Հարցաշփոթ- ի երկրորդ զրուցակիցս Տաթևիկ Արշակյանն էր: Իր հետ խոսեցինք, զրուցեցինք: Իր հետ հաճելի էր զրուցել, խոսել տարբեր թեմաներից: Հատկապես հաճելի էր ՝ իրեն հարցեր տալն ու այն էլ ՝ հարցաշփոթ հարցեր: Հարցաշփոթ հարցերին տալիս էր հետաքրքիր ու նույնքան շփոթված պատասխաններ: Մեր հարցազրույցը ՝
Կարդացեք ու ծանոթացեք Տաթևիկի հետ.
ՀԱՐՑԱՇՓՈԹ
– Կխախտեի՞ք օրենքը ՝ սիրելիին փրկելու համար
– Միանշանակ, առանց մտածելու:
– Ի՞նչ հատկություն եք համարում էական, որպեսզի այն ունենան բոլոր մարդիկ
– Ազնվություն, խելք ու հումոր:
– Ինչպե՞ս հասկացաք, որ Ձմեռ պապը գոյություն չունի
– Դա դառը ճշմարտություն է: Ծնողներս երեսիս ասացին, ու վերջ փոքր կյանքին:
– Ո՞րն է Ձեր առաջին հիշողությունը Ձեր մանկության մասին
– Երևի 1993 թիվն էր, լույս չունեինք, ու վառված ճրագներ կային, որոնց լույսի ներքո էլ մայրս ասեղնագործում էր վարագույրներ ՝ մեծ տների համար: Նաև ՝ հիշում եմ մանկության ամենատարածված խենթություններից. բակի պտղատու ծառերից մրգեր գողանալ, ընկերների հետ հավաքվել, խաղալ, զվարճանալ:
– Եթե մի օր անմահ լինեիք, ի՞նչ կանեիք
– Արագ մեքենա կվարեի, մեկ է չէի մահանա, կարելի է մի անգամ ադրենալին զգալ:
– Կարո՞ղ էիք մեկ մարդու կյանք զոհաբերել ՝ հարյուր մարդու կյանք փրկելու համար
– Լավ մարդու հաստատ չէի զոհաբերի: Կամ ավելի ճիշտ երևի իմ կյանքը կզոհաբերեի ՝ հարազատներիս համար:
– Եթե կարողանաք հանդիպել անցյալից հայտնի մարդու, ու՞մ կհանդիպեք
– Չորս հոգու, ըստ հետաքրքիր լինելու աստիճանի նշեմ. Սալվադոր Դալիին, Ալեքսանդր Մակեդոնացուն, Ադոլֆ Հիտլերին ու Անաստաս Միկոյանին:
Advertisements
Report this ad
– Ի՞նչ եք կարծում, ո՞րն է երբևէ ստեղծված լավագույն գյուտը
– Կարծում եմ հեռախոսը, հեռախոսակապը: Հնարավորություն է տալիս մեր սիրելի մարդկանց հետ կապի մեջ լինել ՝ ցանկացած կետից:
– Ո՞ր երկիր եք ցանկանում այցելել
– Մարոկկո, Չեխիա, Իտալիա:
– Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ձեր ամենամեծ թերությունն ու ամենամեծ առավելությունը
– Ամենամեծ թերությունս այն է, որ ահավոր հավատով եմ, էմոցիոնալ ու վախենում եմ կորցնելուց: Առավելությունս այն է, որ նվիրվող եմ, ճկուն ու զարգացած, շատ մեծ ու բարի սիրտ ունեմ: Բայց երևի սա էլ է թերություն, պետք չի էսպես, որ լինի:
– Ո՞րն է ամենախենթ բանը, որ արել եք Ձեր ամբողջ կյանքի ընթացքում
– Արցախյան պատերազմի ժամանակ առանց ծնողներիս զգուշացնելու գնացել էի այնտեղ: Կարծում եմ էդ ամենավտանգավոր որոշումն է եղել: Պարտքի զգացում էր, բոլոր ընկերներս էնտեղ էին, չէի կարող ոչինչ չանել:
– Ձեզ քանի՞ տարեկան կտայիք, եթե Ձեր տարիքը չիմանայիք
– Կախված ժամանակից: Ես խենթ եմ, կարող եմ լինել 22 տարեկան ու հաջորդ պահին ՝ 70:
– Եթե կարողանաք ընդամենը մի բան փոխել աշխարհում, ո՞րը կլինի դա
– Այնպես կանեմ, որ պատերազմ չլինի:
– Անում եք այն ամենն, ինչին հավատու՞մ եք, թե՞ հավատում եք այն ամենին, ինչ անում եք
– Հավատում եմ այն ամենին, ինչ անում եմ:
– Ինչի՞ մասին եք ավելի շատ մտահոգվում. ճիշտ բաներ անե՞լ, թե՞ այն, ինչ անում եք, ճիշտ անել
– Այն, ինչ անում եմ, ճիշտ անել:
– Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենահիշարժան պահը
– 2015 թվականին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը:
– Կա՞ բան, որի համար ափսոսում կամ մեղավոր եք զգում
– Այո, մեկ– մեկ ծնողներիս կոպտելու առանց հետին մտքի: Նաև ՝ ափսոսում եմ մեկի հետ չափից շատ սիրով լինելու համար:
ԲԼԻՑ
– Իր, որ միշտ Ձեզ հետ է
– Հեռախոս:
– Ինչի՞ մասին երբեք չեք բարձրաձայնի
– Երբեք չեմ բարձրաձայնի անձնական կյանքիս մասին:
– Միտք, որն առաջինը ծագում է արթնանալիս
– ,,Ու՜ֆ, պիտի վեր կենամ…,,
– Արտահայտություն, որը հաճախ եք անում
– Ինչևէ, իսկ եթե առօրյայում ՝ կպի գործերիդ:
– Մի բան, որը երբեք չեք անի
– Երբեք չեմ բացառի ոչ մի բան:
– Ինչի՞ց եք վախենում
– Ծերությունից ու միջատներից (տառականներից):
– Թեմա, որի շուրջ անդադար կխոսեք
– Երաժշտություն, քաղաքականություն, կինո:
– Ի՞նչը տանել չեք կարողանում
– Ատամները ճտճտացնելով մաքրելն ու եղունգ կրծելը:
– Կյանքում ի՞նչը երբեք չեք ների
– Սիրելի մարդու սուտը:
– Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը
– Իմ ոլորտում որոշակի անուն ունենալը:
– Եվ վերջում, Ձեզ բնորոշեք մեկ բառով
– Խելագար…