Աննա Իսրայելյան. «Որ մենք հերոս…». («Առավոտ», հոկտեմբեր 18, 1997)
Advertisement 1000 x 90

Աննա Իսրայելյան. «Որ մենք հերոս…». («Առավոտ», հոկտեմբեր 18, 1997)

«Այսօր այստեղ կա՞ն մարդիկ, որոնք համաձայն են հանձնել Արցախը»,- խոսքը դահլիճին ուղղելով՝ հարցրեց «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» հավաքի կազմակերպիչներից մեկը՝ Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ «Անիմաստ հարցեր մի տվեք»,- տեղից նետեց մեկը։ Արամ Սարգսյանը շարունակեց. «Թող կանգնեն նրանք, ովքեր համաձայն են Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությանը»։ Բնականաբար, ոչ ոք չկանգնեց, իսկ ամենահամարձակներից մեկը գոռաց. «Դավաճան է նա»։ Այստեղ արդեն Արամ Սարգսյանը հռետորական մի հոյակապ հնարք գործադրեց. «Իսկ հիմա թող կանգնեն նրանք, ովքեր պատրաստ են պաշտպանել Արցախը»,- եւ բոլորը (մեծ մասամբ ալեհերներ էին) կանգնեցին ու ծափահարեցին իրենք իրենց։

Երգիծական գրչի արժանի չեն ոչ Ղարաբաղի հետ առնչվող խնդիրները, ոչ էլ, առավել եւս, այդ խնդրի շուրջ միասնական գործելու գաղափարը։ Բայց այն, ինչի ականատեսն էինք երեկ Կինոյի տանը գումարված հավաքի ժամանակ, ոչ մի տրամադրություն չի թողնում անաչառ լրագրող ձեւանալու եւ սոսկական հաշվետվություն ներկայացնելու, թե խոսեց այս կամ այն տիտղոսավոր մտավորականը, ասաց այս կամ այն օգտակար եւ ազգաշահ բաները։ Դահլիճը լեփ-լեցուն էր։

Ներկա էին կարծես թե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները։ Հրավերը չէին ընդունել միայն «Հանրապետություն» միավորման անդամ կազմակերպությունները եւ իշխանավորները՝ ԱԺ նախագահ, նախարարներ։ Կարծես թե վարչապետի եւ ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչներն էլ, որ մշտապես մասնակցում էին «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի»՝ կազմկոմիտեի վերջին բոլոր ձեռնարկումներին, այս անգամ թողել էին, որ ընդդիմադիրներն առանց իրենցից քաշվելու սրտների ուզածն ասեին։

Եվ մարդիկ, որոնց, անկասկած, ինչպես պնդում էր Արամ Սարգսյանը, այստեղ էր բերել տագնապն ու անհանգստությունը Ղարաբաղի ճակատագրով, սկսեցին խոսել «Շամիրամից» ու Աշոտ Բլեյանից, բրազիլական հեռուստասերիալներից ու Հակոբ Մովսեսից, իսկ այ՝ Վիգեն Խաչատրյանի մասին Սիլվա Կապուտիկյանի խոսքը (բանաստեղծուհին նրան հիշատակեց գույն փոխողներից, ծառայամիտներից ու պնակալեզներից հետո՝ որպես մարդու մի առանձին տեսակի) ամենաբուռն ծափահարությունների արժանացավ։

Բայց պակաս բուռն չէր նաեւ արձագանքն ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի այն արտահայտություններին, թե «Լեւոն Տեր-Պետրոսյանին միայն սղոցով կարելի է իր աթոռից կտրել, նա հրաժարական չի տա», «Նա գիտակցված հանցագործ է՝ ե՛ւ քաղաքական, եւ քրեական իմաստով». «ազգովին իրոք պիտի խնդրենք, որ նա մեր հերը 3-րդ անգամ էլ չանիծի»։ Նկարիչ Սուրեն Մուրադյանը հիշեցրեց, որ «աշխարհում չկա տենց բան, որ արյունով նվաճած հողը հետ տան» եւ այլն։

Ոչ համանման, այսինքն՝ ոչ մարտական եւ զանազան որակումներով լեցուն ելույթները հաջողություն չէին ունենում։ Օրինակ, բավական սառն ընդունեցին Պարույր Հայրիկյանին, նրան խանգարելու փորձեր եղան, իսկ ահա Դավիթ Վարդանյանին բոլորովին թույլ չտվեցին խոսել։ «Ռեգլամենտ»,- տեղից գոռում էր լրագրության ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը։ «Ինչո՞ւ Դաշինքը քանդեցիք»,- գոռում էին դահլիճի մյուս ծայրից։ Ի վերջո, Դավիթ Վարդանյանն ասաց, որ ինքն էլ է կարող ասել. «Կեցցե Արցախը, այն մերն է» ու նստել տեղը։ Խոսքի ավարտին, երբ համոզվածություն հայտնեց, որ մինչեւ մյուս տարվա սեպտեմբեր այս վարչախումբը տապալված է լինելու, մտավորականներն էլի ընդվզեցին. «այդ ինչո՞ւ այդքան ուշ», «Հետմահո՞ւ»։

