Բշտիկներն ու կորյակները սովորաբար մտազուգորդվում են դեռահասության շրջանի ու հորմոնալ տատանումների հետ, սակայն այս տհաճ մաշկային խնդրին մարդիկ կարող են բախվել ցանկացած տարիքում: Շատ դեպքերում դրանք պայմանավորված են լինում այս կամ այն հիվանդությամբ, մաշկի բորբոքումներով, սխալ խնամքով, անհամապատասխան սննդակարգով և մի շարք այլ խնդրներով, ուստի առողջ ու հարթ մաշկ ունենալու համար հարկավոր է առաջին հերթին պարզել խնդրի առաջացման պատճառն ու ազատվել դրանից: Սակայն անգամ այս դեպքում երբեմն բշտիկները չեն անհետանում կամ թողնում են բավական տհաճ հետքեր, ուստի հարկավոր է լինում հավելյալ միջոցներ ձեռնարկել մաշկի վիճակը բարելավելու համար:
Բշտիկներից ազատվելու, բորբոքումները բուժելու և մաշկի գույնը հավասարեցնելու համար կարելի է կիրառել տարատեսակ դեղամիջոցներ կամ կոսմետիկ միջոցներ, սակայն սխալ ընտրության դեպքում նման միջոցները կարող են անարդյունավետ լինել կամ էլ ավելի վատթարացնել մաշկի վիճակը: Նման խնդիրներից խուսափելու համար կարելի է կիրառել բնական միջոցներ, որոնք շատ արդյունավետ են, չեն առաջացնում կողմնակի բարդություններ և ալերգիաների բացակայության դեպքում համապատասխանում են յուրաքանչյուրի մաշկին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նման բնական միջոցներից ամենաարդյունավետները, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել մաշկային այս տհաճ խնդրից։
- Կեչու չորացրած ու մանրացրած կեղևին 5։1 հարաբերակցությամբ ավելացնել եռման ջուր, թրմել 8 ժամ, որից հետո քամել։ Ստացված թուրմն օգտագործել մաշկը մաքրելու և բշտիկների հատվածում թրջոցներ դնելու համար։
- 3 ճաշի գդալ կեչու բողբոջներին ավելացնել կես բաժակ օղի, մեկ շաբաթ թրմել որևէ մութ տեղում, այնուհետև քամել և օգտագործել որպես արդյունավետ լոսյոն յուղոտ ու խնդրահարույց մաշկի խնամքի համար։
- 2 ճաշի գդալ չորացրած եղինջի տերևներին ավելացնել մի բաժակ օղի, 10 օր թրմել որևէ մութ տեղում, այնուհետև ստացված ոգեթուրմն օգտագործել որպես լոսյոն օրական երկու անգամ լվացվելուց հետո մաշկին քսելու համար։
- Կես կիտրոնի հյութը քամել, ավելացնել մի բաժակ գոլ ջուր, լավ խառնել և օգտագործել ստացված հեղուկը որպես բնական լոսյոն։
- 3 ճաշի գդալ թարմ վարունգի խյուսին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել 2-3 ժամ, այնուհետև քամել, ավելացնել 1 թեյի գդալ մեղր ու լավ խառնել։ Բամբակյա սկավառակը թրջել ստացված խառնուրդով, լվացվելուց հետո քսել լոսյոնը մաշկին, թողնել 30-40 րոպե, այնուհետև կրկին լվացվել սառը ջրով։
Այս պարզ բնական միջոցները կարող են շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ բշտիկները ոչ միշտ են լինում զուտ կոսմետիկ խնդիր և կարող են պայմանավորված լինել առողջական որոշակի խնդիրներով, ուստի մինչ դրանց դեմ պայքարելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։ Հարկ է հիշել, որ ինքնաբուժությունը կարող է շատ տհաճ հետևանքներ ունենալ, ուստի առաջին հերթին հարկավոր է դիմել մաշկաբանին: Լուրջ խնդիրների դեպքում միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել մաշկային խնդիրներից առաջացման պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: