Շիրակի պետական համալսարանի ռեկտորի տեղակալման համար հայտարարված մրցույթը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 19-ին, և մրցույթին այս անգամ մասնակցության հայտ է ներկայացրել մեկ թեկնածու՝ ներկայիս ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, որի ծրագրի հետ ծանոթանալը, կարծես, թե, տարակասունք է առաջացնում բուհի դասախոսական կազմի և ուսանողների մոտ, քանի որ ծրագիր կոչվածի մեջ բուն ծրագիրը կազմում է ընդամենը յոթ և կես էջ, որը, ընդհանուր առմամբ, կարելի է համարել զավեշտ, կամ էլ բարձրագույն կրթության մտքի թռիչք, քանի որ, ըստ երևույթին, թեկնածուն գաղափար չունի բարձրագույն կրթությունից կամ գլուխ չի հանում այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում այսօր հայաստանյան բուհերում, և որոնք նա կառավարել է շուրջ 4 տարի Շիրակի պետական համալսարանում:
Եվ, այսպիսով, սկսենք ամենակարևորից: Երվանդ Սերոբյանը չի կարողացել տարբերել հաշվետվության կամ ակնարկի ոճը ծրագրի ոճից, և ներկայացրել է երկար պատմություն Շիրակի պետական համալսարանի ստեղծման վերաբերյալ 1934 թվականից մինչ մեր օրերը, որը չի համապատասխանում պաշտոնի տեղակալման համար ներկայացվող ծրագրերի ձևաչափին, քանի որ տողեր «լցնելը» և ծրագիր գրելը տարբեր հասկացություններ են, և ՇՊՀ-ի դեպքում, որը թաթախված է բազմաթիվ խնդիրների մեջ, որոնք պահանջում են անհապաղ լուծում, և թեկնածուի տեսակետը խիստ կարևոր է հոգաբարձուների խորհրդի անդամների համար, այնքան էլ բարոյական չէ ջուր ծեծել՝ կառավարչին հարիր վերլուծություն ներկայացնելու փոխարեն:
Բառերի շարան համարվող նախադասությունները ոչ թե ծրագիր են առաջարկում, այլ ավելի շատ խճճում են ընթերցողին և ընտրողին.
«Ամփոփելով՝ պետք է փաստենք, որ այժմյան ՇՊՀ-ում տարիների կուտակած հաջողված փորձը, արհեստավարժ հանրույթը, ուսումնագիտակրթական ներուժը, նյութական և ոչ նյութական ռեսուրսներն այն բավարար նախադրյալներն են, որոնց առկայության պարագայում կարող ենք և պետք է գնանք զարգացման»։ Ո՞ր լեզվով է այս գրվածքը: Կարծում ենք, հայերեն տառերով գրված այս «գլուխգործոցն» ուղղակիորեն մատնանշում է թեկնածուի լեզվաիմացության և ոլորտի իմացության մակարդակը, որով նա վստահորեն հինգ տարով ուզում է տեղավորվել ռեկտորի բազկաթոռին:
Եթե ընթերցողը կարողացավ հասկանալ, թե ինչ ի նկատի ուներ հեղինակը, փառք և պատիվ նրան, քանի որ «նյութական և ոչ նյութական ռեսուրսները բավարար նախադրյալներ դիտարկելը, և դրանց առկայության դեպքում կարողանալ զարգացման գնալը փորձենք հասկանալ», թե դա հեղինակի ծրագրի տեսլակա՞նն է, թե առաքելությո՞ւնը, մի գուցե օրակա՞րգը, դժվարանում ենք որոշել, քանի որ ընդհանուր կառուցվածքային տրամաբանությունը դուրս է ներկայումս ընդունված ձևաչափերից, ծրագրերից կամ գոնե տեսակետների ձևակերպումներից: Այս մարդու մոտ մտքի լուծ է, որի վնասակար հետևանքները ճաշակելու է գրեթե 90-ամյա մի ամբողջ մանկավարժական հանրույթ հաջորդ հինգ տարիների ընթացքում:
Կարելի է հասկանալ, թե ինչ է նշանակում գիտակրթական ներուժը, ակադեմիական ներուժը, սակայն խիստ դժվար է հասկանալ, թե ինչ է նշանակում ուսումնագիտակրթական ներուժը, որը երևի թե ռեկտորի թեկնածուի նորաբանություններից է, և հաղթելու դեպքում այն պետք է ներառվի ուսանողների և դասախոսների բառապաշարի մեջ:
