1992թ. հունվարն էր, որպես «Հայքի» թեթի լրագրող, հարցազրույց վերցրեցի ՀՀՇ վարչության նախագահ, ՀՀ ԳԽ պատգամավոր Վանո Սիրադեղյանից: «Հայք»-ում վեց ամիս էր, որ աշխատում էի, և Վանոյից հարցազրույց վերցնելու համար գործադրեցի բոլոր ներհհշ-ական և իշխանամերձ կապերս: Ի վերջո, հետևողականությունս արդյունք տվեց. Վանոն հարցազրույց տալ համաձայնեց:
ՀՀՇ գրասենյակում հարցազրույց անհնար եղավ անցկացնել, քանի որ անընդհատ ներսուդուրս էին անում տարբեր մարդիկ: Հարցազրույցն, ի վերջո, կառավարական ամառանոցի նրա հարկաբաժնում անցկացրեցի: Ցուրտ ձմեռ էր, տունն ահավոր սառն էր, հարցազրույցը վարում էի մուշտակով, գլխարկով և միայն մեկ ձեռնոցով, մյուսով ձայնագրիչն էի աշխատեցնում և նշումներ անում: Հարցազրույցի սկզբից Վանոն 10 րոպե անհետացել էր, իսկ ես ուղղակի ցրտից դողում էի ու մտածում, որ արդեն փոշմանել է հարցազրույցին համաձայնելուց: Մեկ էլ Վանոն եկավ սուրճ և մի քանի կոնֆետներ ձեռքին. դրանք դրեց սեղանին, ու ասաց՝ սուրճ չունեի, դե այստեղ քիչ եմ լինում, Լույսյան սուրճը դրեց: Այսպես նախագահի տիկնոջ սուրճն ըմպելով, որ արդեն հասցրել էր սառչել, հարցազրույց վերցրեցի Վանո Սիրադեղյանից: Բայց այս պատմության մեջ ամենահետաքրքիր դա չէ, այլ այն, որ Վանոն խնդրեց հարցազրույցի տեքստը տպագրելուց առաջ նայել: Սովորաբար նման խնդրանքով ինձ չէին դիմում, բայց Վանոն հազիվ էր հարցազրույցի համաձայնել: Հարցազրույցը գրամեքենայով հավաքեցի, և միակ օրինակս տվեցի Վանոյին: Հետո խնդրեց ձայնագրությունը, որ իբր համեմատի, ձայնագրության ժապավենն էլ տվեցի:
Մի քանի օր հարցազրույցը չէր վերադարձնում, մի օր ինձ ասաց, թե՝ լավ չեմ խոսել, արի մի տպիր: Ինչ-որ ազդեցիկ մեկը նրան համոզել էր, որ չտպագրի հարցազրույցը: Երկրորդ օրինակն էլ չունեի, որ տպագրեինք: Կզայրանար՝ կանցներ, բայց հարցազրույցը կմնար:
Վերջերս արխիվումս մի փաստաթուղթ էի փնտրում, տեսա, որ գրամեքենայով հավաքված մի քանի անտիպ հոդվածներիս հետ, որոնք Շարժման առաջին երկու տարիներին չէր տպագրել խորհդային մամուլը, այդ թղթապանակում տեսա Վանոյի հարցազրույցը: Դեռ առիթ կլինի հարցազրույցն ամբողջությամբ տպագրելու, իսկ այսօր որոշեցի Վանո Սիրադեղյանի հետ այդ ծավալուն հարցազրույցից մի հատված հրապարակել: Կարելի է համաձայնել Վանոյի հետ կամ չհամաձայնել, թեկուզ այդ հարցազրույց առումով, սակայն երևույթներն ու իրադարձությունները գնահատելու՝ Վանոյի տաղանդն անուրանալի է:
Հատված Վանո Սիրադեղյանի հետ Նարինե Մկրտչյանի անտիպ հարցազրույցից, հունվար, 1992թ.
Հարց – ԽՍՀՄ հանրապետությունների գրեթե բոլոր ժողովրդավարական ուժերում նույն գործընթացն է. այդ ուժերը հիմնականում պառակտվում են: Ի՞նչ եք կարծում, դա օրինաչափությու՞նն է, ինչու՞ Հայաստանը, ինքնատիպ ուղի մշակելով հանդերձ, չկարողացավ խուսափել այդ պառակտումից:
Պատասխան- Բոլոր դեմոկրատական շարժումները որևէ խթան ունեին, մերն Արցախն էր: Բայց արցախյան շարժումն այդպիսի թափ չէր ստանա, եթե Միության ժողովուրդների մեջ դեմոկրատիայի կարոտը, հակակոմունիստական կծկված, խեղդված ուժը չպոռթկար, արդարության և քաղաքակրթության ծարավը չլիներ: Բոլոր շարժումներն էլ դեմոկրատական ուղղվածություն ունեին, միայն թե տարբեր հանրապետություններում տարբեր բովանդակություն ընդունեց:
Մերն առաջինն էր, և արցախյան շարժման համախմբվածությունը կարող էր ստեղծվել միայն ազգային հողի վրա: Բայց կրկնում եմ՝ մեր շարժումը թափ առավ ողջ Միության դեմոկրատական ուժերի ընդվզումից: Եվ դրա համար մերն ամենահզորն էր: Որքան էլ ազգային՝ մեր շարժումն իրականում պոռթկաց Արցախում մարդու իրավունքների շարունակական ոտնահարման պոռթկումից: Հետագայում Շարժման ազգային բովանդակությունը չափազանցվեց: Հայաստանի՝ Արցախին սատարելու պատրաստակամության մեջ, իհարկե, ազգային երանգը շեշտված էր, բայց արցախցիների սկզբնական ընդվզման հենքը դեմոկրատական էր: Դա ավելի շատ ապստամբություն էր դեմոկրատիայի իրավունքների ոտնահարման դեմ, քան հակաադրբեջանական ընդվզում: Արցախի՝ իմ գնահատականն այսպիսին է: Բայց երբ Արցախին միացավ Հայաստանը, իրարից կտրված և իրար ձգտող ժողովրդի այս երկու հատվածների ոգու միացումից ծնվեց ազգային հուժկու շարժում: Դա ազգային արժանապատվությանը տեր կանգնելու պայթյուն էր ողջ ԽՍՀՄ-ի մակարդակով: Իսկ ազգային արժանապատվությանը միշտ էլ տեր է կանգնում ժողովրդի ամենադեմոկրատական մասը, և այդ պատճառով էր շարժումը դեմոկրատական:
