Իսպանացի անասնաբույժները հայտնաբերել են, որ SARS-CoV-2-ի այլ տարբերակների՝ «Օմիկրոն» շտամը բավականին հաճախ է ներթափանցում ընտանի կատուների և շների օրգանիզմ իրենց վարակված տերերից: Հետազոտողների դիտարկումների արդյունքները ներկայացվել են bioRxiv էլեկտրոնային գրադարանում:
«Մեր դիտարկումները ցույց են տվել, որ կորոնավիրուսի նոր շտամները կարող են մարդուց փոխանցվել կենդանիներին, սակայն դրանք վարակելիությամբ զիջում են SARS-CoV-2-ի նախորդ շտամներին: Դա հերթական անգամ ընդգծում է կենդանիների շրջանում COVID-19-ի տարածման դիտարկման անհրաժեշտությունը»,- գրում են հետազոտողները։
Վերջին երկու տարիների ընթացքում անասնաբույժներն ու կենսաբանները բազմաթիվ օրինակներ են հայտնաբերել, թե ինչպես են կորոնավիրուս SARS-CoV-2-ը կամ դրան նման ախտածիններ ներթափանցել բազմաթիվ վայրի և ընտանի կենդանիների պոպուլյացիայի մեջ:
Իսպանացի անասնաբույժների խումբը, որը ղեկավարում է Մադրիդի համալսարանի (Իսպանիա) գիտաշխատող Սանդրա Բարոսո-Արևալոն, հետաքրքրվել է, թե արդյոք կան տարբերություններ «Օմիկրոն»-ի և SARS-CoV-2-ի նախորդ շտամների միջև: COVID-19-ի հարուցչի այս շտամների գենոմում մեծ թվով մուտացիաներ, ինչպես ենթադրել են գիտնականները, կարող էին մեծապես ազդել կենդանիների օրգանիզմ ներթափանցելու նրա ունակության վրա:
Բարոսո-Արևալոն և նրա գործընկերները գործնականում ստուգել են այդ վարկածը, ինչի համար նրանք հավաքել են երեք տասնյակ կատուների, 50 շների և մեկ ճագարի խորխի նմուշներ, որոնց տերերը 2021 թվականի դեկտեմբերի կեսերին և 2022 թվականի մարտի վերջին վարակվել են COVID-19-ով: Այդ նմուշները հետագայում ուսումնասիրվել են PCR թեստերի և գենոմային սեքվենավորման միջոցով։
Պարզվել է, որ «Օմիկրոն» շտամի մասնիկների հետքերը կենդանիների մոտ 10%-ի օրգանիզմում են եղել, այդ թվում՝ յոթ կատուների և մեկ շան։ Նրանց տերերի խոսքով՝ կենդանիները անհանգստության, ընկճված տրամադրության կամ COVID-19 վարակի այլ ախտանիշներ չեն ցուցաբերել, ինչը վկայում է հիվանդության ընթացքի թեթև բնույթի մասին:
Այս առումով, «Օմիկրոն» շտամը զգալիորեն տարբերվում է SARS-CoV-2-ի նախորդ տարբերակներից, որոնք հաճախ տեսանելի ախտանիշներ են առաջացրել շների և կատուների մոտ և, որոշ դեպքերում, խլել ընտանի կենդանիների կյանքը: Ինչպես ենթադրում են հետազոտողները, դա խոսում է այն բանի օգտին, որ «Օմիկրոն» շտամի գենոմում մեծ թվով մուտացիաների հայտնվելը իսկապես վատթարացրել է կորոնավիրուսի՝ ընտանի կենդանիների բջիջներ ներթափանցելու ունակությունը։