Բացի այդ, լինելով բուհի ներկայիս պաշտոնակատար, ռեկտորի պաշտոնին հավակնող թեկնածուն չի ներկայացրել գրեթե ոչ մի ճշգրիտ թիվ, մինչդեռ, ծրագրին ծանոթացողը փորձում է պատկերացում կազմել ծրագրի կամ գոնե կատարած աշխատանքի մասին ստույգ վիճակագրական տվյալների հիման վրա, մասնավորապես, «առկա և հեռակա համակարգերի բակալավրի 34 կրթական ծրագրով սովորում են շուրջ 1900 ուսանողներ», և շուրջ 30 եվրոպական, 20՝ ԱՊՀ և 40՝ հայաստանյան բուհերի հետ կապերը, մի շարք մասնագիտական լսարանների բացումը, «Հետագայում, ելնելով ժամանակի հրամայականից, ինչպես նաև մասնագիտական ու նյութատեխնիկական բազայի հնարավորություններից, կարելի է կենտրոնում իրականացնել TOEFL և IELTS –ի դասընթացներ»: Վերջին ձևակերպումը, ավելի շատ նման է բարեմաղթանքի կամ կենացի, որով կարելի է բաժակ բարձրացնել և կենաց խմել, քանի որ հենց այդպիսին է տվյալ ձևակերպման հռետորաբանությունը:
Հետաքրքիր է իմանալ, թե քանի ուսանողով է ընդունել Երվանդ Սերոբյանը բուհը 2018 թվականին և քանի ուսանող է սովորում բուհում այս պահին, և որոնք են ուսանողների թվի նվազման հիմնական պատճառները:
Ծրագրում չկա ոչ մի տող այն մասին, թե քանի գիտությունների թեկնածու և դոկտոր է պատրաստվել բուհում 2018-2022 թվականներին, և ինչ խնդիրներ են առկա բուհում այժմ երրորդ աստիճանի կրթության ոլորտում:
Խիստ գերակա նպատակ է սահմանում «Ուսանողակենտրոն ուսումնական, գիտակրթական և մարզամշակութային տարածաշրջանային կենտրոն» դառնալը: Փորձենք հասկանալ, թե ինչպես է հասնում նա իր նպատակին, սակայն մեծ է հիասթափությունը, քանի որ ուսանողակենտրոնության մասին ձևակերպված նախադասությունը՝ «ՇՊՀ գործունեությունը միտված է ուսանողի կրթական ձեռքբերումներին, ուսումնառությունից բավարարվածությանը և հաջողությունների ապահովմանը» համարվում է ցանկացած բուհի, այդ թվում նաև ոչ ուսանողակենտրոն բուհի գերակա նպատակ, քանի որ ուսանողակենտրոնությունը և ուսանողակենտրոն միջավայրը լրիվ այլ եզրեր են, և ուսանողակենտրոն ուսուցումը, որը նաև հայտնի է որպես ուսանողակենտրոն կրթություն, որը ենթադրում է ուսանողների ակտիվ մասնակցությունը նոր գիտելիքի ստեղծման գործում, և նրանց վրա է դրվում սովորելու պատասխանատվության զգալի մասը: Քննադատական մտածելակերպի, ստեղծագործականության, փափուկ կարողությունների լայն ընդգրկումը կրթական ծրագրերի և դասընթացների մեջ, ինչպես նաև նոր մեթոդների ներմուծում դասավանդման բովանդակության մեջ, որը հնարավորություն է սովորել ոչ միայն դասախոսից, այլև կուրսընկերոջից, պրակտիկաներն անցկացնել կյանքին մոտ միջավայրերում, տեխնոլոգիաների լայն ընգրկմամբ, որոնց շնորհիվ է ստեղծվում ուսանողակենտրոն միջավայր:
Բացի այդ, ծրագիրը գրված է բազմաթիվ սխալներով, որը ևս թեկնածուի պատասխանատվության հայելային արտացոլումն է, քանի որ փաստաթուղթը լի է խայտառակ ուղղագրական և կետադրական սխալներով, վրիպումներով, որոնք հարիր չեն ռեկտորի թեկնածուի ծրագրի համար, քանի որ այն նախատեսված չէ տնայնագործ գինեգործներին կամ տնային տնտեսուհիներին, որոնց համար այդքան էլ էական չեն այդ սխալները, սակայն բուհի առաջին դեմքի համար 70-ից ավելի ուղղագրական և կետադրական սխալների առկայությունն ուղղակիորեն մատնանշում է այն հավակնությունների մակարդակը, որի հետ պետք է համակերպվի մի ամբողջ տարածաշրջանի կրթագիտական համայնք:
Երվանդ Սերոբյանի ասքը լի է ալոգիզմներով.
