Որոնք են գլխամաշկի թեփի առաջացման պատճառներն ու խնդրից ազատվելու միջոցները
Advertisement 1000 x 90

Որոնք են գլխամաշկի թեփի առաջացման պատճառներն ու խնդրից ազատվելու միջոցները

Շատերը սխալմամբ կարծում են, որ գլխամաշկի թեփն ի հայտ է գալիս սխալ հիգիենայի պատճառով, մինչդեռ իրականում դա այդպես չէ։ Այս մասին medikforum.ru կայքի հետ զրույցում ասել է մաշկաբան Մարիա Ժուրավլյովան՝ ներկայացնելով այս խնդրի մասին տարածված հիմնական «միֆերն» ու դրա դեմ պայքարի միջոցները։

«Գլխամաշկի թեփը սեբորեային դերմատիտի թեթև ձևն է։ Դրա զարգացման պատճառները դեռ լիովին պարզված չեն, սակայն համարվում է, որ այս գործընթացը կարող է պայմանավորված լինել մաշկի մակերևույթին բնական կերպով առկա խմորիչի նկատմամբ բորբոքային ռեակցիայով, մաշկի ճարպի բաղադրության փոփոխությամբ ու մաշկի պաշտպանիչ հատկությունների խանգարմամբ», – նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ երբեմն գլխամաշկի թեփը սեզոնային բնույթ է կրում։ Օրինակ՝ այն կարող է ի հայտ գալ միայն տարվա ցուրտ եղանակին կամ միայն շոգ եղանակին։ Բացի այդ, գոյություն ունի նաև որոշակի կապ սեբորեայի սրման ու նյարդային ցնցումների և սթրեսների միջև։
Առավել հաճախ գլխամաշկի թեփից ազատվելու համար բավական է լինում միայն ճիշտ շամպունի ընտրությունը։ Ընդ որում հիգիենայի նման միջոցները որպես կանոն պարունակում են ցինկ, սալիցիլաթթու, ծծումբ, սելենի սուլֆիդ և կուպր։ Ավելին՝ որպեսզի շամպունն արդյունավետ լինի, հարկավոր է ոչ թե պարզապես լվանալ դրանով վարսերը, այլ այն որոշ ժամանակ դիմակի նման թողնել վարսերին։

Նման շամպունը հարկավոր է օգտագործել շաբաթական առնվազն երկու անգամ երկու ամիս շարունակ։ Գլխամաշկի թեփից ազատվելուց հետո բուժիչ շամպունը կարելի է կիրառել կանխարգելիչ նպատակներով երկու շաբաթը մեկ անգամ։

Եթե հատուկ շամպունների միջոցով հաջողվել է ազատվել գլխամաշկի թեփից, ապա մաշկաբանին դիմելու անհրաժեշտություն չկա, մինչդեռ խնդրի պահպանման դեպքում խորհրդատվությունը մասնագետի հետ պարտադիր է։ Բանն այն է, որ թեփը կարող է շատ ավելի վտանգավոր մաշկային խնդրի ախտանշանը լինել, ուստի այն ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։

tert.am