2021թ.-ի ընթացքում Հայաստանից դուրս է եկել 1 673 765 մարդ, մուտք գործել` 1 629 891 –ը։ Այս տվյալները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն` հիմք ընդունելով Հայաստանի 3 օդանավակայանների(«Զվարթնոց», «Գյումրի», «Էրեբունի») և ցամաքային 7 սահմանային կետերից ստացված ցուցանիշները։
Այս ցուցանիշները հայաստանյան ԶԼՄ–ներում մեկնաբանվեցին այսպես` Հայաստանից անցյալ տարի մեկնել ու այլևս չի վերադարձել 43 874 մարդ։
Ժողովրդագիր, պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արտակ Մարկոսյանը նման վերլուծությունը սխալ է համարում։ Նույն վիճակագրական տվյալներն ուսումնասիրելով` մասնագետը պարզել է, որ միգրացիոն սալդոն 2021 թվականին բացասական է եղել ոչ թե 43 874-ով, այլ 4200–ով։
«Հայաստան ժամանած ու մեկնած ուղևորահոսքի տարբերությունը չի կարող դիտվել որպես միգրացիոն մնացորդ։ Միգրացիոն մնացորդը մի քանի չափորոշիչով հաշվարկվող ցուցանիշ է։ Այո, սահմանահատումների տարբերությունը շատ ավելի մեծ թիվ է, բայց դա անընդհատ փոփոխվող ցուցանիշ է. դեկտեմբերի 31-ին կարող է մի թիվ լինել, իսկ հունվարին կարող է միանգամից փոխվել»,– ասաց Մարկոսյանը` հավելելով, որ ուղևորահոսքերում արտացոլված են բոլոր մեկնում–ժամանումները` թե՛ ՀՀ քաղաքացիների ու թե՛ արտասահմանցիների։
Միգրացիայի մնացորդը վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներում ներկայացված է առանձին աղյուսակով, որի համաձայն`2021-ին այն կազմել է -4 200 մարդ, 2020-ին` +3 400, 2019-ին` -15 400։
Բանն այն է, որ միգրացիայի վիճակագրության հաշվարկում երկրից հեռացած ամեն ուղևոր դեռևս միգրանտ չի համարվում։ Միգրանտը առնվազն 3 ամիս այլ վայրում բնակություն հաստատող անձն է։
4200–ը, Արտակ Մարկոսյանի դիտարկմամբ, ՀՀ պատմության ողջ ընթացքում գրանցված ամենացածր թիվն է (չհաշված 2020թ–ը, երբ կորոնավիրուսային համավարակի պատճառով բոլոր սահմանները փակ էին)։
«Եթե հաշվի առնենք, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել ՀՀ–ում, կարելի է ասել, որ թեև բացասական է, բայց այնքան էլ վատ ցուցանիշ չէ 4200–ը»,– ասաց մասնագետը։
Իսկ թե ինչպես է ստացվել, որ պատերազմի, կորոնավիրուսի, սոցիալ–տնտեսական ծանր հետևանքների ու նաև բարձր գնաճի ֆոնին Հայաստանից արտագաղթողների թիվը 2021թ–ին այդքան ցածր է եղել, Արտակ Մարկոսյանը դժվարացավ մեկնաբանել` ասելով, որ այդ հարցի պատասխանը թերևս կարող է արտացոլվել 2022թ–ին նախանշված մարդահամարում, քանի որ քիչ չեն նաև մարդիկ, ովքեր այլ երկրի, հիմնականում ՌԴ քաղաքացիություն են ստանում, բայց շարունակում են ապրել Հայաստանում։ Այլ կերպ ասած` փաստացի չեն արտագաղթում, բայց փաստաթղթերով արձանագրվում են որպես ՀՀ–ից հեռացած։
Ի դեպ, 2020թ–ը 1992թ–ից առաջին ու միակ տարին է եղել, երբ միգրացիոն ցուցանիշը ոչ թե բացասական, այլ դրական է եղել։
Համեմատաբար ցածր միգրացիայի ցուցանիշ է հաշվարկվել նաև 2012թ–ին` կազմելով 9 400 մարդ, այն դեպքում, երբ նախորդ` 2011թ–ին, այդ ցուցանիշը 28 500 է եղել։
2013-ին միգրանտների թիվը դարձյալ կտրուկ աճել է` կազմելով 21 800 մարդու`3-4 հազարի փոփոխություններով պահպանվելով մինչև 2020թ–ը։
Թե ինչ կլինի 2022–ին, դեռ պարզ չէ, մասնագետն էլ հույս է հայտնում, որ նվազած միգրացիան ՀՀ–ում այս տարի էլ կմնա ցածր մակարդակի վրա` հակառակ սոցիալ–տնտեսական, հոգեբանական ու անվտանգային ոչ այնքան բարենպաստ իրավիճակին։