1. Կրկնակի կամ համատեղ աստիճանաշնորհման ավարտական փաստաթղթերի տրամադրում՝ խթանելով ակադեմիական շարժունությունը /գուցե պարոն Սերոբյանն ի նկատի ունի, որ շարժունության խթանումը կնպաստի կրկնակի և համատեղ դիպլոմներով ծրագրերի մշակմանը և ներդրմանը, որը, իր հերթին, կնպաստի միջազգայնացման ընդլայնմանը բուհում;
2. ՀՀ ԲՈԿ-ի կողմից գիտական պարբերականններին ներկայացվող պահանջների խստացման պարագայում «ՇՊՀ գիտական տեղեկագիրը» եղել և անընդմեջ մնացել է ՀՀ ԲՈԿ-ի կողմից երաշխավորված պարբերականների անվանացանկում /չնայած ՇՊՀ Գիտական տեղեկագրի Պրակ Բ-ն դուրս է մնացել ԲՈԿ-ի կողմից երաշխավորված 2022 թ. պարբերականների ցանկից/:
Երվանդ Սերոբյանի տեսլականը՝ մարզամշակութային կենտրոն դառնալու մասին ներկայացված է հետևյալ տողերով.
✓Պետական տոների և հիշատակի օրերի նշում՝ ուսանողների և համապատասխան ամբիոնների ակտիվ ներգրավմամբ:
✓ Մարզամշակութային միջոցառումների անցկացում՝ ուսանողների և համապատասխան ամբիոնների ներգրավմամբ:
Մի՞թե բոլոր կրթական կազմակերպությունները՝ հանրակրթականից մինչև բարձրագույն կրթական հաստատություններ, չեն նշում այս տոները, կամ չեն անցկացնում մշակութային միջոցառումներ, և մի՞թե դա բավարար է դառնալու մարզամշակութային տարածաշրջանային կենտրոն: Այսքան մտքի գոհարներով փայլատակող անձը շատ իզուր, որ չունի նախարար դառնալու հավակնություն, քանի որ կարող էր մի ամբողջ երկիր վերածել մարզամշակութային ազգային կենտրոնի:
Երվանդ Սերոբյանի ծրագրի թերևս «ամենաուժեղ» կողմն իր ծրագրի ֆինանսական գնահատականին նվիրված առանձին բաժինն է.
«Ներկայացվող հայեցակարգը ֆինանսական առումով. ա/ ենթադրում է ֆինանսական մուտքերի դիվերսիֆիկացիա, բ/ հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավում չի ենթադրում և հիմնականում իրագործելի է առկա ֆինանսական ռեսուրսների արդյունավետ վերաբաշխման պայմաններում», որտեղ հստակ ասված է, որ հավելյալ ֆինանսական ռեսուրսների ներգրավում չի ենթադրվում, մինչդեռ դա համարվում է ժամանակակից բուհերի ֆինանսական կայունություն ապահովող կարևորագույն արդյունավետություն ապահովող գործիքներիից մեկը։ Իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում Երվանդ Սերոբյանը չբարձրացրեց պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ կազմի և այլն աշխատավարձը, բայց սիրով օգտվեց ռեկտորի ու մյուս վարչական պաշտոնյաների համար նախկին ռեկտորի սահմանած կամայական ահռելի աշխատավարձերից:
Մեկ այլ մեջբերում. «Այսօր արդեն Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի (ռեկտորի պաշտոնակատար՝ Ե. Սերոբյան) չորս ֆակուլտետներում՝ հումանիտար գիտությունների և արվեստի, բնագիտամաթեմատիկական, սոցիալական գիտությունների և իրավունքի, մանկավարժության և առանձնակի ամբիոնի կարգավիճակ ունեցող ռազմական ամբիոնում, առկա և հեռակա համակարգերի բակալավրի 34 կրթական ծրագրով սովորում են շուրջ 1900 ուսանողներ, մագիստրատուրայի 21 կրթական ծրագրերով՝ 450, իսկ հետազոտողի կրթական ծրագրերի 7 ոլորտներում՝ 12 ուսումնառող»: Հավանաբար, հատվածը վերցված է մեկ այլ աղբյուրից, որտեղ մոռացել և պահպանել են նաև ռեկոտորի պաշտոնակատարի անունը և ազգանունը: Փաստորեն ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանը, իր տարբեր ուսումնական տարիների հաշվետվություններից մեջբերումներ անելով, մտածել է, որ ինքը «կայացած փայլուն» կառավարիչ է և մինչև ռեկտոր դառնալը ՇՊՀ-ն բարձունքների է հասցրել:
