«Ցանկացած հարուստ մարդ այս երկրի հարստությունն է» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ցանկացած հարուստ մարդ այս երկրի հարստությունն է»

Ասում է հրեական համայնքի ղեկավարը

Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանն ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությունից զատ՝ շուրջ մեկ տարի ղեկավարում է ջեռուցման ու ջրամատակարարման համակարգերի ժամանակակից սարքավորումների իտալական ընկերության հայաստանյան ներկայացուցչության գրասենյակը: 59-ամյա Ռ. Վարժապետյանը 1970-ից ի վեր բնակվում է Հայաստանում և իրեն համարում է օտար ծագմամբ հայուհի: Ռ. Վարժապետյանի ամուսինը` Արա Վարժապետյանը, որին Ռիմման համարում է մեծ հայասեր, երկար տարիներ աշխատում է հանրապետության նախագահի Վերահսկողության ծառայությունում՝ իբրև ավագ խորհրդական: Նրա ավագ որդին` Արտակը, արդեն 36 տարեկան է, կրտսերը` Թորգոմը` 31 տարեկան: «Թոռնիկս` Արեգը, բոլորել է 1 տարին: Փառք Աստծո, նրանք բոլորը կրում են հայկական անուններ»,- հպարտանում է Ռ. Վարժապետյանը:

 

– Մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ եմ: 1978 թվականից աշխատել եմ շինարարության մոնտաժային համակարգում և տարբեր պաշտոններ զբաղեցրել: Եվ ընդհանրապես միշտ ակտիվ գործունեություն եմ ծավալել, նաև` հասարակական կյանքում: 1996 թ. ղեկավարում եմ հրեական համայնքը: Համայնքը փոքր է, սակայն մենք ապրում ենք մեծ հրեական կյանքով, ինչպես բոլոր խոշոր համայնքները: Մեզ ճանաչում են ամբողջ աշխարհում, հանդիսանում եմ նաև Ամերիկյան-հրեական կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչը: Բոլոր հարթություններում ի ցույց եմ դնում իմ սերը դեպի Հայաստանը և միշտ ձգտում եմ օգտագործել բոլոր խողովակներն ու կապերն ի նպաստ հայ ժողովրդի:

– Այդքան ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությունն ինչպե՞ս եք համատեղում անձնական բիզնեսի հետ:

– Ես բիզնեսից երբեք օտարված չեմ եղել, պարզապես այն նախկինում այլ անվանում ուներ: Լինելով պետական ձեռնարկության աշխատակից՝ զբաղվել եմ տարբեր նախահաշիվներով, համաձայնագրերով, կրել այլ պարտավորություններ: Սկզբունքորեն ինչով ներկայումս զբաղվում եմ, ինձ համար նորություն չի: Ճիշտ է, ժամանակի ընթացքում փոխվել են նյութերի, հաղորդակցման, վարձատրման ձևերը և, ամենակարևորը՝ մեր մտածողությունը։ Առաջ պատվիրատուի և կատարողի փոխհարաբերությունները բիզնես չէինք անվանում: Այսօր կնքված համաձայնագրերն ունեն միջազգային նշանակություն և ոչ թե առաջվա պես՝ միութենական: Դրա համար ստիպված ես վերաորակավորվել: Ես միշտ մեծ ցանկություն եմ ունեցել, որպեսզի Հայաստանում նորից վերականգնվի ջեռուցման համակարգը, որպեսզի մարդիկ ապրեն տաք բնակարաններում: Անկեղծ ասած, ուզում էի այս հարցն ավելի ամբողջական լուծել` խոշոր կաթսայատների միջոցով: Բայց ժամանակի ընթացքում համոզվեցի, որ ներկայումս այդ համակարգն անհնար է ներդնել, որովհետև մարդիկ այժմ տարբեր հնարավորություններ, եկամուտներ, նաև ջերմանալու տարբեր նախասիրություններ ունեն: Այդ պատճառով այսօր ջեռուցման տեղային համակարգն ամենանախընտրելին է: Ես միայն կցանկանամ, որ մեր համաքաղաքացիներն ունենան համապատասխան ֆինանսական հնարավորություններ, քանի որ ջեռուցումը էժան հաճույք չէ: Իմ բնույթով՝ ես սիրում եմ գեղեցիկ ապրել, սիրում եմ լավ իրեր. ավելի լավ է չունենալ, քան ունենալ ոչ ֆիրմային ապրանք: Այդ պատճառով է, որ ներկայումս ղեկավարում եմ իտալական արտադրության սարքավորումների հայաստանյան գրասենյակը: Այս շուկան արդեն իսկ հագեցած էր, անգամ` գերհագեցած տարբեր մատակարարներով: Սկզբնական շրջանում ամեն ինչ սարսափելիորեն դժվար էր թվում, մտածում էինք, արդյո՞ք կարող ենք որևէ բան անել: Բայց համոզված էի, որ ինձ մոտ կստացվի: Ամեն դեպքում, դժվարությունները շատ են։ Օրինակ, կադրերի առումով խնդիրներ առաջացան, քանի որ պարզվեց, որ նույնիսկ ինձ հավատարիմ մարդիկ՝ օժտված լինելով ներքին ազնվությամբ ու բարյացակամ խառնվածքով, բիզնեսում անազնիվ են: Դրա համար «քցողները» համատարած են դարձել: Ես նաև Մոսկվայից եմ շատ լսել, որ հայերն իրենց ֆինանսական հարաբերություններում անազնիվ են պահում: Միգուցե «քցողներ» կան նաև և’ հրեաների, և’ ռուսների մեջ:

