2020 թվականի 44-օրյա պատերամից հետո, երբ Արցախի տարածքների մեծ մասն օկուպացվեց Ադրբեջանի կողմից, Արցախի զբոսաշրջության ոլորտում սկսեցին տարբեր քայլեր իրականացնել՝ Արցախ այցելող զբոսաշրջիկներին այլ հետաքրքիր վայրերի հետ ծանոթացնելու համար։
168.am-ի հետ զրույցում, խոսելով Արցախում զբոսաշրջության ոլորտում եղած փոփոխությունների և զբոսաշրջիկներին այսօր առաջարկվող ուղղությունների մասին, Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը նախ նշեց, որ մինչև Ադրբեջանի կողմից Արցախի որոշ տարածքների օկուպացնելը, զբոսաշրջիկների համար, որոնք Արցախ այցելում էին զբոսաշրջային փաթեթով, հետաքրքիր էին արդեն կայացած զբոսաշրջավայրերը՝ Դադիվանքը, Տիգրանակերտը, Հունոտի կիրճը և այլն։
«Կայացած զբոսավայրերից հասանելի են Գանձասարը և Ամարասի վանքը։ Այս պահին փորձում ենք այլընտրանքային զբոսավայրեր հանրահռչակել, սակայն, ցավոք, ենթակառուցվածքներն այդքան պատրաստ չեն և հիմնականում հարմար են արկածային, գյուղական, էկո, ջիփինգ տուրերի, քայլարշավների համար։ Օրինակ, Կաչաղակաբերդից մի ուղղությունը՝ Պատարա գյուղ, Կաչաղակաբերդ-Քոլատակ։ Մեծ ուշադրություն ենք դարձնում Հակոբավանքի, Բովուրխանի վանքին։ Հասանելի է նաև Նիկոլ Դումանի տուն-թանգարանը։ Կարելի է ասել, կլասիկ զբոսաշրջությունից անցել ենք գյուղական զբոսաշրջության»,- նշեց Գևորգ Առաքելյանը։
Ըստ մեր զրուցակցի, Արցախ այցելելու հետաքրքրություն ունեցողների թիվն ավելի մեծ է, քան Արցախ այցելողների քանակը, պատճառը մուտքի արտոնագրի բարդացումն է։
«Հիմնականում գալիս են այն երկրներից, որտեղ հայկական սփյուռքը մեծ է, այսինքն՝ կարելի է ասել, սփյուռքահայությունն է, սակայն առաջին տեղում ՌԴ քաղաքացիներն են։ Եթե հաշվենք, որ 2019 թվականին օտարերկրյա քաղաքացիների քանակը հասել էր մոտ 42.000-ի, ապա 2020 թվականին պատերազմի և կորոնավիրուսի պատճառով այդ թիվը նվազել էր՝ հասնելով 3016-ի։ 2021 թվականին աճ եղել է, բայց շատ քիչ՝ զբոսաշրջիկների թիվը հասել է 4391-ի։ Առաջին տեղում կրկին ՌԴ-ն է, այնուհետև Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ուկրաինան, սակայն նրանց մոտ 80 տոկոսը ՌԴ քաղաքացիներ են»,- շեշտեց Գևորգ Առաքելյանը։
Միաժամանակ նա նշեց, որ հանրահռչակում են այն վայրերը, որոնք Արցախի ներքին գործերի նախարարության հետ համաձայնեցված են, որպես անվտանգ վայրեր։ Ճանապարհները նույնպես անվտանգ են, քանի որ օրական Հայաստանից հարյուրավոր մարդիկ են գնում Արցախ, Արցախից էլ՝ Հայաստան։
«Այս ընթացքում դեռևս որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել։ Կրկնում եմ՝ այն բոլոր վայրերը, որոնք մենք հանրահռչակում ենք, Արցախ այցելող զբոսաշրջիկների համար անվտանգ են, մեր բրենդը «Artsakh Travel»-ն է, որին կարող են հետևել, իսկ մենք պատրաստ ենք Արցախում ընդունել զբոսաշրջիկներին»,- նշեց Գ. Առաքելյանը։
Ինչ վերաբերում է այս տարվա ամառային զբոսաշրջությունից ակնկալվող սպասելիքներին, Արցախի Զբոսաշրջության վարչության պետը նկատեց.
«Այս պահին մենք հիմնականում շեշտադրումը դրել ենք մեր հայրենակիցների վրա, նրանց թիվը, ցավոք, հնարավորություն չունենք հաշվառելու, քանի որ նրանք Արցախ մուտք գործելիս չեն հաշվառվում, հետևաբար՝ միայն օտարերկրացիների թիվը կարող եմ ասել։ Համեմատած նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի հետ, այս տարի մոտ 80 տոկոս աճ ունենք։
Հյուրանոցների ու հյուրատների առումով, ճիշտ է, որոշակի խնդիր կա, քանի որ մեր տեղահանված հայրենակիցների մի մասն այսօր գտնվում է հյուրանոցներում ու հյուրատներում, սակայն կարծիքը, թե բոլոր հյուրանոցները զբաղված են՝ սխալ է։ Կան բազմաթիվ հյուրանոցներ, հյուրատներ, որոնք կարող են զբոսաշրջիկներին հանգիստ ընդունել»,- եզրափակեց Գևորգ Առաքելյանը։
Զվարթ Խաչատրյան