Հարց – Քանի որ մենք հարափոփոխ ժամանակներում ենք ապրում, ապա եղածը գնահատելու բացառիկ հնարավորություններ ենք հաճախ ունենում: Այս առումով չորս տարվա հեռավորությունից նայելով Շարժմանը՝ ի՞նչ եք կարծում, որոնք էին այն սխալները, որոնցից կարելի էր խուսափել, որոնք անխուսափելի էին Շարժման համար, և որո՞նք են իրական նվաճումները:
Պատասխան – Սխալնե՞րը… Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Արցախի և Հայաստանի միացման որոշումը սխալ էր, գուցեև՝ անխուսափելի սխալ: Այն մենք ընդունեցինք Արցախի և Հայաստանի ժողովրդի հայրենասիրական բարձր ալիքի վրա. դա այն եզակի դեպքն էր, երբ ոչ թե մենք, այլ ժողովուրդն էր մեզ կառավարում: Այդ որոշման պտուղները ապագայում երևի հնարավոր կլինի քաղել, բայց մենք առիթ տվեցինք մեզ կշտամբելու ագրեսիայի, հողային պահանջի մեջ, մինչդեռ Արցախի հարցը միշտ դիտել ենք որպես ժողովրդի ինքնորոշման իրավունք, ինչպիսին է և այսօր: Հիմնական սխալը դա էր:
Նվաճումները. եթե նախկին ԽՍՀՄ-ում մեծ կատակլիզմներ չլինեն՝ սա արդեն նվաճում է, քանի որ Արցախի ժողովուրդը երեք տարի ապստամբ վիճակում է և գալիք տասնամյակների համար ազգային ինքնագիտակցության բավականին պաշար է կուտակել և ցույց տվել Ադրբեջանին, որ ինքը կուլ չի գնա Նախիջևանի պես: Սա է Շարժման հիմնական նվաճումը, մնացած նվաճումները վերաբերում են Հայաստանին. դեմոկրատական կարգերի հաստատում, հողի սեփականաշնորհում և այլն:
Հարց – Թեպետ ասում են, որ քաղաքական կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, այնուամենայնիվ, ձեր կանխատեսումները Հայաստանի առաջիկա 1-2 տարվա համար:
Պատասխան- Հայաստանում կատարվող փոփոխությունները մեծապես կախված են նախկին ԽՍՀՄ-ում կատարվող փոփոխություններից: Ես կարծում եմ՝ խաղաղ ճանապարհով ենք գնալու: Պատերազմի հավանականությունը քիչ է: Այս նոր ընկերակցությունը ստեղծման ընթացքը հույս է ներշնչում, որն չնայած Արցախում առանձին մարտերին՝ Հայաստանը կամրանա խաղաղ ճանապարհով: Բնականաբար, ամեն ինչ կախված է Ռուսաստանի քաղաքական կյանքից, ողջ աշխարհի բախտն է դրանից կախված: Ես Ելցինի և Արևմուտքի ճկուն քաղաքականության մեջ եմ տեսնում այդ խաղաղության երաշխիքները: Արևմուտքը գրեթե միշտ թերագնահատել է Ելցինին: Մինչդեռ նա ճկուն և համառ դիվանագետ է: Նրա՝ քաղաքական իրադարձությունների արագ արձագանքելը ԽՍՀՄ-ը զերծ պահեց բազմաթիվ աղետներից: Թեպետ Ռուսաստանի մեծապետական շովինիստական թևը միշտ կուզենա վերադառնալ հնին, բայց հանրապետությունները դա թույլ չեն տա: Ես Հայաստանը տեսնում եմ այդ ընկերության մեջ: Մինչև հանրապետություններում վիճակի կայունանալը՝ արտասահմանի մեր հարևանները մեզ հետ հարաբերություններ հաստատելուց կխուսափեն շարունակ: Եվ նաև այդ պատճառով պետք չէ հույս փայփայել, թե կտրուկ միջոցներով Հայաստանը սովի չի մատնվի և ռազմական ներխուժման չի ենթարկվի, Արցախն էլ միշտ մեզ հետ:
Հարց – Իսկ սեփական ուժերին ապավինելու՝ Շարժման կարևոր գաղափարը իրականանու՞մ է Հայաստանում:
Պատասխան – Մեր հանգամանքում սա նշանակում է՝ հույսը չկապել ռուսական բանակի հետ, միայն Վրաստանի հետ բարեկամանալու հետ և չմտածել, որ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատենք՝ կփրկվենք. այս երեք հանգամանքները միայն մեզ չեն փրկի: Որևէ պետության ատելության կամ սիրո հետ մեր հույսը չպետք է կապենք: Այլ հավասարակշռելով ամեն ինչ, հստակ վերլուծելով քաղաքական իրավիճակը՝ անել հնարավոր ճիշտ քաղաքական քայլը: Այսօր մեզ դա հաջողվում է:
Նարինե Մկրտչյան