Քրքումը համարվում է ամենաօգտակար համեմունքներից մեկը ինչպես առողջության, այնպես էլ մաշկի համար։ Նման կարծիք է հայտնել սննդաբան Տատյանա Եվստիգնեեւան (Ռուսաստան)։
«Այն ունի հակաբորբոքային, հակասեպտիկ, հակաբակտերիալ եւ հակատարիքային հատկություններ, որոնք քրքումը դարձնում են ոչ միայն հիանալի դեղամիջոց, այլեւ մաշկի խնամքի ամենահզոր միջոցներից մեկը»,- ասել է մասնագետը։
Քրքումը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր եւ վիտամիններ, ինչպես նաեւ կուրկումին, կալցիում, երկաթ եւ պղինձ։ Ենթադրվում է, որ եթե մաշկի հետ կապված խնդիրներ կան, ապա այս համեմունքը կարելի է օգտագործել մաշկը մաքուր պահելու համար, բացի այդ, այն օգնում է վերահսկել ճարպագեղձերի ակտիվությունը։
Մասնագետի խոսքով՝ քրքումը կարելի է օգտագործել նաեւ մի շարք մաշկային հիվանդություններ բուժելու համար։ Նրա խոսքով՝ համեմունքի շնորհիվ կարելի է հասնել դեմքի մաշկի գունաբացման եւ թարմացման, իսկ չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում այն ավելացնել դիմակների մեջ՝ որպես խոնավեցնող բաղադրիչ։