– Դուք նշեցիք, որ այդ բիզնեսով զբաղվելու մտադրություն դեռ վաղուց եք ունեցել: Ինչո՞ւ էիք հապաղում:

– Ոչ, դա իմ գաղափարը չէր, ինձ այդ հարցում օգնեց կրտսեր որդիս: Նա ինձ խորհուրդ տվեց իբրև մասնագետ համագործակցել ընկերության կենտրոնական` մոսկովյան գրասենյակի հետ: Անձամբ ես ոչ մի գումար չեմ ներդրել այս բիզնեսի զարգացման համար, դա արել են հիմնադիրները: Սկզբնական շրջանում չունենալով փորձ տվյալ բիզնեսում՝ ցանկանում էի շուկա մուտք գործել ցածր գներով, որպեսզի դրանով հրապուրեմ գնորդներին, սակայն իմ փորձառու կոլեգաները խորհուրդ չտվեցին:

– Հաջող բիզնեսի համար ճիշտ կառավարո՞ւմ է հարկավոր, թե՞ հաջողություն: Հրեաները հարստության մասին իրենց յուրօրինակ բանաձևն ունե՞ն:

– Ցանկացած բիզնես, ցանկացած հարուստ մարդ այս երկրի հարստությունն է: Որքան ունևոր է իմ հարևանը, այնքան լավ պիտի լինի ինձ համար, սրանք իմ խոսքերը չեն, այլ դարերով ապացուցված ճշմարտություն է: Առաջին հերթին հարստությունն ու եկամուտները պետք է կիսել յուրայինների միջև: Աստծո հրաշալի խոսքերը, որ գրված են Հին Կտակարանում, բոլորի համար օրինակելի պիտի լինեն` «Բաժանիր քո շահույթը, տուր տասնորդական, և քո առաջ կբացվեն դռներ»: Իմ օրինակով այս խոսքերի ճշմարտությունը բազմիցս զգացել եմ: Պետք է միշտ առատաձեռն լինել: Երբ դու մարդկանց օգնում ես, կիսվում ես քո ունեցվածքով, Աստված քեզ այն վերադարձնում է: Նվիրատվությունը պետք է անել հոգով ու սրտով: Եթե դու այդ ամենը սրտով ես անում, վաղ թե ուշ Աստված քեզ վերադարձնում է: Ինչ վերաբերում է բիզնեսի զարգացմանը, ապա կարող եմ ասել, որ այն պետություններում, որտեղ բոլոր օրենքները ստեղծված են բիզնեսմենին օգնելու, այլ ոչ թե նրանից վերցնելու համար, այնտեղ ամեն ինչ բարեհաջող է ստացվում: Միայն այս դեպքում կզարգանա և՛ բիզնեսը, և՛ անհատները, և՛ երկիրը: Իսկ երբ տեսնում ես, զգում ես ու գիտես, որ քեզ թույլատրել են աշխատել, որպեսզի քեզանից խլեն, ոչինչ չի հաջողվում: Ես համոզված եմ՝ վերջին մարդը չեմ Հայաստանում, որ այդպես է մտածում: Սկսնակ բիզնեսմենին ոչ թե մեկ, այլ երկու տարի պետք է թույլատրել առանց հարկերի պտտել անիվները, արագություն հավաքել և կապեր ստեղծել: Այդ ժամանակահատվածում ձեռնարկության ներսում ստեղծվում է ներքին սահմանադրություն: Դրանից հետո միայն կարելի է կիրառել հարկեր, բայց հարկերով սկսելն անհնար է: Քանի որ ես Ռիմմա Վարժապետյանն եմ, կարողանում եմ լեզու գտնել այդ մարմինների հետ: Եթե ես չունենայի «տանիք», որը ես ինքս եմ, անհնար կլիներ աշխատել, զարգացնել որևէ բիզնես: Փառք Աստծո, իմ կենսափորձն իզուր չի անցել: Բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ են կամ մեծ գումարներ, կամ դրսից եկող մեծ ներդրումներ, կամ էլ շատ ազդեցիկ դեմքեր: Միայն գովազդներով սեփական բիզնեսը զարգացնել չես կարող: Գովազդը պետք է լինի մասշտաբային, հզոր գումարներով, որպեսզի քո ընկերության անունը կարողանաս հռչակել: Ես հաճախ եմ խոսում մանր և միջին բիզնեսմենների հետ, և գիտեմ, որ նրանք ունեն շատ մեծ խնդիրներ: Վերջիններս ավելի շատ «դուրս են տալիս», փոխարենը` շատ չնչին վաստակում: Իսրայելում մարդիկ գրեթե 48 տոկոս հարկեր են վճարում, բայց նրանք համոզված են, թե ուր են գնում այդ գումարները: Նրանց աշխատավարձի գրեթե կեսը գնում է ոչ թե մի մարդու գրպան, այլ` պետական դրամարկղ: Եթե ինչ-որ նախարար գրպանի այդ գումարները, ապա ամբողջ աշխարհն այդ մասին կիմանա: Պետության ղեկի մոտ գտնվողները պետք է ունենան երաշխիքներ, որ իրենք ժամանակավոր չեն, պետք է լինի երկարաժամկետ ծրագրերի հասկացություն: Որպեսզի երկիրը զարգանա, պետք են խոշոր հարկեր, որոնք պետք է պարտաճանաչ վճարել: Հայաստանում շատ դժվար է բիզնես ունենալ, սակայն ով շատ ուզում է, աշխատում է:

1359216822_0-92

– Ձեր բիզնեսը որքանո՞վ է առնչվում հրեական համայնքի հետ:

