Քաղցկեղ ունեցողներին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի. ինչո՞վ է վտանգավոր COVID-ը
Advertisement 1000 x 90

Քաղցկեղ ունեցողներին պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի. ինչո՞վ է վտանգավոր COVID-ը

Կորոնավիրուսային հիվանդության պատճառով քաղցկեղով հիվանդ անձանց մոտ տուժում է արյան մակարդելիությունը՝ նկատվում է մակարդման բարձրացում։

Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա (փետրվարի 4)շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ֆանարջյանի անվան ուսուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ներկայացուցիչ, ուռուցքաբան, վիրաբույժ Արթուր Բաղդասարյանը։

Ինչպես է ազդում COVID-19-ը քաղցկեղով հիվանդների վրա

Բաղդասարյանը նշում է, որ արյան մակարդելիության բարձրացումն ուռուցքի կողմից պաթոլոգիական սպիտակուցների արտադրման, օրգանիզմի թունավորման հետևանքով է լինում։ «Մեր հիվանդների մոտ շատ մեծ են թրոմբագոյացման, թրոմբոէմբոլիաների բարդությունները, հատկապես ծավալային վիրահատությունների դեպքում»,- ասում է նա։

Բժիշկի խոսքով, սակայն, այդ ամենից չի կարելի միանշանակ վիճակագրություն կազմել, թե ինչպես է ազդում կորոնավիրուսային հիվանդությունը քաղցկեղով հիվանդների վրա։ Ուռուցքաբանը վստահեցնում է, որ լինում են նաև դեպքեր, երբ անգամ 4-րդ աստճանի քաղցկեղով հիվանդ անձը հեշտությամբ է հաղթահարում կորոնավիրուսը։

Պատվաստումը փրկո՞ւմ է կյանքեր

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման հետ կապված բժիշկն անձամբ շատ լուրջ խնդիրների չի հանդիպել։ Նշում է, որ իրենց բազմաթիվ հիվանդներ, անգամ նրանք, ովքեր տարիներ առաջ վիրահատվել են ու բարեհաջող հաղթահարել են քաղցկեղը, զանգում են ու հարցնում` արդյոք կարող են պատվաստվել։ Իր կարծիքով` պատվաստվելն ամեն դեպքում ճիշտ է, քանի որ այն կյանքեր է փրկում։

«Առողջապահական համաշխարհային կազմակերպությունները պատվաստման համար ոչ մի հակացուցում չեն նշում, սակայն կարծում եմ, որ քաղցկեղ ունեցող անձանց նկատմամբ, այնուամենայնիվ, պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի»,- ընդգծեց Բաղդասարյանը։

Արդյոք տարիների ընթացքում աճե՞լ է քաղցկեղ ունեցողների թիվը

Ուռուցքաբանը նկատում է, որ առողջապահության ոլորտում քաղցկեղը համարվում է ներկայիս լուրջ խնդիրներից մեկը։ Մոտ 10 տարի առաջ տարեկան հայտնաբերվում էր շուրջ 12 մլն չարորակ ուռուցքի դեպք, իսկ մահացությունը հասնել էր մինչև 7 մլն-ի։ Այսօր հիվանդացությունը հասնում է մոտ 20 մլն-ի, իսկ մահացությունը՝ 11 մլն-ի։ Ըստ նրա՝ թվերի ավելացումը գուցե պայմանավորված է ավելի արդյունավետ ախտորոշիչ միջոցների կիրառմամբ, Հայաստանում էլ արդեն գրեթե չկան այդ հիվանդությամբ չախտորոշված անձինք։

2021 թվականին Հայաստանում գրանցվել է 6900 քաղցկեղով առաջնային հիվանդ և 5300 մահ։

Քաղցկեղի բուժման գործընթացում որոշ փոփոխություններ են գրանցվել

Բաղդասարյանը նշում է, որ տասնամյակներ շարունակ քաղցկեղը բուժում են 3 հիմնական միջոցով` վիրահատություն, քիմիաթերապիա և ճառագայթային բուժում։ «Գլոբալ առումով լուրջ փոփոխություններ չկան, միայն ավելացել է տեխնիկական բազայի հագեցվածությունը, սարքավորումներն են թարմացվել, ինչը հնարավոր է դարձնում դժվարամատչելի հատվածներում գտնվող ուռուցքների հեռացումը։ Մեծ թափ են ստացել նաև էնդոսկոպիկ վիրահատությունները»,- ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ քաղցկեղի բուժումը հեշտ է լինում, երբ այն վաղ է հայտնաբերվում։ Սկրինինգային ծրագրերը ստեղծված են հենց դրա համար։ Նշում է, որ 2015 թվականից պոլիկլինիկաներում ներդրվել է արգանդի ուռուցքի վաղ հայտնաբերման համար նախատեսված պապ թեստի (Պապանիկոլաուի թեստ) ծառայությունը, որը լայնորեն կիրառվում է ու բավականին արդյունավետ է։

«Անցած տարի ձեռք է բերվել շարժական նորագույն մամոգրաֆիկ սարք և Հայաստանում սկսվել է կրծքագեղձի սկրինինգային ծրագիր։ Լոռու մարզում գրեթե բոլոր քաղաքներում հետազոտություններն ավարտվել են։ Ընդհանուր առմամբ հետազոտվել է 7700 կին, որոնցից 80-ի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ, մոտ 150-180-ի մոտ էլ եղել են բարորակ ուռուցքներ»,- ընդգծեց բժիշկը։

Հիվանդությունը երիտասարդացե՞լ է

Ուռուցքաբանը շեշտում է՝ քաղցկեղը սկսել է շատ հայտնաբերվել նաև երեխաների մոտ, քանի որ հիվանդությունը երիտասարդացել է։ Հիմա սննդի մեջ շատ են օգտագործում կոնսերվանտներ, ինչով հագեցած ուտելիք նաև երեխաներն են ուտում։

Քաղցկեղի պատճառ կարող են լինել նաև հեպատիտ C և B վիրուսները, որոշ պարազիտներ, գիրությունը, ծխելը, ալկոհոլի չարաշահումը և այլն։

armeniasputnik.am