Պարկինսոնի հիվանդությունն ունեցող մարդիկ, որոնք օգտագործում են ավելի շատ ֆլավոնոիդներ, կարող են ունենալ մահացության ցածր մակարդակ: Այդ մասին նշվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Neurology պարբերականում:
Ֆլավոնոիդները միացություններ են, որոնք պարունակվում են վառ երանգավորում ունեցող մթերքում, ինչպիսիք են հատապտուղները, կակաոն եւ կարմիր գինին:
Հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ երբ մարդիկ, որոնց մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդությունը, օգտագործել են ավելի շատ ֆլավոնոիդներ, նրանց մահանալու վտանգն ավելի ցածր էր հետազոտության 34 տարիների ընթացքում: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են, որ նախքան ախտորոշումը ֆլավոնոիդների մեծ քանակության օգտագործումը կապված է եղել մահվան ավելի ցածր ռիսկով տղամարդկանց, բայց ոչ կանանց շրջանում:
Ավելի շատ ֆլավոնոիդներ օգտագործող խմբի մասնակիցների շրջանում (օրական շուրջ 673 մգ ֆլավոնոիդներ), ապրելու շանսերը եղել են 70 տոկոսով ավելի բարձր, քան ամենացածր ցուցանիշով խմբի անդամների շրջանում (օրական շուրջ 134 մգ):
«Սննդակարգում ավելացնելով մթերքներ, որոնք հարուստ են ֆլավոնոիդներով, Պարկինսոնի հիվանդությունն ունեցող մարդիկ կարող են մեծացնել իրենց կյանքի տեւողությունը»,-նշել է Փենսիլվանիայի համալսարանից բժիշկ Սինյուան Չժանը:-Հատապտուղների եւ կարմիր գինու ավելի մեծ քանակությամբ օգտագործումը, որոնք հարուստ են անտոցիաններով, կապված էր ավելի ցածր մահացության հետ»:
Ընդ որում՝ մասնագետը նշել է, որ գինու օգտագործումը չպետք է գերազանցի օրական մեկ գավաթը կանանց եւ երկու գավաթը տղամարդկանց դեպքում: