Բանջարեղենը համարվում է օգտակար մթերք, ուստի մասնագետները հորդորում են հարստացնել սննդակարգը մեծ քանակությամբ բանջարեղենով ու մրգերով։ Դրանք հարուստ են օրգանիզմի համար անչափ կարևոր վիտամիններով ու հանքանյութերով, սակայն անգամ նման օգտակար մթերքի գործածությունը որոշ դեպքում կարող է բավական վտանգավոր լինել առողջության համար։
Medikforum.ru կայքը ներկայացրել է օգտակար համարվող բանջարեղենի այն տեսակները, որոնց գործածությունը կարող է վնասակար լինել։
Կարտոֆիլ
Թարմ կարտոֆիլը կալիումի հիանալի աղբյուր է, իսկ այս տարրը շատ կարևոր է սրտամկանի համար։ Այնուամենայնիվ այս մթերքը հարկավոր է չափավոր օգտագործել և ուտել միայն խաշած կամ ջեռոցում եփված վիճակում՝ խուսափելով տապակած կարտոֆիլից։ Բանն այն է, որ կարտոֆիլը պարունակում է օսլա, որը տապակելու դեպքում քաղցկեղածին միացություններ է առաջացնում։ Բացի այդ, այն կարող է պարունակել նաև սոլանին, որը բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի վրա։
Լոլիկ
Լոլիկը հարուստ է օգտակար հակաօքսիդանտներով ու С և В վիտամիններով, սակայն խանութերում վաճառվող լոլիկն աճեցվում է մեծ քանակությամն քիմիական պարարտանյութերի միջոցով, իսկ այս նյութերը վնասակար են օրգանիզմի համար։ Սա է պատճառը, որ լոլիկի չարաշահումը կարող է վտանգավոր լինել։
Սմբուկ
Սմբուկի պտղամիսը պարունակում է բաղադրիչներ, որոնք ակտիվացնում են թթուների արտադրությունը՝ այդ կերպ նպաստելով երիկամներում վտանգավոր քարերի առաջացմանը։
Կաղամբ
Մեծ քանակությամբ օգտակար տարրերի հետ մեկտեղ կաղամբը պարունակում է նաև յոդ։ Սա ևս շատ կարևոր տարր է օրգանիզմի համար, սակայն վահանագեղձի աշխատանքի խանգարումների դեպքում այն կարող է շատ վտանգավոր լինել։ Բացի այդ, կաղամբը հակացուցված է նաև ստամոքսի խոցային հիվանդության ու գաստրիտի դեպքում, քանի որ կարող է վատթարացնել հիվանդի վիճակը։
Սոխ
Սոխը ևս համարվում է շատ օգտակար բանջարեղեն, սակայն այն պարունակում է ֆրուկտան կոչվող բաղադրիչ, որի պատճառով սոխի գործածությունը կարող է գրգռել ստամոքսն ու տհաճ զգացողություններ առաջացնել։