Եվս մեկ մեջբերում. «ընդլայնվել են միջազգային համագործակցության ոլորտներն ու գործընկերների շրջանակը՝ պայմանագրեր են կնքվել շուրջ 30 եվրոպական, 20՝ ԱՊՀ և 40՝ հայաստանյան բուհերի ու այլ կազմակերպությունների հետ»:
«Համավարակով պայմանավորված աննախադեպ մարտահրավերների պարագայում, ՇՊՀ-ն, դրսևորվելով կառավարման ճկունություն, կարողացավ աշխատանքներն արագ վերակազմակերպել այլ ձևաչափերի և գործիքակազմի միջոցով, ընդ որում՝ դրանք ամրագրելով համապատասխան ներքին իրավական ակտերով»։ Եթե դուք փորձեք հասկանալ այս նախադասությունների իմաստը, ձեզանից մեծ մտավոր ջանքեր կպահանջվեն, որպեսզի հասկանաք, թե ռեկտորի այս մտքերն ինչ-որ լեզվից Գուգլ թարգմանություններ են, թե իր սեփական մտավոր սեփականությունն է, որը աչքի է ընկնում անգրագետ և աղավաղված հայերենով:
«Դառնալ Գյումրի քաղաքի, Շիրակի մարզի, Հայաստանի Հանրապետության, նաև սփյուռքի հայկական համայնքների համար կրթական, գիտական և մշակութային որակյալ ծառայություններ իրականացնող կազմակերպություն՝ իր գործունեությունը ծավալելով եվրոպական կրթական համակարգ ինտեգրվելու պահանջներին համահունչ»:
Այս բազմաթիվ սխալների հիման վրա կարելի է եզրահանգել, որ նույնիսկ կիսատ-պռատ ծրագիրն էլ բավարար չէ, անհրաժեշտ է մայրենիի քննություն հանձնել և ապացուցել, որ ղեկավարն իր պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունների շրջանակում կիրականացնի իր գործառույթները՝ օգտագործելով հայերենի պատշաճ մակարդակ:
Նույնիսկ թվարկելու դեպքում մի դեպքում օգտագործում է բայեր, մյուս դեպքում գոյականներ.
«Ներդնել գիտական գործունեության գնահատման մեխանիզմներ և վերջիններիս արդյունքային ցուցանիշները կիրառել գիտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման կարգում.
Գիտական համագործակցության ընդլայնում, գիտահետազոտական կենտրոնների հետ հնարավոր համատեղ ծրագրերի իրականացում»:
Լավ կլինի, որ ռեկտորի թեկնածուն մի քանի դաս վերցնի հայոց լեզվի ամբիոնում գոյականի թվի համաձայնեցման, նախադասության անդամների շարադասության և այլ կարևոր կանոնների վերաբերյալ:
Եվ, վերջապես, այլոց մտքերի շռայլ գրագողությունը ևս Երվանդ Սերոբյանի ծրագրի կարևորագույն «առավելություններից է», որով երևի թե, նա, պարզապես, ուզում է ապացուցել, որ կրկնությունը գիտության մայրն է.
✓ Համալսարանի գործունեության բոլոր ոլորտներում որակի կառավարման շրջափուլերի (պլանավորում, իրականացում, գնահատում, բարելավում) կիրառում, որակի ապահովման գործընթացներում ներքին և արտաքին շահակիցների ներգրավվածության ընդլայնում, կարիքների վերհանում, վերլուծություն:
Հիմքեր
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն հիմնարկի
զարգացման ռազմավարություն. 2014-2018 թթ.- Հավելված 1
ՀՀ ԳԱԱ ՈԱ ձեռնարկ – էջ 5- 127 – Հավելված 3.
Հետաքրքիր է, եթե սա լիներ հետազոտական աշխատանք, և դասախոսի գիտելիքները գնահատեին ուսանողները, ի՞նչ կնշանակեին այս փնթի, անորակ և անհեթեթ աշխատանքի համար: Այս անձնավորությունը չի պատկերացնում, թե ի´նչ գործիքակազմով է հասնելու իր ուտոպիստական այսպես կոչված «ծրագրի» իրագործմանը: Ըստ էության, վերևներում նրան ասել են, որ մասնակցի´ր, պրոբլեմ չունես, մեր «մարդն» ես, ընտրված ես…