– Այն ոչ մի կապ չունի հրեական կյանքի հետ, սակայն ես առաջին աշխատավարձի տասնորդականով համայնքի գրասենյակի համար գույք գնեցի: Կարիքից ելնելով չի, որ զբաղվում եմ այս բիզնեսով, սակայն՝ անկեղծ ասած, Հայաստանում մեր համայնքի համար ես ոչ մի հովանավոր չէի կարողանում գտնել: Այս բիզնեսը նաև իմ ծնողների բարօրության համար է: 93 տարեկան հորս ու 87 տարեկան մորս համար ապահով ու անհոգ ծերություն եմ ցանկանում ապահովել: Ես շատ եմ մտածում իմ ծնողների համար, ոչ միայն այն պատճառով, որ նրանք ծեր են և հիվանդ, այլ, որ նրանց կարգավիճակում շատ մարդիկ կան Հայաստանում: Այստեղ բժշկական և սոցիալական ծառայությունները զրոյական վիճակում են, որը մեծ ողբերգություն է: Արտասահմանում հասարակական վայրերում ծերերը միշտ երիտասարդների կողքին են և իրենց զգում են սոցիալապես ակտիվ: Ես էլ շուտով կդառնամ 59 տարեկան, և թվում է՝ ժամանակն է նստել տանն ու թոռնիկներին դաստիարակել, իսկ ես այստեղ եմ: Ավագ որդիս հիմա ԱՄՆ-ում է, իսկ կրտսերը` Իսրայելում: Նրանցից և ոչ մեկը չէր պատրաստվում հեռանալ Հայաստանից, որովհետև շատ հայասեր են: Ավագ որդիս Արդարադատության նախարարությունում բարձր պաշտոն էր զբաղեցնում, բայց կինը Նյու Յորքից էր: Նա չկարողացավ այստեղ ապրել, ու 1 տարի անց տեղափոխվեցին ԱՄՆ: Մենք և մեր նման շատ տատիկներ ու պապիկներ ստիպված են ժամանակակից մեթոդով` Ինտերնետի միջոցով իրենց թոռնիկներին սիրել ու դաստիարակել` գիտակցելով, որ կգա ժամանակ, ու ամեն ինչ կփոխվի: Ես հանուն իմ ամուսնու եկել եմ Հայաստան, չնայած հիմա հակառակն էլ է պատահում: Երեխաները հեռվում են, ու ինձ համար շատ դժվար է: Այս պահին ես էլ մեծ հնարավորություն ունեմ մեկնել և՛ Իսրայել, և՛ Գերմանիա, և՛ ԱՄՆ, բայց չեմ օգտագործում այդ հնարավորությունները, որովհետև իմ ընտանիքն այստեղ է: Կրտսեր որդիս հեռահաղորդակցության խոշոր ընկերության ԱՊՀ տարածաշրջանային տնօրենն է ու մեծ ցանկություն ունի համագործակցությունը հասցնել մինչև Հայաստան: Մեծ ընտանիքը երջանկություն