Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից.
««Արիության համար» մեդալով պարգևատրված ապագա բժշկի գլխավոր ծրագիրը լավ սովորելն է
Մարտում մասնագիտական գիտելիքներով, թե՛ մարդասիրությամբ աչքի ընկած ապագա բժիշկներն իրենց կեցվածքով օրինակելի են սերնդակիցների, հասարակության համար:
Կատարած սխրագործությունների, հայրենիքի պաշտպանության գործում ծառայողական պարտքը կատարելու համար Արցախի հանրապետության նախագահի հրամանագրով «Արիության համար» մեդալով պարգևատրված Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Նազանյանի ապագայի գլխավոր ծրագիրը լավ սովորելն է, մնացածը, ինչպես ասում են, ժամանակը ցույց կտա: Նազանյանների բժշկական ընտանիքի ներկայացուցչի համար մեդալի հետևում նախ հիշողություններ են, որոնք թրծել են իրեն որպես մարդ և ապագա բժիշկ:
«Պատերազմը սկսելու պահին դիրքերում էի, հանգստիս ժամն էր, նոր էի պառկել քնելու։ Ես որպես սանհրահանգիչ երկրորդ գծում էի։ Տղաները քնից հանեցին: Վեր կացա։ Երևի միակ օրն էր, որ ուժեղ վախեցել եմ, որովհետև չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Նույն օրը գնացել եմ վաշտից վիրավորներից մեկի հետևից առաջին գծի ուղղությամբ, բայց ընկել եմ թուրքերի գրաված տարածք ու հազիվ եմ դուրս պրծել։ Հաջորդ օրը վաշտիս հրամանատարը զոհվում է ձեռքերիս մեջ, մեր 20 հոգանոց խմբի կեսից ավելին վիրավորվում է, ստիպված եմ լինում նրանց հետ հոսպիտալ գնալ»,- պատմում է մերօրյա հերոսը:
Հոսպիտալում մի քանի օր բժիշկներին է օգնում: Հոկտեմբերի 1-ին նրան ուղարկում են Ջաբրաիլի զորամաս, այնտեղից էլ բժիշկներից մեկի հետ առաջնագիծ.
«Առաջնագծից մի քիչ հեռու բուժկետ հիմնեցի: 2-3 գիշեր բոլոր վիրավորներին առաջնագծից բերում էին ինձ մոտ, իսկ ինձ մոտից բժիշկները շտապօգնությունով գալիս և վիրավորներին տանում էին հոսպիտալ։ Հիմնականում բժիշկները շուտ էին գալիս, բայց լինում էր, որ վիրավորները 5-6 ժամ մնում էին այստեղ։ Ամենավատ գիշերը հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն էր. մի քանի տեխնիկա պայթեց հենց բուժկետի կողքին, միաժամանակ 10-12 վիրավոր ունեցա: Բժիշկները չէին կարողանում հասնել, որովհետև ճանապարհները ռմբակոծում էին։ Չէի էլ կարողանում կապվել նրանց հետ։ Հենց այդ գիշերն եմ հանդիպել այն սպային, որը 1 ու կես տարի հետո անունս իմացել է, համարս գտել, ու կազմակերպել, որ արժանանամ մեդալի: Ինքն էլ է վիրավորվել»:
Տիգրանն առանձնահատուկ հիշում է երկու անուն. բժշկական մայր կրթօջախի երկու ուսանողների, որոնք բռնեցին անմահության ուղին:
Արամ Ստեփանյանը, որը Տիգրանին սովորեցրել է վիրակապել, վերք մշակել, բուժակի աշխատանքին ծանոթացրել:
«Եթե Արամը չլիներ հաստատ ոչ մի բան չէի կարողանալու անել։ Նա ինձանից մի քիչ հեռու էր, ինքն էլ էր վիրավորներով զբաղված։ Երբ վիրավոր էինք ընդունում և ասում էր Արամն է վիրակապել, շատ էի ուրախանում. ուրեմն ողջ է Արամը: Նահանջելու ժամանակ զոհվեց: Մյուս հերոսը` Ջանիկ Նազարյանը՝ իմ օգնականը սանհրահանգիչ էր, այդ վատ գիշերներին նա ինձ շատ օգնեց և վիրավորների հարցում և մարտական ոգու: Շատ դրական մարդ էր, հետագայում էլ՝ ամբողջ պատերազմի ընթացքում մինչև իր զոհվելը շատ է ինձ օգնել իր լավատեսությամբ: Աշխատասեր մարդ էր, առանց մի վայրկյան տրտնջալու կատարում էր իր գործը»,- վերհուշն ամփոփում է Տիգրան Նազանյանը:
Նա մարտական գործողությունների ընթացքում ապահովել է 70-ից ավելի վիրավոր զինծառայողի բուժօգնություն, տասնյակից ավելի զոհերի դիեր է կարողացել տարհանել մարտական գործողությունների դաշտից:
Իր հրամանատար` գնդապետ Արտյոմ Պողոսյանի խոսքով՝ պատիվ է նման զինծառայողի հետ մարտական գործողությունների մասնակցելը»: