Դատարկ ստամոքսով սուրճ խմելը կարող է հանգեցնել աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, շաքարախտի եւ սերոտոնինի մակարդակի նվազման, URA.RU-ին ասել է սննդաբան, դիետոլոգ, Ռուսաստանի սննդաբանների ասոցիացիայի անդամ Կրիստինա Պլոտնիկովան։
«Նման սովորության ամենաանվնաս հետեւանքը այրոցն է։ Աստիճանաբար կարող են զարգանալ մի շարք աղեստամոքսային հիվանդություններ կամ կարող են վատթարանալ գոյություն ունեցողները՝ գաստրիտը, էզոֆագիտը, պանկրեատիտը, պեպտիկ խոցը։ Սուրճը խթանում է մարսողությունը՝ օրգանական թթուների բարձր պարունակության հաշվին։ Դատարկ ստամոքսում հայտնվելով՝ այն հրահրում է մեծ քանակությամբ ստամոքսահյութի արտազատում, որը քայքայում է օրգանի պատերը»,- ասել է Պլոտնիկովան։
Նրա խոսքով՝ այս ըմպելիքը դատարկ ստամոքսով խմելը կարող է նաեւ շաքարախտի հանգեցնել։
Սննդաբանն ընդգծել է նաեւ, որ սուրճը խթանում է սթրեսի հիմնական հորմոնի՝ կորտիզոլի արտադրությունը։
«Սուրճի կանոնավոր օգտագործումը դատարկ ստամոքսին հանգեցնում է կորտիզոլի սինթեզի լուրջ խանգարման, իսկ սերոտոնինի արտադրությունը ճնշվում է։ Եթե բաժակը բաժակի հետեւից եք խմում դատարկ ստամոքսին, ապա մի զարմացեք, երբ էներգիայի փոխարեն ուժերի անկում եւ թուլություն զգաք»,- զգուշացրել է սննդաբանը։
Մասնագետը հավելել է, որ կոֆեինը խթանում է կենտրոնական նյարդային համակարգը, առաջացնում է կախվածություն, խախտում է քնելու ու արթնանալու մեխանիզմները։
news.am