է: Այդ պատճառով և՛ հայերի, և’ հրեաների խորհրդանիշը նուռն է: Նուռը խորհրդանշում է ընտանիք: Սեպտեմբերի 13-ին մենք տոնելու ենք հրեաների Նոր տարին` հրեական օրացույցով 5768 թվականը: Ամանորի տոնակատարության հիմնական արարողությունը մեղրի մեջ թաթախված խնձորն է, որպեսզի լինի քաղցր տարի, ու սեղանին զարդարված նուռը` ամուր ընտանիքի խորհրդանիշը:

– Հագուստն ու զարդեղենը ձեզ համար ի՞նչ տեղ են զբաղեցնում: Դուք շատ խնամված և ճաշակով եք ներկայանում հասարակությանը:

– Ես չեմ հաճախում խանութներ, տոնավաճառներ: Տարվա մեջ իմ զգեստապահարանը համալրում եմ 1-2 հագուստով, բայց դրանք անպայման պետք է լրացվեն համապատասխան աքսեսուարներով: Տանել չեմ կարողանում անճաշակությունը, շռայլությունն ու ցուցամոլությունը: Հագուստն ինձ համար երբեք կուռք, կենսակերպ չի եղել: Եվ ամենակարևորը՝ հագուստը համապատասխան վայրում պետք է կրել: Իսրայելում ցերեկային ժամերին շքեղ հագուստով մարդկանց չես հանդիպի: Իսկ այստեղ աշխատանքային ժամերին անգամ տղամարդիկ են գալիս ադամանդե զարդերով, իսկ մի մասից քրտնահոտ է փչում, մանավանդ մեր ժամանակներում, երբ գոյություն ունեն միլիոնավոր պարֆյումերիայի միջոցներ: Հրեական սկզբունքի համաձայն՝ ես ձգտում եմ երբեք չքավոր և խղճալի տեսք չունենալ: Սիրում եմ բարեկեցիկ տեսքով երևալ: Երբեք մանր հարցերով չեմ զբաղվում, ոչ մի աշխարհիկ բամբասանք ինձ չի հետաքրքրում: Եթե ունեմ ազատ ժամանակ, ապա խոհանոցում եմ անցկացնում: Իմ հնարավորությունները թույլ են տալիս աշխատող վարձել, բայց նախընտրում եմ այդ կանացի հոգսերով անձամբ զբաղվել:
Ես միշտ սիրում եմ կրկնել, որ Իսրայելը բույրերի երկիր է, որտեղ բացակայում են տհաճ հոտերը: Այնտեղ գարշահոտություն չի փչում՝ ո՛չ զուգարաններից, ո՛չ շենքերի մուտքերից, ո՛չ էլ մարդկանցից: Տա Աստված, երբևէ Հայաստանում էլ այդպես լինի: Եթե մենք սկսենք հարգել մեր շրջապատի մարդկանց, անպայման լավ տեսքով կներկայանանք նրանց:

Հարցազրույցը` Նաիրա Մարտիրոսյանի

«3 Միլիոն»



Նման նյութեր