Երեւանում ձմռան ամիսներին դժվար է գտնել մի փողոց, որտեղ «կարմիր գծերը» ձյունով ծածկված չեն եւ երեւում են: Սակայն հայտնի է, որ այդ ծառայության համար վարորդները վճարում են: Շատ վարորդներ անտեղյակ լինելով, որ ձյան տակ կարմիր գիծ է, կայանում են ու տուգանվում:
Ստացվում է, որ քաղաքապետարանը ձնամաքրման իր պարտավորությունը չի կատարում, սակայն դրա դիմաց գումար է գանձում: Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից armtimes.com-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է լուծվում այս հարցը:
Գեւորգյանը վստահեցրեց, որ եթե կարմիր գիծը չի երեւում տվյալ հատվածում՝ տուգանքի մասին ակտը չեղյալ է համարվում: Իսկ ինչպե՞ս է հնարավոր լինում պարզել, թե որ հատվածում է երեւում, որ հատվածում չի երեւում եւ համապատասխանաբար ակտ ուղարկել: «Բոլոր ակտերին լուսանկարներ են չէ՞ կցվում: Եթե լուսանկարի մեջ չի երեւում այդ գիծը, ո՞նց կարող են մարդկանց տուգանել: Եթե չի մաքրվել, դա պատճառ է հանդիսացել, որ մարդիկ չտեսնեն՝ անվավեր է համարվում»,- վստահեցրեց Արթուր Գեւորգյանը:
Փորձեցինք պարզել նաեւ, թե ի վերջո ինչո՞ւ չեն մաքրվում մայթերն ու ճամփեզրերը: «Կարմիր գծերը հիմնականում գլխավոր փողոցներում են, երկրորդականներում չկան: Եթե մաքրման աշխատանքներ իրականացնելիս փողոցներում մեքենա է կայանված՝ դու չես կարող մաքրել: Այ հենց այդ խանգարելու պատճառով է, որ անհնար է լինում մաքրել: Ֆիզիկապես դա հնարավոր չէ՝ եթե մեքենա է կայանված: Պատճառը դա է: Առավելեւս եթե այդ ծառայության համար վճար է գանձվում, ինչպե՞ս եք պատկերացնում, էդ գումարը չե՞նք ուզում գանձել»,- հարցին հարցով պատասխանեց Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: