Երիտասարդներից ավելի ու ավելի շատ թվային հմտություններ են ակնկալվում, որոնք օգտակար կլինեն՝ ինչպես դպրոցում, այնպես էլ՝ ապագա աշխատավայրում։ Օրինակ, շատ գործատուներ ցանկանում են, որ երիտասարդները լավագույնս իմանան և օգտագործեն թվային տեխնոլոգիաներն իրենց աշխատանքում:
Այսօր ձեր թվային հմտությունների զարգացումը և նոր գիտելիքներ ձեռք բերելը բավականին պարզ է։ Ձեզ անհրաժեշտ է միայն նախաձեռնողականություն և ցանկություն, քանի որ ծրագրավորման և տեխնոլոգիական թարմացումների մասին օգտակար նյութեր, ինչպես նաև հաջողված օրինակներ կարելի է գտնել՝ ինչպես ցանցում, այնպես էլ՝ տարբեր երիտասարդական ծրագրերում: Կան շատ հարթակներ, որոնք օգնում են հասկանալ, թե ինչ ռեսուրսներ կարող եք օգտագործել թվային աշխարհում կատարվողի մասին էլ ավելի տեղյակ լինելու և օգտակար հմտություններ ձեռք բերելու համար: Օրինակ՝ Progetiiger-ը։ Այս էջում կարող եք գտնել բազմաթիվ օգտակար ծրագրավորվող հավելվածներ սովորելու համար դասընթացներ, որոնք հարմար են տարբեր տարիքի երիտասարդների համար՝ ինչպես տարբեր առարկաներ ուսումնասիրելու, այնպես էլ տարբեր գործունեության համար՝ ծրագրավորումից մինչև 3D դիզայն:
Հայաստանում ևս կան նման երիտասարդական նախագծեր։ Օրինակ՝ Mediaavdvisor.am-ը, որն օգնում է ճիշտ կողմնորոշվել տեղեկատվական դաշտում։ Կայքը հանդիսանում է մեդիա խորհրդատու հայ հասարակության համար։ Այն օգնում է լինել մեդիագրագետ, ճիշտ քաղել տեղեկությունը՝ խթանելով ապատեղեկատվության տարածմանը։ Էջում կա ծնողական հսկողության բաժին, որի նպատակն է՝ ծնողների համար ստեղծել ապահով միջավայր՝ զերծ պահելով նոր սպառնալիքներից և մտահոգություններից, երբ երեխաները հասանելի են կայքում։
«Արի, սովորիր, դարձիր թվային» կարգախոսով մարզերի երիտասարդները կոչ են անում ծանոթանալ թվային աշխարհի նրբություններին և պատրաստ լինել նոր մարտահրավերների։ «Թվային սերունդ» նախագիծը, որը ստեղծվել և կատարելագործվել է մարզերում բնակվող երիտասարդների կողմից, հնարավորություն կտա ձեզ, մնալով տանը, լինել թվային գիտելիքներով զինված և ավելի ինքնավստահ այս թվային աշխարհում։
Նախագծի մասին զրուցել ենք «Թվային սերունդի» հիմնադիր 13-ամյա Արամ Աղեկյանի հետ։
««Թվային սերունդը» ստեղծվել է «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ի ակտիվ երիտասարդների կողմից։ Մեր թիրախային խումբը երիտասարդներն են, սակայն շատ ցանկալի է, որ մասնակցեն նաև ավագ սերնդի ներկայացուցիչները՝ 50, 60 տարեկան, նույնիսկ ավելի երիտասարդ մարդիկ, ովքեր ցանկանում են նոր գիտելիքներ ձեռք բերել։ 21-րդ դարում արդեն աշխատանքն այնպիսին է, որ կարելի է տանը նստած աշխատել, և այն ժամանակը, որը ծախսում ենք տրանպորտի մեջ, գրասենյակ հասնելու և այլ խնդիրներ լուծելու վրա, կարելի է խնայել, աշխատել տանից՝ ճկուն գրաֆիկով, և ազատ ժամանակը հատկացնել ընտանիքին, ընկերներին, ինչո՞ւ ոչ, նաև ինքնակրթությանը, կրթվելուն։
Մեր «Թվային սերունդ» նախագիծը մեծ խնդիր է լուծում՝ մեր երիտասարդներին, ինչպես նաև մյուս խմբերին սովորեցնում է թվային գործիքներ՝ սկսած MC Office-ի մի քանի գործիքներից, որոնք անհրաժեշտ է իմանալ, մինչև Google-ի պրոդուկտները և այլ գործիքներ, կիբեռանվտանգության հիմունքներ, մեդիագրագիտություն»,- պատմում է Արամը։
Մայիսի 10-ին նախագծի կողմից կանցկացվի «Թվային հմտություններ» օնլայն դասընթացը, որը նախատեսված է դպրոցականների, ուսանողների, ավագ սերնդի ներկայացուցիչների համար, ում թվային գիտելիքները չեն բավականացնում ընկերական ու գործընկերական միջավայրերի հետ արդյունավետ հաղորդակցվել ու համագործակցել։
Դասընթացի արդյունքում ձեռք կբերեն թվային միջավայրի հետ արդյունավետ աշխատելու, ընկերական ու գործընկերական միջավայրերի հետ արդյունավետ հաղորդակցվել ու համագործակցելու հմտություններ, ժամանակի ու ռեսուրսների կառավարման արդյունավետության կտրուկ աճ։
«Առանձնացվել են հստակ թեմաներ, որը անցնելուց հետո արդեն մասնակիցները կկարողանան տիրապետել շատ գործիքների, որոնց միջոցով իրենց ժամանակը կխնայեն, ձեռք կբերեն շատ գիտելիքներ, որի արդյունքում կկարողանան նաև ֆրիլանս (ազատ գրաֆիկով) աշխատանքի անցնել, կապեր ձեռք բերել, ինչո՞ւ չէ, նաև սեփական բիզներ սկսել, ինչն այս դարում ավելի հեշտ է, քան, օրինակ, 90-ականներին կամ նախկինում»,- նշում է Արամը։
Արամ Աղեկյանի խոսքով՝ շատ ցավալի է, բայց մեր ներկայիս հասարակությունը համացանցը և տեխնիկան դիտարկում են՝ որպես հաճույքի աղբյուր, բայց այլ տեսանկյունից չեն նայում դրանց։
«Այսպես ասեմ, որ համացանցում առկա են աշխարհի բոլոր գիտելիքները, որոնք ուղղակիորեն մեր ձեռքի տակ են, և մեզ մնում է ընդամենը դրանք վերցնել, քաղել։ Բայց հասարակության մեջ կան խմբեր, ովքեր նույնիսկ չգիտեն, թե ինչպես այդ ինֆորմացիան վերցնեն։ Կան մարդիկ, ովքեր նույնիսկ օնլայն դասընթացների, վիդեո կուրսերի միջոցով կարողացել են մասնագիտություն ձեռք բերել, հեռավար աշխատանքի անցնել, նույնիսկ դասընթացներ, բիզնեսներ սկսել։ Իսկ «Թվային սերունդում» մենք սովորեցնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք հնարավորություն կտան թե՛ ժամանակ խնայել, և թե՛ հաճելի գործընկեր լինել կազմակերպություններում աշխատանքի անցնելիս։ Այդ հմտությունները կդիտվեն՝ որպես առավելություն։ Ամենակարևոր բանը, որ մենք փոխանցում ենք մեր մասնակիցներին, այն է, որ եթե նույնիսկ մենք չունենանք ձեր հարցի պատասխանը, մենք գիտենք, թե ինչպես դրանք գտնենք։ Այսինքն՝ սովորել՝ ինչպես սովորել։ Մենք բոլորս էլ բաց տեղեր ունենք և այդ բացերը լրացնելու ենք համացանցում ինֆորմացիան փնտրելու շնորհիվ։
«Թվային սերունդը» այն նախագծերից է, որ բազմաթիվ կարծրատիպեր է կոտրել այն մասին, որ մարդիկ պետք է տեղափոխվեն քաղաք, որ կարողանան բարձր աշխատավարձով աշխատանքի ընդունվել կամ հաջողակ դառնալու համար պետք է անպայման քաղաքում ապրել, կյանքը այնտեղ է եռում և այլն։ Այս ամբողջ կարծրատիպերը կոտրել են հենց մեր մարզերի երեխաները։
Մեր դասախոսները հենց մարզերի երիտասարդներն են, ովքեր քրտնաջան աշխատանքի արդյունքում հմտացել են իրենց աշխատանքում, սովորել են այս ծրագրերը, և այսօր այն աստիճանի են հմտացել, որ կարող են դասավանդել։
«Թվային սերունդն» արդեն անցկացրել է մեկ դասընթաց, որին մասնակցել են նաև մասնակիցներից մեկի ընտանիքի անդամները՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ։
Սիրարփի Աղաբաբյան