Այսօր սեպտեմբերի 1-ն է, սակայն գազաբալոնների վկայագրման հարցը դեռ լուծված չէ, թեև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հուլիսի 1-ից քաղաքացիներին պարբերաբար հիշեցնում էր, որ օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: Իսկ լիցքավորելու դեպքում կայանն առաջին անգամ կտուգանվի 200.000 դրամով: Այսօր շատ վարորդներ սպասում են՝ խիստ ստուգում կիրականացնե՞ն, թե՞ կարող են չշտապել վկայագրման հարցում:
Մեզ հետ զրույցում վարորդները հայտնեցին, որ իրականում տեղ կա՝ ստուգում են, տեղ կա՝ ոչ:
«Զեյթունի «Մուլտի Գազ»-ում ով լիցենզիա չուներ՝ չէին լիցքավորում, նույնը՝ նաև 16-րդ թաղամասում, իսկ ով հերթագրված էր՝ համարներով ստուգում էին՝ իրականում հերթագրվա՞ծ է, թե՞ չէ, ապա նոր լիցքավորում էին: Սակայն վերջերս եղել եմ Վայոց ձորում, Սյունիքում, ոչ մի տեղ էլ չեն հարցրել վկայագրման կամ հերթագրման մասին»,- ասաց վարորդներից մեկը:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ թեև որոշումը կարևոր է, այստեղ առավել կարևոր է այն ճիշտ կիրառելը:
«Երբ քննարկում ենք, որ կա վերահսկողություն, պետք է հասկանանք, թե ինչի՞ նկատմամբ: Օրինակ, կա՞ վերահսկողություն, թե բալոնի անվտանգությունը ստուգողն իրականում ստուգո՞ւմ է, թե՞ թուղթ է գրում, որ ստուգել է: Այսինքն, երբ խոսում ենք ստուգումից՝ պետք է խոսենք ոչ թե որևէ տեղ ինչ-որ երևույթի առկայությունից, այլ նրանից՝ համակարգն աշխատո՞ւմ է, թե՝ ոչ: Սա կարևորագույն գործընթաց էր, որը պետք է գրագետ կազմակերպվեր, ինչպես նաև խիստ հսկողությամբ ու այնպես, որ մարդիկ փակուղու առջև չկանգնեին: Այսինքն, ստիպված արագ-արագ չգնային թղթի համար ու հերթեր գոյանային, և ամեն բալոնը պատշաճ ստուգում չանցնելով՝ անվտանգության թուղթ ձեռք բերեին, այլ պետք էր սկսել գործընթաց, որտեղ ոչ թե մարդը կգնար դեպի ծառայություն մատուցող, այլ ծառայություն մատուցող-մարդ համակարգված կապ կստեղծվեր, կունենայինք հերթագրման համակարգ, որը մարդուն հնարավորություն կտար առանց խոչընդոտի լիցքավորում իրականացնել, բիզնեսը օրվա կտրվածքով կհերթագրեր այնքան մեքենա, որքան տեսականորեն կարող էր սպասարկել»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Նա կարևորեց նաև առցանց հերթագրման ժամանակ մի քանի պարամետր նշելու հանգամանքը, օրինակ, այն, թե քանի՞ տարվա բալոն է, վերջին անգամ ե՞րբ է ստուգում անցել, և ըստ դրա՝ կգնահատվեր դրա ռիսկը:
«Սա կարևոր գործընթաց է, պետք է պատշաճ իրականացվի, որովհետև միտված է անվտանգությանը, պետք չէ ամեն պայթյունից, դժբախտ պատահարից հետո հիշել, որ ունենք հիմնախնդիրներ, որոնք պետք է լուծենք: Սակայն պետք է միջոցառումներ ձեռնարկենք, որոնք ոչ թե խնդիրների լուծման իմիտացիա ստեղծելու համար են, այլ անվտանգություն ապահովելու: Անհրաժեշտ է հսկել նրանց, ովքեր առանց հերթագրման լիցքավորում են, ինչպես նաև տեղեկանքը, որ գազաբալոնը զննվել է՝ պետք է տրամադրվի պատշաճ ձևով: Այսինքն, գործ ունենանք ոչ թե թղթի վաճառքի, այլ անվտանգության իրական երաշխիքների ձեռքբերման հետ: Ես ոչ թե փաստում կամ ասում եմ, որ այդ գործընթացը կա, այլ ընդամենն արձանագրում եմ, որ դրա նկատմամբ հսկողություն չկա, իսկ թե ինչ է արվում՝ տեղեկություն չկա»,- եզրափակեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:
Անի Կարապետյան