Խիստ պատկերավոր էր Ռազմիկ Դավոյանի խոսքը, որը Ղարաբաղն «անհանձնելի նյութ» անվանեց, ասաց, որ դա մեզ հուշում է «ղարաբաղցու» ներքին ձայնը, եւ նաեւ այսպիսի զուգահեռ կատարեց. «Հրեշը, որ մարդու մարմինը կուլ տա՝ թույլ չի տա, որ գլուխն ազատ-անկախ ապրի»։ Վերջում էլ ասաց. «Շնորհակալություն ուշադրության համար։ Ղարաբաղը չենք տալու»։

Լրիվ 1988-ի հանրահավաքների մթնոլորտ էր։ Բոլոր իմաստներով։ Եվ կարեւոր չէ երեւի, որ ներկաների գերակշիռ մեծամասնությունն այժմ հակաանկախական գործունեություն է ծավալել, լծվելով Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի մաս կազմելու ստորագրահավաքին։

Ինչ որ է, օդի պես անհրաժեշտ էին Իգոր Մուրադյանն ու Աշոտ Մանուչարյանը, եւ նրանք էլ խոսեցին։ Առաջինն, իհարկե, իր նախասիրած հայտարարություններն արեց, թե «Ռուսաստանն իր եղած-չեղածով վաճառել են ջհուդներին» եւ երեւի կհանգեր նաեւ «Խփիր ջհուդներին, փրկիր Ռուսաստանը» կարգախոսին, բայց տեղից մի կին ընդհատեց նրան՝ «Դադարեցրեք» ասելով։ Իգոր Մուրադյանն, իհարկե, անմիջապես կռահեց, որ ջհուդ-ուհու հետ գործ ունի։

Իսկ այ, Աշոտ Մանուչարյանին առավել զմայլանքով Ֆիլարետ Բերիկյանն էր լսում։ Պրն Մանուչարյանը բողոքեց, որ այլ խոսակցության էր սպասում (ի դեպ, իր հիասթափությունն այս առիթով հայտնել էր նաեւ Հմայակ Հովհաննիսյանը)։ Աշոտ Մանուչարյանը կոչ արեց քաղաքական գործիչներին անձնական պատասխանատվություն վերցնելով՝ ծրագրեր հրապարակել եւ խոստովանեց, որ ինքն էլ արդեն պատրաստի ծրագրեր ունի եւ պատրաստ է համագործակցել։ «Խաչիկ, ճիշտ էիր ասում, որ Մանուչարյանը Մատրոսովն է»,- Ստամբոլցյանին դիմելով՝ ասաց Ֆիլարետ Բերիկյանը։ Ահա թե մոտավորապես ինչպես էին արտահայտվում միմյանց մասին Ղարաբաղը պաշտպանելու համար հավաքվածները։

Այս ամենից հետո հավաքվածները մի հայտարարություն ընդունեցին՝ ուղղված միջազգային ատյաններին, որտեղ մասնավորապես կոչ էին անում բարի կամքի տեր մարդկանց՝ իրենց կառավարություններից պահանջել ճանաչելու ԼՂՀ լիակատար անկախությունն Ադրբեջանից։

Կուսակցությունների, կազմակերպությունների եւ մտավորականության ներկայացուցիչների անունից նաեւ կոչ ուղղեցին հայ ժողովրդին, որտեղ նշված է. «Հայրենակիցներ, պահն օրհասական է, բայց ոչ անելանելի։ Մենք կարող ենք փրկել Արցախը, դրանով իսկ հայոց միասնական նորանկախ պետականությունը, եթե հանդես գանք միակամ՝ թե՛ Հայրենիքում եւ թե՛ Սփյուռքում։ Անհրաժեշտ է ի պաշտպանություն Արցախի բարձրացնել ժողովրդական զանգվածային գործողությունների այնպիսի ալիք, ինչպիսին եղավ 1988-89 թվականներին»։ Հայտարարվեց մտավորականների խորհրդի ստեղծման մասին (նորից «Ղարաբաղ» կոմիտե՞), որը պիտի ղեկավարի այս շարժումը։

Այս ամենից դուրս, առաջարկ հնչեց նաեւ համահայկական հանրաքվե անցկացնել այն հարցադրմամբ, թե համաձա՞յն են արդյոք վերադարձնել գրավյալ տարածքները։ «Բա որ համաձայնե՞ն»,- երկմտեցին շատերը։ «Արդյունքները կկեղծվեն»,- հաստատ վստահություն հայտնեց ԿԸՀ-ի անդամ Ֆիլարետ Բերիկյանը։

aravot.am