգմանվել են շվեդերեն, անգլերեն, ֆլամանդերեն և ֆրանսերեն։ 1918 թ. Ինգան դառնում է Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպան և պաշտոնավարում է մինչև ՀՀ անկումը: Ավելի ուշ Ինգան սկսում է համագործակցել Ազգերի լիգայում Դանիայի պատվիրակ Հեննի Ֆորչհամերի հետ` ի պաշտպանություն Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերի իրավունքների։
https://www.facebook.com/groups/341652780928205/posts/465040318589450/