Դիզայներ, Ռուսաստանի դիզայներների միության անդամ Անտոն Պիկլյաևը կարծում է՝ Երևանի մետրոպոլիտենը յուրահատուկ քարանձավ է քաղաքի տակ: Նա վերջերս է ժամանել Հայաստան և, ծանոթանալով երևանյան մետրոյին, որոշել է սխեմա գծել, որը հնարավոր է՝ առաջիկայում տեղադրվի մետրոյի վագոններում և ուղևորներին հնարավորություն տա հասկանալու, թե ինչ ավտոբուսներով կամ գնացքներով է հնարավոր մետրոյից դուրս գալուց հետո հասնել օդանավակայան կամ քաղաքի այլ հատվածներ:
«Արմենպրես»–ի թղթակցի հետ զրույցում Անտոն Պիկլյաևը պատմել է Երևանի մետրոյից ստացած տպավորությունների, առանձնահատկությունների և իր գծած սխեմայի մասին:
Պիկլյաևն առաջին անգամ Երևանի մետրոյի լուսանկարները տեսել, մետրոպոլիտենի մասին տեղեկություններ է քաղել 1995 թվականին, երբ թերթել է Խորհրդային Միության անդամ երկրների մետրոպոլիտեններին վերաբերող գիրքը: «Այդ ժամանակ, ընդամենը 15 տարեկան էի, սակայն շատ հետաքրքրված էի տրանսպորտին, դրա հարմարավետությանը, հասանելիությանը վերաբերող հարցերով, իսկ ավելի ուշ, երբ հասանելի դարձան համակարգիչներն ու սկսեցի դիզայնով զբաղվել, շատ էի ուսումնասիրում մետրոյի սխեման, դիրքը և այլն: Այդ ամենը տեսական էր, բայց՝ կարևոր»,- պատմում է Պիկլյաևը:
Գալով Երևան և մտնելով մետրո՝ նա հիշել է մետրոյի հետ կապված այն ամենը, ինչը ժամանակին կարդացել է: Խոստովանում է՝ երբ կանգնել է էքսկալատորին և այն շատ արագ ցած է իջել, առավել արագ, քան Մոսկվայի և մի շարք այլ քաղաքների մետրոյի էքսկալատորներ, Պիկլյաևը շատ է տպավորվել ու թռիչի զգացում ապրել:
Երբ անցել է մետրոյի կայարաններով, նկատել է, որ կայարանները հոյակապ են, կոթողային են: «Վերջին շրջանում Մոսկվայում կառուցվում են հասարակ, պարզ կայարաններ տարբեր մետաղներից, որոնք տեսականորեն չեն տպավորում, իսկ այստեղ ամեն բան քարից է: Մետրոն ասես քարանձավ լինի, որով տեղաշարժվում ես քաղաքի տակ: Երբ առաջին անգամ գնացի Կասկադ, որը շատ գեղեցիկ է, վերև բարձրացա աստիճաններով, կրկին ներքև իջա և միայն մեկ շաբաթ անց իմացա, որ Կասկադի ներսում էքսկալատոր կա, որը ևս հրաշալի թռիչքի զգացողություն է առաջացնում»,- շեշտում է նա:
Ամբողջությամբ՝ armenpress.am